Միջազգային մամուլի արձագանքը՝ Վրաստանի միջնորդությամբ հայ գերիների վերադարձի մասին

Միջազգային մամուլի արձագանքը՝ Վրաստանի միջնորդությամբ հայ գերիների վերադարձի մասին

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ գերիների հայրենադարձման՝ Վրաստանի միջնորդությամբ կատարած վերջին գործողության մասին։ Նիդերլանդական commonspace.eu-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ դիվանագիտական բանակցությունների արդյունքում կարողացել են կատարել հումանիտար փոխանակություն՝ վրացի եւ ամերիկացի դիվանագետների միջնորդությամբ։

Արդյունքում 15 հայ գերիները փոխանակվել են Աղդամի շրջանի ականդաշտերի քարտեզների հետ, որտեղ եղել է 97 հազար հատ տեղադրված ական։ Ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ Ադրբեջանը Հայաստանից ստացել է ականապատված տարածքների քարտեզը՝ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, որին հնարավոր է եղել հասնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ։ Պարբերականը նշում է, որ հայ տասնհինգ գերիներ են վերադարձվել, որոնք գերեվարված են եղել Բաքվի կողմից։

Իսպանական europapress.es ռեսուրսն էլ խնդրին անդրադարձել է՝ վերահրապարակելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունը։ Շվեդական Svenska Dagbladet-ն էլ գրում է, որ փոխանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել Վրաստանի միջնորդությամբ, սակայն նաեւ նշվում է, որ նպաստել են ԵԱՀԿ-ն, որտեղ նախագահում է Շվեդիան, ինչպես նաեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելն ու ԱՄՆ Պետդեպ բարձրաստիճան ներկայացուցիչներից՝ Թոնի Բլինկոնի օգնական Ֆիլիպ Ռիկերը։