ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ Հայաստանում

ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ Հայաստանում

Այս օրերին աչքի պոչով հետևելով ԱՄՆ-Իրան նոր թափ առնող հակամարտության վերաբերյալ հայկական մեդիատիրույթում ծավալվող քննարկումներին՝ կարող եմ ասել, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը ոչ պակաս դրամատիկ երանգներով ծավալվում է նաև Հայաստանում։ Եվ դա տեղի է ունենում փորձագետների, քաղաքագետների կամ, այսպես կոչված, իրանագետների մակարդակով։ Ի դեպ, ուշագրավ է, որ Իրան-ԱՄՆ կոնֆլիկտի մասին խոսում, կարծիք են հայտնում հենց «իրանագետները», ոչ թե, ասենք, «ամերիկագետները», եթե կան այդպիսիք։ Ի վերջո, ինչո՞ւ եք անտեսում այդ հզոր արևմտյան պետությանը, որի «գծով» ոչ մի «գետ» չունենք, միայն իրանագետներ են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ ամերիկամետ իրանագետներ և իրանամետ կամ իրանառուսամետ իրանագետներ։ Այս երկու խմբերի գրառումներին, արտահայտած տեսակետներին, բնականաբար, ուշիուշով հետևում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որ վերջում հետևություն անի՝ որքան արդյունավետ են ԱՄՆ շահերը ջանասիրաբար առաջ տանում ամերիկյան գրանտներով սնվող փորձագետներն ու փորձագիտական կենտրոնները, և պարզի՝ ովքեր են այն քաղաքական կամ փորձագիտական շրջանակները, որոնք ՀՀ կառավարությանը հրահրում են քայլեր ձեռնարկել, հայտարարություններ անել ավելի շատ հօգուտ Իրանի և ըստ այդմ՝ հօգուտ Ռուսաստանի և ընդդեմ ԱՄՆ-ի ու Թրամփի։

Դրա համար հիմա ամերիկամետ իրանագետները սկսել են ակտիվորեն լոբբինգ անել Թրամփի «ճիշտն» ու մատնանշել Սուլեյմանիի թույլ տված «սխալները», որոնց համար նա պատժվեց Թրամփի ձեռամբ, որպեսզի հայկական մեդիատիրույթում ամեն ինչ պրոիրանական և հակաամերիկյան չլինի։

Հ․Գ․ Մի բան էլ այսօր ուժայինների խորհրդակցություն անցկացրած կառավարության ղեկավարին՝ պարոն վարչապետ, մի հատ կողմնորոշվեք՝ ԱՄՆ-ն և Իրանը մեզ համար բարեկամակա՞ն երկրներ են, թե՞ հենց բարեկամ երկրներ՝ առանց «ական»-ների։