Թարս ժողովուրդ ենք

Թարս ժողովուրդ ենք

Մենք թարս ժողովուրդ ենք` երբ պետք էր խաղաղասեր լինել, ամեն գնով պատերազմից խուսափելով` խաղաղության պայմանագիր ու հարցի խաղաղ կարգավորում պահանջել, մենք ռազմատենչ հայտարարություններ էինք անում: 30 տարի շարունակ «ծովը մեր ծնկից» էր, մեզ թվում էր` միշտ հաղթած ենք դուրս գալու ցանկացած պատերազմից՝ եւ մեր առյուծ զավակները` փոքր կորուստներով, միշտ շանսատակ են անելու մեր թշնամիներին: Իշխանությունը միշտ լինելու է դիվանագետ, միշտ կարողանալու է կանգնեցնել պատերազմները եւ իրավիճակը շրջել մեր օգտին, ռուսը միշտ լինելու է մեր կողքին եւ կարողանալու է մեր հակառակորդների ախորժակը զսպել: Այն ժամանակ, երբ հաղթող էինք եւ բոլոր առումներով առավելություն ունեինք մեր հակառակորդի նկատմամբ, իսկ նա խեղճացած` խնդրողի դերում էր, ազգովի հոխորտում էինք` ոչ մի թիզ հող, ոչ մի զիջում, Աղդամը մեր հայրենիքն է, հող հանձնողին կհանձնենք հողին:

Պոռոտախոսում էինք եւ զրոյական կետից ու նոր պատերազմից խոսողների բերանին չէինք գալիս, չէինք պահանջում լուծել արցախյան հարցը, օգտվել Մինսկի խմբի համանախագահների բարի տրամադրվածությունից ու առաջարկներից եւ վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ամրագրել Արցախի անկախությունը եւ ստանալ այն, ինչ հնարավոր էր ստանալ մինչեւ 2020 թվականը: Իսկ հիմա, երբ պարտվել ենք, կորուստներ ենք ունեցել եւ հայտնվել ոչ շահեկան վիճակում, փոխանակ ռեւանշի ու պատերազմի մասին մտածենք, փոխանակ իրար ուժ ու ոգի փոխանցենք, որ ամեն ինչ ավարտված չէ, շարունակ խոսում ենք խաղաղության պայմանագիր կնքելու, խաղաղություն մուրալու, պատերազմը կանխելու մասին: Այս իշխանությունը կարողացավ մի քանի տարում հաղթական ու անվախ ազգից մեզ վախկոտ ազգ եւ պատերազմից սարսափող հանրության վերածել: