Ուսուցիչներին անցավ

Ուսուցիչներին անցավ

Կատաղած ու մարդ ուտող ոստիկաններ միշտ են եղել` 2008-ին, 2004-ին եւ դրանից առաջ: Ոստիկանություններում ու քննչականներում էլ են միշտ մարդ խոշտանգել. Հոկտեմբերի 27-ի մեղադրյալների խոշտանգումների մասին հատորներով հոդվածներ են գրվել եւ ոչ միայն բուն հանցախմբի, այլեւ բոլոր նրանց, ում կասկածում էին օժանդակելու մեջ եւ ում 6-7 ամսվա կալանքներից հետո բաց թողեցին: Հայաստանը երբեք ցուցարար ծեծող դաժան ոստիկանների, խոշտանգումով ցուցմունք կորզող քննիչների, այդ ամենի վրա աչք փակող դատավորների պակաս չի ունեցել: Եվ ոստիկանապետով, ԱԱԾ տնօրենով, փորձագետով ու դատավորով` միշտ ծառայել են գործող իշխանություններին, ավելի ճիշտ` մեկ անձի: Եվ այս բոլոր ծառայողների դաժանության, անօրինականության, անամոթության, լկտիության աստիճանը պայմանավորված է եղել բացառապես երկրի առաջին դեմքի որակներով:

Եթե երկրի առաջին դեմքը դաժան է, հանձնարարում է, որ «արյան գետեր» հոսեն, զենք ու մահակ կիրառեն ժողովրդի դեմ, գործեր կարեն եւ անօրինական կալանքներ տան իր չսիրած մարդկանց։ Հանձնարարություն կատարող ոստիկանը, քննիչը, դատավորն ու ԱԱԾ տնօրենը պատրաստ են կատարել ցանկացած հանձնարարություն, չնչին բացառությունները չհաշված: Աչքիս առաջ է դատարանի նախագահի դեմքը, ով բողոքում էր գործող նախագահից, որը թույլ չէր տալիս Պապլավոկի «հերոս Կուկուին» մի քանի տարվա ազատազրկում տալ, եւ շատ լավ հիշում եմ Նիկոլ Փաշինյանին 1 տարի տված դատավորի արդարացումները, թե` ինձ ստիպում էին 3 տալ, վերեւից իջած հանձնարարականը չեմ կատարել: Բայց այս հին կադրերը խամրում են այն ամենի մոտ, ինչ հիմա հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է հանձնարարում. ծեծել, ցրել, կալանավորել, պատժել, վարկաբեկել ու ստորացնել: «Աշակերտն» իր «ուսուցիչներին» գերազանցեց: