«Հրապարակ». Այս անգամ էլ՝ ջրից չոր

«Հրապարակ». Այս անգամ էլ՝ ջրից չոր

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։ «Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, եւ դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի հարուցվի»,- ավելացրեց նա։ Ըստ նրա, մամուլի հրապարակումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք հանձնաժողովին հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացնել, հենց այդ պատճառով էլ շարունակում են ուսումնասիրել հայտարարագիրը՝ դրա համար 90-օրյա ժամկետ ունեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սեւանա լճի «White Shorja» լողափին առանց դիմակների փարթիին պատգամավորի մասնակցության փաստը տեւական ժամանակ քննարկվում էր։ Խնդրահարույցը ոչ միայն զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն էր, այլեւ այն, որ լողափը պատկանում է պատգամավորին, թեեւ թղթերով ոմն Արտյոմ Մելքումյանինն է, որն աշխատել է Սարգսյաններին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում: Այսինքն, պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի իրավունքը չունի։

Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում կասկածելի տվյալներ են հայտնաբերվել՝ տարբերություն օրինական եկամուտների եւ հայտարարագրվածի միջեւ։ Հայտնի միջադեպից մեկ ամսից ավելի է անցել, եւ հանձնաժողովը պետք է ավարտած լիներ ուսումնասիրությունն ու վարույթ հարուցեր, ինչը չի արվել։