Այս գործի դատավորը, դատախազն ու քննիչը բարոյապես հաշմանդամներ են

Վերջին շրջանում ամենից քննարկվող թեմաներից մեկը զոհվածի մոր՝ Գայանե Հակոբյանի կողմից վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իբրեւ թե առեւանգելու միջադեպն է եւ որդեկորույս մոր կալանավորումը, որը մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում։ Իշխանական շրջանակները պնդում են, թե Հայաստանն օրենքի երկիր է, եւ հերոսածին մայրը պետք է պատասխան տա իր գործած «մեղքի»` Աշոտին իր ավտոմեքենան հրավիրելու համար, եւ ահա թե ինչու խիստ անհրաժեշտ է, որ նա մնա կալանքի տակ: Իհարկե, ցանկացած հանցագործ պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն այս պարագայում ո՞վ է հանցագործը՝ նա՞, ով հղի կնոջը վրաերթի է ենթարկում, սպանում ու հեռանում` չենթարկվելով որեւէ պատասխանատվության, թե՞ նա, ով որդեկորույս մայրերին է Եռաբլուրում ծեծում ու հայհոյում՝ չարժանանալով որեւէ կշտամբանքի: Իր կյանքի ընթացքում մեկուկես տարի կալանքի տակ գտնված Փաշինյանը, ով համարում է, որ իրեն անարդարացիորեն են 2009-ին կալանավորել, կարծես փորձում է վերժ լուծել հասարակությունից եւ մեծ թվով անմեղ մարդկանց պահել բանտերում։
Եվ որտե՞ղ է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ո՞րն է նրա գործառույթը, ի վերջո՝ ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում ՄԻՊ-ը, որը մի անորոշ տեքստ է տարածել այս թեմայով, որից ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ասում նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Ի վերջո՝ օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի՞, թե՞ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի: «Հրապարակը» զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկին Ալավերդյան, ՄԻՊ Անահիտ Մանասյանը Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի մասին մի հայտարարություն է արել, որից չեզոքություն է հորդում, եւ այն ընթերցելիս դժվար է կռահել, թե տիկին ՄԻՊ-ն ինչ է ցանկանում ասել առհասարակ: Ի վերջո, ինչի՞ մասին է ասել ՄԻՊ-ը:
- Նախ եկեք խոսենք այն մասին, թե սահմանադրական նորմի խախտումով նշանակված մարդու իրավունքների պաշտպանն ինչպես կարող է իրականացնել ՄԻՊ-ի գործունեություն: Անձը, որը բոլորովին հայտնի չէ, հասարակությունը ծանոթ չէ նրա գործունեությանը, ինչպե՞ս կարող է ՄԻՊ աշխատել: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է օրենսդրությանը համապատասխան գնահատականներ տա, կատարի իր պարտականությունները հանրության առաջ: Նա պետք է ազնիվ լինի ու հետեւողական: Նա ունի պարտականություններ:
- Նա ազնիվ չէ՞:
- Նա ունի պարտականություններ` հասարակության առաջ, ոչ թե իր քաղաքական առաջնորդի:
- Եթե Հայաստանն այսօր ունենար մարդու իրավունքների իրական պաշտպան, որն իշխանության իրավունքները պաշտպանելու փոխարեն իսկապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվեր, ինչպես, օրինակ, Դուք, Արման Թաթոյանը, ապա այս պարագայում ի՞նչ պետք է աներ:
- Դե, ինչպե՞ս էինք մենք աշխատում: 2004 թվականին ակտիվ քաղաքական պրոցեսներ էին տեղի ունենում, ձերբակալվածներ կային, դեռեւս կար «վարչական կալանք» ասվածը, հարյուրավոր մարդիկ էին կալանավորվում, իսկ ես անմիջապես դեպքի վայրում էի հայտնվում եւ հնարավորինս` օրենքի սահմաններում կարողանում էինք բազմաթիվ, եթե չասեմ՝ հարյուրավոր, մարդկանց օգտակար լինել: Անգամ կալանքներից հետո հետեւողական էինք, ես՝ անձամբ, Ռոբերտ Քոչարյանին եմ այցելել եւ բացատրել, թե ինչ տեսակ անարդարություններով են մարդիկ վարչական կալանքի ենթարկվել ու դրանից հետո բազմաթիվ մարդիկ ազատ են արձակվել: Եվ, գիտեք ինչ, այստեղ առանձնապես մի մեծ խիզախության հարց չկա, գարշելի ու վատ երեւույթների մասին ՄԻՊ-ը պետք է բարձրաձայնի։ Ուղղակի խայտառակություն է հերոսի մորը կալանավորվելը, խարան մեր պետության համար: Երբեք, ոչ մի ղեկավարի ժամանակ չի եղել նման բան, այս պարագայում բարոյականության մասին խոսելն անգամ տեղին չէ, բարոյականության մասին խոսում են նրանց հետ, ովքեր գիտեն, թե դա ինչ է: Այս գործի դատավորը, դատախազն ու քննիչը բարոյապես հաշմանդամներ են: Նրանք ուղղակի չունեն բարոյականությունն ընկալելու մարմինը: Ամբողջապես ոտնահարվել է Սահմանադրությունը` բոլոր նորմերով հանդերձ: Հերոսի մորը կալանավորելու այս ամբողջ գործընթացը դատապարտում եմ, այն ամբողջությամբ ստի եւ կեղծիքի վրա է կառուցված: Չի եղել այն դեպքը, որի պատճառով պետք է տեղի ունենար նման բան: Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ բացարձակապես չեն ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
- Ասում են, թե Գայանե Հակոբյանը փորձել է Աշոտ Փաշինյանին առեւանգել, իսկ բռնությունն արդարացում չունի:
- Նորից կասեմ` այդ ամենը կառուցված է ստի վրա, ապացուցելու կարիք չկա, այն ամբողջությամբ հնարածին է: Այդ երիտասարդի` Աշոտի համար ցավում եմ: Նա անեծքի տակ է հայտնվել: Ես՝ ինքս, անիծող մարդ չեմ, բայց Աշոտի արարքն ահավոր վատ սկիզբ է կյանք մտնելու համար: Սա գարշելի ու խորշելի պատմություն է:
Կարծիքներ