Անմեղ մարդու կալանավորումը կոռուպցիայի դեմ պայքար չէ

Անմեղ մարդու կալանավորումը կոռուպցիայի դեմ պայքար չէ

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը նրա պաշտպանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան՝ մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։ 

«Նախորդ ուրբաթ օրը մենք մուտքագրել ենք վերաքննիչ բողոքը, հիմա սպասում ենք, որ մակագրվի որեւէ դատավորի, որ հնարավորություն ունենանք մեր դիրքորոշումները եւս մեկ անգամ ներկայացնելու։ Նույնիսկ միջնորդություն ենք ներկայացրել, որ այս անգամ, հաշվի առնելով գործի կարեւորությունը, նշանակությունն ու ծավալները, նաեւ հաշվի առնելով, որ այնտեղ կան դրվագներ, որոնց բացատրությունը կարող է տալ պարոն Սիմոնյանը, միջնորդել ենք, որ այս անգամ քննությունն իրականացվի ոչ թե գրավոր, այլ՝ բանավոր ընթացակարգով, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն»,- պատասխանեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը մեղադրվում է Արսեն Թորոսյանի օրոք որպես փոխնախարար պաշտոնավարելու ընթացքում պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու մեջ, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանին հարցրինք․ հնարավո՞ր է, որ միջնորդեն՝ վերաքննիչ բողոքի քննությունը դռնբաց անցկացնել (նոր Քրեական դատավարության օրենսգիրքն այդ հնարավորությունը տալիս է)։ «Դռնբաց դատական նիստի կարիք ես չեմ տեսնում, որովհետեւ քննությամբ արծարծվում են բազմաթիվ հարցեր, բազմաթիվ անձանց կամ անձանց մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ, այդ պատճառով չէի ցանկանա վնասել նախաքննության գաղտնիության սկզբունքին, նման միջնորդությամբ հանդես չեմ գա, բայց, ամեն դեպքում, միջնորդություն ներկայացրել ենք բանավոր ընթացակարգով քննություն անելու վերաբերյալ, որպեսզի դատարանում նախագահող դատավորի մոտ էլ մեր պատճառաբանությունները ներկայացնենք, ինչպես նաեւ՝ Գեւորգ Սիմոնյանը հնարավորություն ունենա տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին բացատրություններ տալ դատարանին։ Ամեն դեպքում, մենք մնում ենք մեր նախկին դիրքորոշմանը, որ նույնիսկ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չէ, ու մենք հաստատապես նշել ենք ե՛ւ դատարանում, ե՛ւ մեդիայի հետ մեր շփումներում, որ 2 հազար էջանոց փաստաթղթերի փաթեթ է ներկայացվել միջնորդությանը կից, որոնցից որեւէ մեկում Գեւորգ Սիմոնյանի առնչությունը, տեսեք՝ չեմ ասում մեղավորությունը, առնչությունը ենթադրյալ արարքին հիմնավորող որեւէ ապացույց գոյություն չունի։ Բնականաբար, Գեւորգ Սիմոնյանը որեւէ կերպ պաշտոնեական դիրքը չի չարաշահել։ Անձը պաշտոնեական դիրքը կարող է չարաշահել 2 կերպ․ կա՛մ մի բան կատարի, որը չպետք է կատարեր, կա՛մ մի բան չի կատարել, որը պետք է կատարեր։ Մենք խնդրում ենք, որ ասեն, թե այս 2-ից որ տարբերակն է․ անձը մի բան կատարել է, որը չպիտի՞ կատարեր, թե՞ մի բան չի կատարել, որը պիտի կատարեր։ Մարդիկ չեն ուզում պատասխանել նույնիսկ այդ հարցին»,- պատասխանեց պաշտպանը։

Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությանը՝ ասելով, որ պաշտոնյայի ձերբակալությունը խորհրդանշում է իրենց իշխանության հավատարմությունը կոռուպցիայի դեմ պայքարին։ Պաշտպանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչպե՞ս է ազդում Փաշինյանի այս հայտարարությունը նախաքննության ընթացքի վրա։ «Ամեն դեպքում, օբյեկտիվ իրականությունը ժամանակի ընթացքում բացահայտվելու է, դա չի քննարկվում։ Պարոն վարչապետը, ուրեմն, առհասարակ ցանկություն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու՝ նման հայտարարություններ կատարելով, բայց դա դեռ ուղիղ իմաստով չի նշանակում, որ ցանկացած քրեական վարույթ, որը նախաձեռնվել է, արդյունավետ պայքար է կոռուպցիայի դեմ, մանավանդ, երբ այդ պայքարի քողի տակ անմեղ մարդիկ հայտնվում են կալանավայրերում, դա դեռ չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եթե հետագայում պարոն Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, պարզվի, որ պարոն Սիմոնյանը կոռուպցիոն սխեմաների մեջ չի գտնվել, նման արարք չի կատարել, չի՞ ստացվում, որ պարոն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող այս գործընթացները կոռուպցիայի դեմ պայքարի հետ որեւէ աղերս չունեն»,- պատասխանեց Խաչատրյանը։