Պատմության ամենից երկարատեւ եւ ամենից կարճատեւ Կոնկլավները

Պատմության ամենից երկարատեւ եւ ամենից կարճատեւ Կոնկլավները

Ինչպես հայտնի է, մայիսի սկզբին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականները՝ Կարդինալների դասը, կհավաքվեն Սուրբ Աթոռի Սիքստինյան կապելլայում՝ ընտրելու Սուրբ Պետրոսի Աթոռի նոր գահակալին՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու նոր Պապին։ Այդ ժողովը պաշտոնապես կոչվում է Կոնկլավ։ Կաթոլիկ եկեղեցու եւ հատկապես՝ Կոնկլավների պատմությունն ուսումնասիրելիս, բավական հետաքրքիր դրվագներ են բացահայտվում։ Այսպես. եղել են Կոնկլավներ, որոնք տեւել են մի քանի օր կամ մի քանի ժամ, սակայն եղել են Կոնկլավներ, որոնք տեւել են տարիներ։ Ներկայացնում ենք պատմության ընթացքում տեղի ունեցած ամենից երկարատեւ եւ ամենից կարճատեւ Կոնկլավները․ 
Վիտերբոյի Կոնկլավ՝ Իտալիա․ տեղի է ունեցել 1268-1271 թթ։ Կարդինալների մեջ կային խորը տարաձայնություններ։ Հատկապես ընդհանուր հայտարարի չէին կարող գալ իտալացի եւ ֆրանսիացի կարդինալները։ Իրավիճակն իրոք փակուղային էր։ Ի վերջո, տեղի մագիստրատները փակում են կարդինալներին տան մեջ, ապա քանդում վերջինիս տանիքը, իսկ հետո էլ կարդինալներին միայն հաց ու ջրով են պահում, որպեսզի այդ ճնշման ներքո, վերջիններս կարողանան ընդհանուր հայտարարի գալ եւ Պապ ընտրել։ Ի վերջո, ընտրվում է Գրիգորիուս 10-րդ Պապը։
Լիոնի Կոնկլավ՝ Ֆրանսիա․ տեղի է ունեցել 1314-16 թթ։ Ձգձգման պատճառն էլի ֆրանսիացի եւ իտալացի կարդինալների միջեւ եղած քաղաքական տարաձայնություններն են։ Երկու տարի եւ երեք ամիս տեւած քննարկումներից հետո, ի վերջո ընտրվում է Յոհաննուս 22-րդ Պապը։ Այս Կոնկլավի գեղարվեստական նկարագրությունը կարելի է գտնել Մորիս Դյուրոնի «Անիծյալ արքաներ» շարքի վեպերից մեկում։
Կոնստանցի կոնկլավ՝ Կոնստանցի տաճար․ 1415-17 թթ։ Ձգձգման պատճառը եղել է այն, որ Պապական Աթոռին հավակնել են մի քանի ազդեցիկ կարդինալներ։ Եկեղեցում այդ պատճառով խոր պառակտում էր առաջացել։ Ի վերջո, երկու տարվա քննարկումներից հետո, ընտրվում է Մարտինուս 5-րդ Պապը, ով եւ վերջ է դնում Եկեղեցում եղած մասնատվածությանը։

Այժմ ներկայացնենք ամենակարճատեւ Կոնկլավները

1503 թվականի Կոնկլավը տեղի է ունեցել հոկտեմբեր ամսին։ Տեւել է մի քանի ժամ։ Հռոմի Պապ է ընտրվել Յուլիուս 2-րդը։ Կարդինալ Ջուլիանո դելա Ռովերեն ազդեցիկ եկեղեցական էր, ուներ լայն ճանաչում։ Միաժամանակ՝ նրա հզոր հակառակորդ Չեզարե Բորջիան ծանր հիվանդ էր ու Կոնկլավի բացումից մի քանի ժամ անց արդեն կարդինալ դելա Ռովերեն ընտրվում է որպես Հռոմի Պապ՝ Յուլիուս 2-րդ անունով։ 

1939 թվականի Կոնկլավը տեղի է ունեցել մարտի 1-2-ին։ Հռոմի Պապ է ընտրվել այս Կոնկլավի արդյունքում Պիո 12-րդը։ Կարդինալ Էուջենյո Պաչելին Պիո 11-րդ Պապի օրոք զբաղեցնում էր Սուրբ Աթոռի Պետքարտուղարի պաշտոնը եւ ակնհայտ առաջատարն էր Սուրբ Պետրոսի Աթոռի հավակնորդների ցանկում։ Նա ստանում է ձայների մեծամասնությունը արդեն երրորդ քվեարկության ժամանակ։

2005 թվականի Կոնկլավը տեւել է երկու օր՝ ապրիլի 18-19-ին։ Պապ է ընտրվել Բենեդիկտոս 16-րդը։ Գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռաթցինգերը հայտնի էր որպես հմուտ աստվածաբան։ Կարդինալների կոլեգիայի նախագահն էր։ Չորս քվեարկության արդյունքում նա արագ ընտրվել է Հռոմի Պապ։