Չկա մի գիշեր, որ մտովի չգնամ Արցախ, չհասնեմ իմ տուն

Չկա մի գիշեր, որ մտովի չգնամ Արցախ, չհասնեմ իմ տուն

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ամբողջությամբ հայաթափվեց ու Արցախից բռնի տեղահանվեց 120 հազար հայ։ Արձակագիր Համլետ Մարտիրոսյանն այսօր էլ նույն հուզումներն է վերապրում՝ վերհիշելով այն, ինչ ապրեցին սեպտեմբերի 19-ից առաջ եւ հետո։

«Այս ընթացքում ես եկա այն եզրահանգման, որ Արցախը եղավ մեծ ու դավադիր խաղի զոհը։ Իսկ մեծ խաղացողներն ինքնուրույն չեն խաղում, այլ՝ «պեշկաներով», որոնցից մեկը հենց Նիկոլն էր, ԱԺ նախագահը, Գագիկ Մելքոնյան անունով գեներալը, որը եթե գեներալ է, ուրեմն մնացած բոլոր գեներալները պետք է հրաժարական տան հանուն իրենց արժանապատվության։ Նա էր, չէ՞, ասում, որ արցախցիներն իրենց այստեղ հյուրի նման պիտի պահեն, առանց հասկանալու, որ երկրագնդի վրա ապրող ցանկացած հայի օջախը մայր Հայաստանն է։ Մեկ տարի է՝ ես հոգեկան տառապանքի մեջ եմ եւ վստահ եմ՝ ինձ նման 120 հազար արցախցիներ նույն ապրումներն են ունենում, որովհետեւ չկա մի գիշեր, որ մտովի չգնամ Արցախ, չհասնեմ իմ տուն․․․․,- ասում է Հ․ Մարտիրոսյանը՝ անկարող լինելով հուզմունքից միտքն ավարտել։- Մարդիկ իրենց ողջ կյանքը, ապրուստը թողեցին ու դուրս եկան հայրենի հողից։ Ու հիմա սոցիալական օգնություն են տալիս մեզ՝ 50 հազար դրամ, որն ամեն քայլափոխի, ամեն պատեհ առիթով երեսով են տալիս, առանց հասկանալու, որ այդ մարդիկ միլիոնավոր դրամի գույք, ունեցվածք, աշխատանք են թողել Արցախում ու հիմա անգործ թափառում են այստեղ, իսկ այնտեղ իրենց աշխատանքով փառավոր, մարդավայել ապրում էին»։

Մարտիրոսյանն անդրադառնում է նաեւ իրենց հասցեին մինչ օրս հնչող՝ պայքարելու, դիմադրելու մասին մեղադրանքներին․ «9 ամիս մարդիկ սոված են եղել, խանութներում բացարձակապես ոչինչ չի եղել։ Հյուծված մարդը ո՞նց դիմադրեր։ Ես ձեռքի սրճաղացով մի ամբողջ օր ցորեն եմ աղացել, որը ծանոթի միջոցով էի հայթայթել, 10 հազար դրամ արժեր մի շիշ ձեթը, մի տուփ ծխախոտը՝ 5 հազար դրամ․․․։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս պայքարեինք, եթե էլեկտրաէներգիա, գազ չկար, ջուրն էլ՝ իր հերթին․․․ ամեն ինչը խնդիր էր։ Քաղաքի մեջ ապրող մարդիկ իրենց բակերում վառարանների վրա ճաշ էին եփում կամ լոշիկ էին թխում, որպեսզի դիմանային, պայքարելու հնար չկար։ Աշխարհում եթե լինեին արժանապատիվ, մարդու իրավունքները գնահատող երկրներ, իրենց ձայնը պետք է բարձրացնեին, որ 9 ամիս մարդկանց պաշարել էին ու սովի մատնել։ Սակայն, ճամարտակություններից բացի, գործնականում ոչ ոք ոչ մի քայլ չարեց։ Այս պայմաններում արցախցին չէր կարող դիմադրել։ Մեզ համար շոկ էր, երբ հայտարարվեց՝ 78 ժամվա մեջ պետք է հեռանալ Արցախից, մեզ 3 օր ժամանակ տվեցին, իսկ քաղաքում վառելիք, բենզին ու ընդհանրապես ոչինչ չկար։ Վերջին օրով քաղաքի խանութների տերերը հանել, դրսում էին դրել իրենց ապրանքը, հագուստեղենը, որ մարդիկ անվճար վերցնեն տանեն, բայց որեւէ մեկի դարդնուցավը նոր հագուստ կամ թանկանոց կոնյակ վերցնելը չէր։ Դեռ բլոկադայի մեջ, երբ քաղաքը ռմբակոծեցին, խանութի ապակիները փշրվեցին, դուռը բացվեց, բայց որեւէ մեկը չէր մտնում այդ խանութը՝ այնտեղից մի բան վերցներ։ Արցախցին այսպիսին է, ու իզուր չէ, որ Սոս Սարգսյանն իր հարցազրույցի ժամանակ ասաց, որ հայի ազնվական տեսակն արցախցին է»։   
Համլետ Մարտիրոսյանն արդեն մեկ տարի է՝ այս հոգեվիճակում չի կարողանում նաեւ ստեղծագործել․ «Ժամերով նստում ես թղթի առաջ, որ մտքերդ ժողովես, գրես՝ չի ստացվում, որովհետեւ մարմնիդ յուրաքանչյուր բջիջով վերհիշում ես այդ տառապանքը, այդ անքուն, քաղցած գիշերները՝ նկուղում անցկացրած։ Գիշերը 12-ից հացի խանութի մոտ հերթագրվում էինք, մինչեւ առավոտվա 6-ը սպասում, որ առավոտյան հացը գա, ու յուրաքանչյուրին 150 գրամ հաց տան, բայց լինում էին օրեր, որ հաց չէին բերում, ցորենի թեփը խառնում էինք եգիպտացորենի ալյուրի հետ, որը հաց անվանելը նույնիսկ մեղք է, բայց դրանից էլ էինք գոհ, որովհետեւ մեր հողում էինք, հայրենիքում»։

Արձակագիրը համոզված է, որ արցախցին պետք է վերադառնա Արցախ․ «Սա միայն արցախցիների խնդիրը չէ, Արցախի հայկական լինելը նշանակում է պատվար Հայաստանի անվտանգության համար։ Արցախն ամրոց է ու պատնեշ Հայաստանի համար, բայց դա իրենք չեն հասկանում, Արցախը տվեցին թուրքին, ու հիմա թուրքը եկել, Երեւանի մոտ ման է գալիս։ Եթե արցախցիների վերադարձի հարցը չլուծվի, արցախցիները Հայաստանում չեն մնա՝ կցրվեն աշխարհի տարբեր կողմերի վրա, որովհետեւ Հայաստանում, թող կոպիտ չհնչի՝ արցախցիներին չեն ընդունել գրկաբաց։ Խոսքս առանձին անհատների մասին չէ, այլ՝ պետական մոտեցման, դեմքիդ ժպտում են, բայց ամեն ինչ անում են, որ վիճակդ ավելի վատ լինի, որ թողնես հեռանաս նաեւ Հայաստանից»։

Թե ինչպես է պատկերացնում արցախցիների վերադարձն Արցախ, Հ․ Մարտիրոսյանն ասում է․ «Առաջին հերթին՝ Նիկոլին գահընկեց անելով։ Եթե Հայաստանի իշխանությունը միջազգային ասպարեզում Արցախի, արցախցու՝ հայրենի օջախ վերադարձի հարցը չի դնում, եվրոպական որեւէ երկրի պետքը չէ, որ քո Արցախի մասին մտածի։ Եթե Նիկոլը չի անում դա, ուրեմն Նիկոլի փոխարեն մեկ ուրիշ մարդ պետք է այդ հարցը դնի օրակարգ ու բանակցությունների սեղանի շուրջ քննարկի այն։ Կարծում եմ՝ միջազգային խաղաղապահներ կարող են բերել Արցախ, ու արցախցին էլ կարող է վերադառնալ, իր օջախում ապրել, որովհետեւ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, պատմության մեջ չի եղել անգամ մի օր, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում․․․»։