Պատկերացնո՞ւմ եք, եթե Ռուսաստանն ու Թուրքիան լեզու գտնեն իրար հետ եւ ասեն՝ Սյունիքը պետք է գնա Թուրքիային, որպեսզի դուք լավ ապրեք

Պատկերացնո՞ւմ եք, եթե Ռուսաստանն ու Թուրքիան լեզու գտնեն իրար հետ եւ ասեն՝ Սյունիքը պետք է գնա Թուրքիային, որպեսզի դուք լավ ապրեք

Հարցազրույց գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ

- Պարոն Եղիազարյան, վերջին շրջանում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչեր են հնչում։ Օրինակ, վարչապետը կարծում է, որ քանի դեռ մենք մեր հակառակորդներին որպես թշնամի ենք դիտարկում, նրանք էլ մեզ են այդպիսին դիտարկում, եւ այդ «փակ շղթայից» պետք է դուրս գալ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ էլ՝ պետք է Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում շտկումներ մտցնել, որի ուղղությամբ արդեն աշխատում են։ Ինչպե՞ս եք գնահատում այս տեսակ հայտարարությունները, հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ։  

- Երեկ էլ մի հայ պրոֆեսոր գրել էր, թե ցեղասպանության ճանաչումը մեզ ի՞նչ է տալու․․․ Զգացմունքայնորեն ես, իհարկե, խորապես զայրացած եմ հատկապես իմ կոլեգա պրոֆեսորի հայտարարությունից, ԱԽ քարտուղարի խուսափողական պատասխաններից, որը, անշուշտ, շատ վատ է ընկալվում։ Բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա՝ սփյուռքը, որը չի կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը եւ ապրում է այդ գաղափարով։ Սփյուռքն Ամերիկային բերեց հասցրեց այնտեղ, որ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հիմա սպասում է, որ նախագահը ճանաչի։ Ու եթե մենք այստեղ էլ բախվենք սփյուռքի հետ, դա մեզ համար ծանրագույն հարված կլինի, որի մասին, սակայն, այդպիսի հայտարարություններ անողները չեն մտածում։ Բայց կա նաեւ մյուս մոտեցումը․ եթե Թուրքիայի հետ եւս հարյուր տարի թշնամություն անենք, ի՞նչ ենք շահելու: Թուրքիան մեծ, հզոր ու նաեւ խելոք պետություն դուրս եկավ, նա կարողացավ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, ու հիմա մի բլոկ են դարձել Արեւմուտքի դեմ։ Մենք սրա մասին էլ պետք է մտածենք՝ ինչ կարող ենք հակադրել Թուրքիայի ուժին։ Մեզ լուրջ ազգային գաղափարախոսություն է պետք, բայց մենք չգիտենք, թե մեր երկարաժամկետ քաղաքականության մեջ ինչպես ենք վարվելու Թուրքիայի, Ռուսաստանի հետ։ Այս իմաստով ճշմարտություն կա Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ՝ անվերջ թշնամություն անել հնարավոր չէ, պաշտպաններ չունենք այս տարածաշրջանում։ Ադրբեջանը Թուրքիա ունի իր թիկունքում, մենք ո՞վ ունենք։ Ռուսաստանն է, ում հիմա դաշնակից է պետք, որի հետ պայքարի Արեւմուտքի ու Ամերիկայի դեմ։ Եվ հիմա նրանք թուրքի հետ սկսում են բարեկամություն անել, իսկ ի՞նչ պետք է անենք մենք։ Հենց սրա համար եմ ասում՝ ազգային գաղափարախոսություն, այսպիսի սկզբունքային հարցեր կան, որի պատասխանը ո՛չ ընդդիմությունն ունի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մեկը չունի գաղափարախոսություն, ի՞նչ են ուզում եւ ի՞նչ պետք է անեն ընտրություններից հետո։

- Խորհրդարանական ընտրություններն այս փակուղուց դուրս գալու համար կարո՞ղ են ելք դառնալ։

- Շատ դժվար է ասել, թե ինչ կտան մեր երկրին այս ընտրությունները, բայց այս փակուղային իրավիճակից պետք է մի ելք գտնել։ Այս ընտրությունները լավագույնը չեն լինելու, որովհետեւ չունենք ծրագրերի պայքար, չկա որեւէ կուսակցություն, որ ամբողջական, հեռուն նայող ծրագիր ներկայացնի։ Մտածում են՝ ով կհաղթի եւ իշխանությանը կհրի։ Այս իմաստով շատ բան չպետք է սպասել, բայց որպեսզի այս լարվածությունը լիցքաթափվի, ընտրությունները պետք են եւ անխուսափելի։ Թեեւ նոր ընտրված իշխանությունը չի կարողանա 4 տարի դիմանալ իշխանության ղեկին, որովհետեւ շատ հարցեր չեն լուծվելու, դրանցից մեկն Արցախի կարգավիճակի հարցն է, որ ծանր կախված է մեր պետության ու ժողովրդի գլխին։ Տեսեք, Ադրբեջանը դիմել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային, որովհետեւ վերջին խաղի ժամանակ հայերն Արցախի դրոշն են բարձրացրել։ Սովորական մի բան է թվում, բայց պատկերացրեք, թե ինչպես եւ ինչ ծրագրով են նրանք աշխատում։ Իրենց նպատակն է՝ ամեն գնով ստիպել մեզ՝ ձեռք քաշել Արցախից։ Իսկ մենք ի՞նչ ենք անելու դրա դեմ։ Ես ամեն ինչ հասկանում եմ եւ կարող եմ հասկանալ, բայց եթե մենք Արցախից հրաժարվում ենք, ինչպես նաեւ Հադրութի շրջանից ու Շուշիից, դա իսկապես կլինի անարգում եւ պարտություն։ Մենք վաղուց էինք հասկանում, որ այդ մի քանի շրջանները մենք, այսպես թե այնպես, պետք է տայինք, ուղղակի «քյալլագյոզ» քաղաքագետները դա չէին ուզում հասկանալ, բայց Արցախից մենք ինչպե՞ս կարող ենք հրաժարվել։ Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս կարող ենք չհրաժարվել՝ ի՞նչ են ասում մեզ քաղաքական գործիչները՝ ոչինչ։

- Փոխարենը Ադրբեջանից ու Թուրքիայից են ասում` տարատեսակ հայտարարություններ են հնչում, որ Երեւանը, Զանգեզուրը, Սեւանը Ադրբեջանի պատմական հողերն են, որ հաջորդ բայրամը նշելու են Զանգեզուրում, որին, սակայն, հայաստանյան կողմից ոչ մի պատասխան չի հնչում։ Այս իրավիճակում, երբ արդեն պատերազմը մոտենում է ՀՀ սահմաններին, ո՞րը պետք է լինի մեր եւ պետության անելիքը։

- Եթե ես պատրաստի պատասխան ունենայի այդ հարցին, անկախ իմ տարիքից՝ կմտնեի քաղաքական պայքարի մեջ, բայց դրա համար քաղաքագետներ կան, մոտ 80 կուսակցություն ունենք, ի՞նչ են նրանք առաջարկում, ի՞նչ է ընդդիմության արածը, ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի արածը։ Ես քաղաքական դաշտում չեմ տեսնում ոչ մի հենարան, որ ասեմ՝ այս մեկի վրա կարող ենք հենվել՝ Արցախի հարցը լուծելու համար։ Մեզ համազգային ծրագիր է պետք՝ անկախ ընդդիմություն եւ իշխանություն լինելուց, մինչդեռ հայհոյում են իրար ամենակեղտոտ ձեւով, դա վայե՞լ է 3 հազար տարվա պատմություն ունեցող ժողովրդին։

- Վերջին 3 տարիներին ցանկացած հարց քննարկվում է նախկինների ու ներկաների համատեքստում։ Վերջերս էլ վարչապետն ասաց․ որպեսզի չգան «գելերը»՝ նախկինները, մենք պետք է դառնանք գելխեղդ։ Ձեզ համար ընկալելի եւ ընդունելի՞ է այս մոտեցումը։

- Այստեղ 2 պահ կա, որ անկեղծ լինելու համար պետք է ասեմ։ Այն, որ դրանք գելեր են՝ ես կասկած չունեմ, ես հիշում եմ մեր տրամադրությունները Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այդ իմաստով նրանք իսկապես գելեր են, որ այնքան են թալանել երկիրը, որ ասելը դժվար է, բայց, մյուս կողմից, Նիկոլն ինչքան գոռա, որ դառնալու են գելխեղդ գելերի համար, այսպես քաղաքականություն չի վարվում։ Արդյունքում հասարակության մեջ մտան փոխադարձ ատելությունը, անվստահությունը։ Այս իմաստով պետք է նաեւ ասեմ, որ Փաշինյանն ու իր կուսակցությունն այդ հանգամանքը շատ լավ օգտագործում են այս նախընտրական պայքարում, որովհետեւ գիտեն՝ ժողովուրդն այնքան զայրացած է հների դեմ, որ ասում են՝ թող որ էսքան թերություն ունի Փաշինյանը, բայց կարեւորը՝ չի թողնում նրանք հետ գան։

- Բայց նախկինները Արցախը չհանձնեցին։

- Դա նրանց շնորհքը չէր։ 7 շրջանի հարցը միշտ կար։ Հիշում եմ՝ Ղարաբաղում էինք, զրուցում էինք, մեկն ասաց՝ սենց բանակցություններ ոնց կվարենք, եթե ոչ մի թիզ հող չտանք։ Իսկ այդ գաղափարախոսությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հիմքն էր։

- Այսինքն, կարծում եք՝ այս իշխանությունները մեղք չունեն, եւ Արցախի հարցը նախկիններից մնացած ժառանգությո՞ւն էր։

- Անշուշտ, սրանք էլ են մեղավոր, բայց իրադրությունը հասկանալու համար պետք է հասկանալ, թե որտեղից եկավ այս ամեն ինչը։ Մենք Ղարաբաղը երբեք չէինք զիջելու, ես ժամանակին հոդված եմ գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, որովհետեւ ասել էր, որ Ղարաբաղն անվտանգ լինելու համար պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Ես սրան դեմ էի, պետք էր գոնե 5 շրջանների հարցը լուծել, բայց ոչ մեկը չլուծեց, եւ սա կոտրվեց Փաշինյանի գլխին, որն այնքան խելոք չէր, որպեսզի գոնե խուսանավեր։

- Պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք այսօր։

- Մենք հիմա պետք է կարողանանք օգտագործել ռուսական կողմի ուժերը։ Պուտինն ամեն ինչ անում է՝ որպես դաշնակից Թուրքիային չկորցնելու համար, բայց Պուտինին ամենեւին ձեռնտու չէ Հայաստանը վերջնականապես կորցնել եւ թույլ տալ, որ Թուրքիան ողջ Անդրկովկասը գրավի։ Այս փաստը մենք պետք է օգտագործենք, այսօր Սյունիքը մենք միայնակ չենք կարող պաշտպանել, որովհետեւ բանակը դեռ խելքի չի եկել, եւ ժողովուրդն էլ պառակտված է երկու մասի, ինչը շատ վատ է։ Ադրբեջանն ինչպես կարողացավ Թուրքիայի օգնությամբ ուշքի գալ, նույնը մենք պետք է անենք, հատկապես, եթե Թուրքիան որոշեց, մենք միայնակ, առանց ռուսների չենք կարող Սյունիքը, Զանգեզուրը պահել։ Մեզ պետք է ունենալ Ռուսաստանի աջակցությունը, որ գոնե ՀՀ սահմանները պահենք, իսկ ՀՀ սահմանները փոխել չի կարելի, սա մենք պետք է դարձնենք գործնական իրողություն, որը չենք կարողանում անել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Ռուսաստանն ու Թուրքիան լեզու գտնեն իրար հետ, որը տեսականորեն չեմ բացառում, եւ մեզ ասեն, որ Սյունիքը պետք է գնա Թուրքիային, որպեսզի դուք լավ ապրեք․․․

- Դա կլինի վերջը։

- Երեւի կլինի վերջը, որովհետեւ, եթե Սյունիքը կորցնենք, էլ ի՞նչ կմնա մեզ։ Կդառնանք այն Արարատյան հանրապետությունը, որ 20թ․-ին մեր կառավարությունը համաձայնել էր Թուրքիայի հետ։ Դրա համար մեզ հիմա պետք են ոչ թե այս անիմաստ կուսակցական կռիվները, այլ ընդհանուր գաղափարախոսություն, որի կարեւոր դրույթներն ընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից։