Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, անկախ նրանից, թե երբ կավարտվի

Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, անկախ նրանից, թե երբ կավարտվի

Մի քանի օր է՝ Ռուսաստանը լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ազատամարտիկ, նկարիչ Աշոտ Ավագյանի կարծիքով, այս պատերազմով նոր փուլ սկսվեց, եւ, ինչպես շատերն են նկատում, մտնելու ենք երկբեւեռ կամ եռաբեւեռ աշխարհակարգ, որտեղ Ռուսաստանը դառնալու է այդ գերտերություններից մեկը․ «Դեռ պարզ չէ՝ միութենական պետություն կստեղծի, թե ոչ, շատ հավանական է, որ միութենական ձեւաչափով էլ լինի, բայց հիմա Ռուսաստանն իր առաջին խնդիրը կատարում է, որ իրեն ճանաչեն որպես գերտերություն»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մարտավարությանը՝ ռազմական առումով, Ավագյանն ասում է, որ նույնն է, ինչ մեզ հետ անում էր թշնամին 44-օրյա պատերազմում․ «Դա հին եւ հայտնի տակտիկա է ՝ փչացնում են ենթակառուցվածքները, ռազմական օբյեկտները, հարվածեցին նրանց ՀՕՊ-ին։ Պատերազմն իր օրենքներն ունի, ու այդ օրենքներից մեկը սա է, որով առաջ շարժվեցին»։
Թե ինչպիսին պետք է լինի այս օրերին Հայաստանի պահվածքը, դիրքորոշումը, Աշոտ Ավագյանը կեսլուրջ-կեսկատակ նկատում է. «Հայաստան կա՞, որ պահվածք ունենա․․․ հեսա կկանչի էն գյադային, ինչ կասի, սա խելոք-խելոք կլսի, որովհետեւ տարիուկես է՝ մենք այլեւս գործոն չենք, ոչ մի բան ենք․․․»։

Այս օրերին շատ են զուգահեռներ տանում Զելենսկու եւ Փաշինյանի, Ուկրաինայի ու Հայաստանի միջեւ, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ է տեսնում։ «Դե, նույն տեղից ծնված երեւույթ են՝ Արեւմուտքի ծնունդ են, ինչպես որ ժամանակին Սահակաշվիլին էր, նույն բանը Լիբիայում եղավ, նույնը փորձեցին անել Եգիպտոսում, նույն տեխնոլոգիաներն օգտագործեցին, սրանք եկան իշխանության, եւ իրենք իրենց հարցերը փորձեցին լուծել, իսկ ռուսները հանգիստ նստած սպասում էին»։

Աշոտ Ավագյանի կարծիքով, դժվար թե այս պատերազմն ինչ-որ ձեւով ազդի եւ իրավիճակ փոխի Սյունիքում․ «Այս պատերազմը կարող է նույնիսկ ինչ-որ ձեւով առկախել միջանցքի հարցը, որովհետեւ Ուկրաինայում, որպես այդպիսին, խեղճացավ նաեւ Թուրքիան։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի վրա տնտեսապես է անդրադառնալու՝ ավելի վատ ենք ապրելու, թեպետ սրանից այն կողմ էլ ո՞ւր․․․, բայց այդ պատժամիջոցները տնտեսական ասպարեզում Ռուսաստանի վիճակը վատացնելու են, ու քանի որ մենք էլ կապված ենք Ռուսաստանի հետ, բնականաբար, նաեւ մեզ վրա է ազդելու, ավելի է սրվելու սոցիալ-տնտեսական վիճակը»։  

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի կարծիքով, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, անկախ այն բանից՝ պատերազմը մեկ շաբաթի՞ց կավարտվի, թե՞ մեկ ժամից․ «Դրանից հետո էլ ուրիշ պատերազմ է սկսվելու, բոլոր պատերազմները մի նպատակ հետապնդում են եւ անպայման իրենց հետեւանքներն են ունենում։ Գոնե մենք այն ժողովուրդն ենք, որ աչք չենք բացում պատերազմներից՝ մեզ մոտ թարմ է ամեն ինչ։ Ու շատ նմանություններ կան նաեւ մեր 44-օրյա պատերազմի հետ։

Ամենամեծ նմանությունը, որ երկու տեղում էլ՝ Զելենսկի, թե Փաշինյան, համարյա նույն մարդն է՝ նույն հանձնարարություններով, նույն քաղաքական մտքի տեր, երկուսն էլ պոպուլիզմի հետեւանքով եկած մարդիկ են, ու բնական է, որ գործողությունների այս նմանությունը ջրի 2 կաթիլի պես նման են իրար․ այդ հայտարարությունները, ժողովրդին դիմելը․․․, բայց Ուկրաինայում մի քիչ ավելի պատրաստված էին։ Հետո՝ ամբողջ Ուկրաինան դարձել էր արեւմտյան երկրների զինանոցը, եթե տոննաներով այդքան զենք մի տեղ հավաքվում է, նշանակում է՝ առանց պատերազմի հնարավոր չէ։ Ես նայում եմ մեր պատերազմին, մեր զինվորների կեցվածքին, մեր ժողովրդի դիմակայությանը 44 օր, միաժամանակ՝ անտերության մատնված լինելը, ու հիմա Ուկրաինայում երբ դիմակայելու այդ ուժը փոշիացվեց, եւ Արեւմուտքի կողմից այդքան զենք ու զինամթերքով ապահովված Ուկրաինան 2 օրվա մեջ չոքեց։ Այ, սա է նաեւ մեր տարբերությունը»։

Ս․ Ղարաբաղցյանը չգիտի, թե ինչպես կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա, քանի որ նույն քաղաքական ծիրի մեջ ենք, հատկապես որ մեզ մոտ էլ դեռ պատերազմն ավարտված չէ, եւ թե՛ ռուսական, թե՛ թուրքական ազդեցությունն առկա է այս տարածաշրջանի վրա․ «Բայց այդ վախը կա, որովհետեւ մենք դարպասները բացել ենք նրանց առաջ ու մինչեւ անգամ պատերազմից հետո էլ առիթ ենք տվել՝ բանակի թուլությունը, այս բզկտվածությունը, անհամերաշխությունը, այսինքն՝ մենք բոլոր առումներով մեր դռները բացել ենք թշնամու առաջ։ Սա ամենամեծ ողբերգությունն է մեզ համար, պարզապես Ուկրաինայի դեմ այս մեծ պատերազմը շատ բան շեղել է մեզանից, բայց դա չի նշանակում, որ մենք այս խաղից դուրս ենք»։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա․ «Ծիծաղելի է Ռուսաստանի դեսպանատան առաջ  ցույց անել, ուկրաինական դրոշի վրա պառկել, երբ ընդամենը մեկ տարի առաջ նույն այդ տեսակը արցախյան պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ բան էր անում՝ էլի մեղավորներ էր ման գալիս Ռուսաստանում, բացի մեր միջից։ Երբ մարդկությունն իր բարոյականությունը կորցնում է, այս պատերազմներն իր համար անեծք ու պատիժ են դառնում։ Ոչ մեկին մարդկային զոհերը չեն հետաքրքրում, միայն այն, թե այս պատերազմի հետեւանքով տնտեսական ինչ սանկցիաներ կկիրառվեն, դոլարն ինչքան կդառնա․․․ այսինքն՝ անկախ քեզանից, քո մեջ մարդկային շատ բաներ են պակասում, մենք էլ ենք չարացել մեզ չօգնելու, մեզ խաբելու համար, էլ չենք մտածում, որ դրա մեղավորը մենք ենք, մենք ենք թույլ տվել, որ մեզ խաբեն, չարացնեն»։