Գրիշ Սարդարյան․ Փոխանցում

Գրիշ Սարդարյան․ Փոխանցում

«Անտարես» հրատարակչությունը հրատարակության է պատրաստում երիտասարդ արձակագիր Գրիշ Սարդարյանի պատմվածքների առաջին ժողովածուն: Ներկայացնում ենք մի պատմվածք գրքից։ 

Արարատը Երեւանո՞ւմ է։ Երեւանում է, թե չէ, ես այս հարցի պատասխանը հաստատ չգիտեմ, Մարիամ քույրիկ, բայց քո ձայնը առնելու օրվանից ականջներիս մեջ եմ տեղավորել ու դուրս հանելու մասին արդեն չեմ երազում։ Ուզում եմ ասել.

- Դուրս եկե՛ք, Չեխովի վեցերորդ պալատում չենք վերջապես։ 21-րդ դարն է։

Հետո.

- Դե հասկացանք, էլի, ո՞վ ա էս մարդուն մեր մոտ ուղարկում։

Գրանցած համարներով թղթերը փորձում է իմ վրա բարդել, իբր՝ ես փոխտնօրեն Արարատ Բագրատյանն եմ։ Չգիտի, որ ես այդքան չեմ աճել, չգիտի նաեւ, որ ես իր պահանջի հարցում այնքան անզոր եմ, ինչքան նույն փոխտնօրեն Բագրատյանը։ Քոսոտ ձեռքով ներկայացրած գանգատում քաղաքի անշնորհք վարորդների համարներն են։ Ովքեր երբեք չեն գժվի։ Մարիամի օրը չեն ընկնի։ Իսկ ա՛յ ես... արդեն գժվել եմ Մարիամի հիվանդության պատմության ձեռքը։ Գիտեմ՝ ինչից է նա գժվել. սկզբում առողջ է եղել, կատարյալ առողջ, ոնց՝ ես, Բագրատյանը, Գոհարը, Արգինեն, հետո նա գրադարանավարուհի է աշխատել, դա դեռ ընթացքում էր՝ ՈԿՖ Բանավանի գրադարանը փակում ու իրեն, գրքախառը, մի անպետք, եզրային տնակ են տեղափոխում, գժվելու ավելի հարմար առիթ չէր կարող լինել. թեեւ ինքը միալար ծվում է՝ եղբորս աչքիս առաջ սպանեցին, անհասկանալի մեջբերում է հիշեցնում ինչ-որ վեպից, անհավանական է, որ առանց գրքերի ուղեկցության, այդ դեպքը հիմնավոր առիթ դառնար հիվանդանալու համար։

Նրա վրա գունագեղ շրջազգեստ է, մանուշակագույնի առատությամբ, որը հաջողացնում է անգամ խոսել ուսերով մեկ վրան ընկած տղամարդկային մոխրագույն կոստյումի ու ոտքի մոխրագույն լաթերի հետ։ Ինքը՝ սեւոտ, կարմրամաշկ, աչքերը՝ գորտի, մազերը դահլիճներ լցնող հայտնի կոլոտ աղջիկների կարճ կտրվածքով է։

Խնդալ չի կարելի։ Բա որ պիջակի տակից արագ մի բան քաշի ու գլուխդ ջնջխի։ Մնում է թուքը կուլ տված վախենալ, կարմրատակել կամ ֆանտաստիկ սառնասրտությամբ լսել Մարիամ քույրիկին, խորհուրդ տալ` դիմել լիազոր մարմին. սա նաեւ հոգեբանական կայունության, նյարդերի վիճակի, մարդկային որակների թեստ է անձնակազմի համար, մեկի թուլամորթությունը ծակվում է մյուսին, իզուր չի, որ քաղաքի քոսոտները միշտ էլ բեռ են եղել քաղաքաբնակ նորմալների գլխին։ 

Բեռը, ի վերջո, տանում են։ Օգնության էր հասել ներքեւի նյարդաբանի բուժքույրը, որոնց քթի տակից էլ հենց Մարիամը վերեւ էր սողոսկել։ 

Ես դուռը փակում եմ ու անցնում գործի, տնօրենի կարգադրությամբ՝ մի քանիսին ազատում եմ աշխատանքից, հանգամանքների բերումով առաջացած անհամապատասխանություններ, տարիքային շեմ, ամեն ինչ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում եմ տեղավորում։

Հայտարարությունն եմ հավաքում այն մասին, որ մեզ հոգեբույժ է պետք։ Հաստատ չէր խանգարի։ Սեփական փորձընկալումից ես ինքնավստահություն չեմ զգում, հաճույքով կորսայի թոշակառուի կարգավիճակով մեզնից հեռացողների թաքուն արցունքի կաթիլներն ու հիվանդանոցի վարչական մասից դպրոցականի նման կվազեի տուն։ 

Բակով տարածվեց Մարիամի բարակ, սղոցային ձայնը։ Ուռենիները դրսի օդի տատանումներից փշշում են, ես կախվում եմ պատուհանից դուրս՝ ծխելու. մոռացել եմ, որ արգելված է, մտքերով ասում եմ՝ թող նախարարությունը գա, Մարիամին հանդարտեցնի ու իմ տեղաշարժվելու իրավունքը վերականգնի, հակառակ դեպքում՝ թող Երեւանից Արարատ ոչինչ չպահանջի։ 

Անհնարինությունների աշխարհ՝ ասել է փիլիսոփան. Տեր Աստվա՛ծ, կյանքս չառած՝ խելքս չառնես, սիրում էր ասել տատս։ 
Իմաստություններ վերհիշելը եւս ոչինչ չտվեց։

Փորձեցի Մարիամի համար նոր սահմանումներ գտնել, ամեն քայլի մեջ այդ փորձն էր, Արգինեն ինձ էր նայում, իր դիրքից էլ պարզ երեւում էր, որ ես եմ թեքվել ու իրեն նայում, մեր միջեւ ընկած բանաստեղծական հեռավորության հատվածից, չհրկիզվող պահարանի արանքում, ինչ-որ ճստիկ բան էր կորում, դա Մարիամն էր։ 

Նա չէր բավարարվել վերջին ձյունից գրեթե զուրկ Արարատների տեսարանով, նա չէր եկել, որ ճնշումը չափեին ու շաքարի դեղը ձեռքը դրած՝ հանգիստ ճամփա դնեին, նա սովոր չէր նաեւ կնիքների ու ստորագրությունների գնով նահանջել, նշանակում է՝ նա անհանգիստ էր։ 

Իսկ սա հիվանդանոցն է։ Վատառողջներն այստեղ ժամանակավորապես կարգավորվել են, պինդ ուժ են դարձել, որ Մարիամի փոթորիկի դեմ դիմադրեն, մոռացվել են բոլոր ցավերը։

- Եկեք իմ հետեւից...

Գոռում է Մարիամը.

- Որ ո՞ւր տանես... 

Ցուցադրածդ պետհամարանիշներ չե՞ն, իրենց դարդն էլ իրենց հերիք չի՞, որ հիմա քոնի հետեւից եւս մեկ աստիճանով ցած ընկնեն։ 

Փխրուն էությունները գրգռվում են, քաղաքի գժերին չեն նեղում, նրանց ընդամենը մեկական ոստիկան է հարկավոր։ Բայց Մարիամին հանդարտեցնելու դեպքում դրա կարիքն էլ չկա, նա ավելի անտրամաբանորեն է սթափվում, քան, դատելով իր նշած պատճառից, նախապես հասցրել էր ցնցումային լարվածության շեմն անցնել։

«Ոստիկանի» հիշողությունը հերիքում է Մարիամին։ Երկու-երեք համար մեծ լաթերը մայթերով տանում են նրան, հանդարտ, հանգիստ, խաղաղության զոհ գնացած, քաղաքավարության ու քաղաքային կյանքի սիրուն եղանակով նա Խանջյան փողոցից թեքվում է Իսահակյան։ Այս տեսակ մասնաճյուղային փողոցները գլխամասային Երեւանի ներկայությունը համանուններով հասցնում են Արարատ։ Մարիամն այստեղ էլ սխալ դուրս եկավ, Արարատը Երեւանում չէ, ավելի շուտ՝ Երեւանն է միշտ մտնում Արարատ, եւ իր քաղաքի փողոցները ապօրինի անվանումներով են փրկվում, ընթացիկ Իսահակյանը, օրինակ, Դուբայի փողոցն է, տասը տարվա պատմություն ունեցող հանրախանութի անունով է պաշտպանական արտաբերվում։ Ամեն փողոց իր գլխի ճարն ունի։

Մարիամի մուտքը «Դուբայ» ազատ է, բայց չի մոտենում, իր ճանապարհը շարունակվում է, իսկ ես դադարեցնում եմ իմ հետապնդումը, որովհետեւ հիվանդանոցից սկսած՝ մեր ուղիներն այստեղ վերջնականապես բաժանվում են, ես գնում եմ կենտրոնական փողոցի բանկերով՝ պարտքերս մարելու։ Սա այն հազվագյուտ անցումներից մեկն է, որով Մարիամի ոտքը կյանքում չի կպնի քաղաքաբնակների գյամերին։ Իր ակնարկած համարանիշներից մեկը թռնում է իմ առջեւով ու բանկի փոշոտ ապակիների առջեւով։ Իր գանգատը լրիվ պատճառաբանված էր։ Մտնում եմ։

Նովելային զարգացումները երբեմն, մեկ-մեկ, հազիվհազ արագացնում են համայնքային կյանքը, կտրուկ վերցնում եղածից՝ չտալով ոչինչ։

Բանկային տերմինալի մոտ մուծման եմ։ Մենակ ես չեմ, կողքերս մարդիկ են, վարկավորվածներ են, մերոնցից կան։ Իրեն չբավող համբերությունով սպասում ենք։ Մոտենում ենք, նվազում ենք, մինչեւ որ մնում եմ ես։

Իր փոխանցած ճմռթուկ թղթերն եմ հերթով հարթում։

Մուծում եմ։

«Օգնենք Մարիամ Կարապետյանին».

Մուծում եմ։

«Օգնենք Մարիամ Կարապետյանին».

Մուծում եմ։

Բագրատյան Արարատը դրամարկղի մոտ գործարք է ավարտում, գոնե հասե՞լ էր Երեւան, հեռանալուց իր կողմից թղթադրամներ է տալիս։

«Օգնենք Մարիամ Կարապետյանին»։

Օգնեցի՞նք։ Դե ես գնացի։ Անդորրագրի տեղ մտքումս տպված իր հաշվեհամարը կյանքում չեմ մոռանալու։ Ավտոբուսն ինձ հարյուր դրամով տուն կհասցնի, իսկ տաքսին երեք անգամ կարճ ժամանակում ու հնգապատիկ ավել գումարով է աշխատում։ Կարելի էր նաեւ ոտ-ոտ գնալ, բարեւներ փոխանակել, ափսոս, որ նորից մենակ եմ։

Էս քաղաքում մի կարգին գիժ էլ չկա։ Հետն ընկերություն կանեինք...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ