Ադրբեջանը՝ ԵԱՏՄ-ում

Ադրբեջանը՝ ԵԱՏՄ-ում

Ներքին լսարանի համար Նիկոլ Փաշինյանն Ալիեւի մասին բանաստեղծություն է «ասմունքում», իսկ դրսում հավանություն տալիս ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք նիստին Ադրբեջանի մասնակցությանը։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է սա, խորհուրդ տվեց դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Իսկ 2018-ի ամռանը նա չէր խուսափում այդ հարցից։ Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանն ասաց․ «Որեւիցե տեղեկատվություն չեմ կարող հայտնել։ Զանգահարեք արտաքին կապերի վարչություն՝ գուցե այնտեղ իմանան»։

Վարչությունից էլ առաջարկեցին զանգահարել վարչապետի գրասենյակ․․․ Ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Ադրբեջանի մասնակցությունը պետք է ոչ այնքան Ադրբեջանին, որքան Ռուսաստանին։ «Ռուսաստանը հիմա այդ ակտիվները ձգելու է իր տակ՝ եվրասիական ինտեգրման անվան տակ, եւ ամեն բան կանի Ադրբեջանի մասնակցությունն ի ցույց դնելու համար։ Իսկ Ադրբեջանի մասնակցությունը, ըստ իս, իր համար ոչինչ չի արժենա։ Սա իմիջային քայլ է, եւ ներկա իրավիճակում Ադրբեջանը կարող է իրեն նման բան թույլ տալ։ Մանավանդ, որ ոչնչով իրեն ռիսկի տակ չի դնում։ Կմասնակցի, ի՞նչ է եղել, քայլ անելով Մոսկվայի ուղղությամբ։ Իսկ Մոսկվան էլ կարող է խնդրել այդ վարչապետին, որը հիմա ի վիճակի չէ ոչնչում մերժել։ Այսինքն՝ սա այն հարցը չէ, որ թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը  համառություն ցուցաբերեն»։ Մինչդեռ փորձագետներն ասում են, որ ԵԱՏՄ նիստին մասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին, որը ցանկանում է եվրաինտեգրման անվան տակ մաքսային արտոնություններ ձեռք բերել եւ մտնել ռուսական շուկա։