Չեմ ուզում արդարացումներ փնտրել․ Ֆոնսեան՝ «Յունայթեդից» կրած 6-2 հաշվով պարտության մասին

Չեմ ուզում արդարացումներ փնտրել․ Ֆոնսեան՝ «Յունայթեդից» կրած 6-2 հաշվով պարտության մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է  Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած խայտառակ 6-2 հաշվով պարտությանը։

«Միանշանակ է, որ սա շատ ծանր ու ցավալի պարտություն էր մեզ համար։ Մենք կորցրել էինք  երեք ֆուտբոլիստի  ու  այլևս ոչ մի փոխարինում չէր մնացել: Ամադ Դիավարայի և Քրիս Սմոլինգի համար դժվար էր, բայց ես չէի կարող նրանց փոխարինել: Իմ կարծիքով, մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց երկրորդին չդիմացանք: Դժվար է բացատրել, թե ինչպես այդպիսի առաջին խաղակեսից հետո հնարավոր եղավ երկրորդում խաղալ այսպես՝  առանց ագրեսիվ խաղի, շատ սխալներով, դիրքի կորստով:

Իրականում լավ է, որ մենք հասանք կիսաեզրափակիչ, իսկ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում: Մենք ապացուցեցինք, որ այս թիմը կարող է մրցակցել: Բայց երկրորդ խաղակեսում մենք ամեն ինչ սխալ արեցինք: Չեմ կարծում, որ տեղի է ունեցել մարտավարական սխալ: Առաջին կեսում մենք գործնականում թույլ չտվեցինք, որ «Յունայթեդը» ինչ-որ վտանգավոր գրոհներ ձեռնարկի։ Չի կարելի ասել, թե երկրորդ խաղակեսում չենք փորձել ամուր պաշտպանություն կառուցել, բայց պիտի հասկանանք վերջապես, որ  երբ թիմը գնդակ է ստանում, նրանք պետք է փորձեն գրոհել: Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել, ես միշտ առաջինն եմ ստանձնում պատասխանատվությունը, և, իհարկե, չեմ ուզում խուսափել այդ պատասխանատվությունից»,- ասել է մասնագետը։