Շաբաթվա սկզբում` Թրամփ, շաբաթվա վերջում՝ Թրամփ

Շաբաթվա սկզբում` Թրամփ, շաբաթվա վերջում՝ Թրամփ

Անցյալ ողջ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը breaking news լուրերի առաջին հորիզոնականում էր։ Բնականաբար, ոչ այն պատճառով, որ մի խելացի կամ իմաստալից միտք էր ասել, այլ՝ ճիշտ հակառակը։ Սեպտեմբերի 10-ին ամերիկյան ABC հեռուստաընկերությանը հյուրընկալված Քամալա Հարիս-Դոնալդ Թրամփ բանավեճից հետո, մինչեւ շաբաթավերջ, աշխարհը զվարճանում էր այդ բանավեճի թեմայով։ Ամենից հաջող սրամտում ու սրախոսում էին, իհարկե, ամերիկյան երգիծական հեռուստաշոուներ վարողները՝ Ջոն Ստյուարտ (Jon Stewart, The Daily Show), Ստեֆեն Կոլբերտ (Stephen Colbert, The Late Show), Ջիմմի Կիմմել (Jimmy Kimmel, Jimmy Kimmel Live) եւ այլք։ 

Բայց կիրակի օրը երգիծական թեմատիկան ընդհատվեց։ ԱՄՆ հատուկ ծառայությունները հաղորդեցին, որ ընթացիկ ընտրարշավում արդեն երկրորդ անգամ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել։ Նորից ահաբեկչությունը մտահղացվել եւ նախապատրաստվել է միայնակ անհատի կողմից, որը, զարմանալիորեն, մոտ է եղել այն ավարտին հասցնելուն։ Այս անգամ ահաբեկչության մեջ մեղադրվողը 58-ամյա տղամարդ է, որը Թրամփի հետ անհամաձայնություններ է հայտնել սոցիալական ցանցերում, հատկապես Ուկրաինայի հանդեպ Թրամփի մոտեցումներից է դժգոհ եղել, կոչեր է արել՝ ռուսական Կրեմլը մինչեւ հիմքերն այրելու։ Սակայն կասկածյալի հակաթրամփյան գործունեությունը վիրտուալ աշխարհում դրանով չի ավարտվել։ Բարդ է հասկանալ, թե ինչպես, բայց ահաբեկիչին հաջողվել է զինված հայտնվել Ֆլորիդայի նահանգում գտնվող Թրամփի՝ գոլֆ-ակումբ խաղադաշտերից մեկին այնքան մոտ, որ իրեն եւ գոլֆի խաղադաշտ եկած Թրամփին բաժանել է ընդամենը մի հրազենային կրակոցի հեռավորություն։ 

Ասում են՝ եթե նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովող հատուկ ծառայությունների գործակալները ցանկապատի թփերի մեջ հրազենը չնկատեին եւ առաջինը կանխարգելիչ չկրակեին, ահաբեկչի կրակոցը Թրամփի ուղղությամբ կարող էր մահվան ելքով ավարտվել, քանի որ վերջինս մոտ տարածության վրա էր եւ հարմար դիրքում։ Հատուկ ծառայությունների աշխատակիցներն ասել էին, որ իրենք ակնկալում են, որ ահաբեկիչը բժշկական քննության ենթարկվի նախ մեղսունակությունը հաստատելու համար։ Առկա տեղեկություններից այնքան էլ վստահ չէին, թե ահաբեկիչը մեղսունակ է։ Առաջիկա օրերին, իհարկե, մանրամասներ պաշտոնապես կհաղորդվեն, բայց ինչ վերաբերմունք էլ ունենաս Թրամփի հանդեպ, բացարձակապես դատապարտելի եւ անընդունելի են ահաբեկչությունն ու բռնությունն իր դեմ պայքարում։ 

Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցներն ամռանը, Թրամփի դեմ տեղի ունեցած առաջին մահափորձից հետո հաղորդեցին, որ մի հարցախույզ էր անցկացվել, եւ զարմանալիորեն պարզվել էր, որ ԱՄՆ-ում դեմոկրատների աջակիցների 2-3%-ը, նույնքան էլ՝ հանրապետականների աջակիցներ, իրատեսական են համարում զենքի ուժով անցանկալի թեկնածուին ընտրապայքարից հանելը։ 333 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում այդ 2-3 տոկոսները կազմում են միլիոնավոր մարդիկ, որոնց համար հանդուրժելի է զենքով իրադրություն հանգուցալուծելը քաղաքական պայքարում։ Եթե երկրում մի քանի միլիոն մարդ այդպես մտածի, օրինաչափ է, որ մի քանի անհատ էլ այդպես վարվի։ 
Այնպես որ, ԱՄՆ նախագահական ընտրարշավում թեկնածուների հանդեպ նոր մահափորձեր կլինեն, թե՝ ոչ, եւ ինչով կավարտվեն՝ կտեսնենք։ Առայժմ քանի դեռ չկա ողբերգություն, կարելի է հետահայաց անցյալ շաբաթվա զվարճախոսությունների դոմինանտ թեմային՝ Հարիս-Թրամփ բանավեճին անդրադառնալ եւ Թրամփի մտքի գոհարները վերհիշել։ 

Բանավեճում Թրամփի ռեկորդը, իհարկե, Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում իբրեւ թե Հաիթիից ժամանած փախստականների կողմից տեղացիների շները, կատուները, մյուս ընտանի կենդանիները գողանալ-ուտելու հորինվածքն էր, որ բանականության ամեն սահման հատեց։ Քիչ էր, որ ասվածը կատարյալ անհեթեթություն էր, որի վրա ամենքն են ծիծաղում, երբ հեռուստաբանավեճը վարող ABC-ի խմբագիր Դեյվիդ Մուիրը (David Muir) միջամտեց, թե ABC-ից հարցում է կատարվել Սփինգֆիլդի քաղաքային իշխանություններին, եւ նրանք հերքել են ներգաղթյալների կողմից ընտանի կամ փողոցային կենդանիներին որեւէ կերպ վնասելու մասին տեղեկությունները, նման որեւէ փաստ չի հաստատվել, Թրամփը դրանից չընկրկեց, հայտարարեց՝ ինքը հեռուստատեսությունից է լսել։ Ի՜նչ փաստարկ․․․ դե եկ ու հավատա, թե այս մարդը մեղսունակ է։ 

Թրամփը հունից դուրս եկավ նաեւ այն ժամանակ, երբ Հարիսն ակնհայտ հաշվարկով ու դիտավորությամբ հայտարարեց, թե Թրամփի հավաքներին մասնակցող մարդիկ կեսից հեռանում են, որովհետեւ դրանք կրկնվող են ու ձանձրալի։ Այլ կերպ ասած՝ անդրադարձավ Թրամփի հավաքներում մարդկանց քանակին, ավելի ճիշտ՝ ամբոխի չափերին (crowd sizes)։ Այդ երկու բառը՝ crowd sizes արտասանելը կամ ակնարկելը Թրամփին հանում է հունից, եւ դա ունի նախապատմություն։

Անցյալ ամիս Դեմոկրատական կուսակցության համաժողովում, որտեղ Քամալա Հարիսի թեկնածությունն էր առաջադրվում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, նախկին նախագահ Բարաք Օբաման իր ելույթում մի պահի ասաց․ “...those childish nicknames, the crazy conspiracy theories, this weird obsession with crowd sizes... and this goes on, and on, and on” (Թրամփի «․․․ այդ մանկամիտ մականունները, խելահեղ դավադրությունների տեսությունները, ամբոխի չափերի վրա տարօրինակ մտասեւեռումը, եւ այդպես շարունակ...»): “Weird obsession with crowd sizes” (տարօրինակ մտասեւեռումը ամբոխի չափերի վրա) բառակապակցությունից հետո դահլիճը փլուզվեց` բոլորը սկսեցին աղմկել, ծիծաղել, բղավել, ծափահարել, երկար չէին լռում․ Օբամայի այդ ֆրազը դարձավ քաղաքական շլյագեր։ Դրանից հետո բավական է crowd sizes-ի հետ ասոցացվող ցանկացած միտք ասել, որ Թրամփը դուրս գա հունից։ Բանավեճում էլ, Հարիսին ի պատասխան, բացառիկ անմտություն ասաց․ “People do not leave my rallies. We have the biggest rallies, the most incredible rallies in the history of politics” («Մարդիկ իմ հանրահավաքներից չեն հեռանում։ Մենք ունենում ենք ամենամեծ, ամենաանհավատալի հանրահավաքները քաղաքականության պատմության մեջ»)․ Նորից․․․ մեղսունա՞կ է արդյոք այս մարդը:

Մի ուրիշ անմոռանալի ապուշություն էլ, որ բանավեճում Թրամփն ասաց, այն էր, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Թրամփն ամենից հարգված առաջնորդն է, նրանից բոլորը վախենում էին։ Երգիծաբան Ստեֆեն Կոլբերտն իր The Late Show-ում շատ հաջող ծաղրել էր, թե ինչու միայն Օրբանը, հապա Մուսոլինին ինչքա՜ն էր սիրում Թրամփին, Ստալինը, չգիտեմ որ ֆիլմի դիկտատորը․․․

Միով բանիվ, Թրամփի անձն ու վարքն է բացատրում, թե ինչպես է պատահել, որ հարյուրավոր հանրապետական սենատորներ, կոնգրեսականներ, նահանգապետեր, անգամ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ռիչարդ Չեյնին Հարիսի թեկնածությունն են պաշտպանում այս ընտրություններում։ Որքան էլ Հարիսը խարիզմայից զուրկ է, մարդկային հմայք առանձնապես չունի, թվում է՝ քաղաքական գործչի եւ առաջնորդի ձիրք էլ չունի, վերջնահաշվում զուտ հանգամանքների դասավորության արդյունքում է հայտնվել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, այժմ էլ՝ նախագահի թեկնածուի, միեւնույն է` Դոնալդ Թրամփի հետ մրցակցությունում Հարիսը միակն է, ում կարելի է ընտրել։ Նա գոնե գիտակից է եւ պատասխանատու՝ ի հակադրություն ծեր, հոգնած, անվերջ կրկնվող ու գրեթե անմեղսունակության հասած Թրամփի։