Տարեմուտի խոհերը՝ պատերազմից մնացած անպատասխան հարցեր

Տարեմուտի խոհերը՝ պատերազմից մնացած անպատասխան հարցեր

Պատերազմով Արցախի մեծագույն մասի հանձնումն անգամ Փաշինյանին հանգիստ չի տալիս, նա մտահոգ է ամեն գնով մեզ մնացած մի թիզ հողակտորի իբր ոչհայկականությունն ապացուցելու հարցով։ Նրա ֆեյսբուքյան ասուլիսին հնչած տխմարաբանությունների շարքը, որքան էլ տարօրինակ է, արդեն պատերազմի հանգամանքներին չէր վերաբերում, ասես այն փակված մի էջ է՝ առանց կոնկրետ պատասխանատուի մատնանշման։ Մինչդեռ պատերազմի աղետալի ընթացքի, մարդկային, տարածքային ու նյութական անհաշվելի կորուստների մեղքի գիտակցումը պետք է շարունակաբար ուղեկցի այս անձին եւ չենթարկվի մոռացման։

Օրինակ, անընդհատ պետք է հիշեցնել, որ նա մերժել է պատերազմն առնվազն հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու Պուտինի առաջարկը, երբ թշնամին այլեւս չուներ առաջվա թափը եւ սպառվում էր, բայց մարտերն անհասկանալի նկատառումներով չեն դադարեցվել։ Օրինակ այն, թե ինչո՞ւ Արցախի թիկունքում խրամատներ փորված չէին՝ ի հեճուկս զինվորականների եւ ազատամարտիկների բազմաթիվ զգուշացումների, կամ ո՞ւր էր այն գերժամանակակից սպառազինությունը, որով հպարտանում էին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը մինչեւ պատերազմը։ Թե՞ հեշտ է ինժեներական թերությունների կամ խոտանված զենքի դեպքում մեղադրել բանակին ու հայ զինվորին պարտության համար։
Ականատեսների պնդմամբ՝ Ջրականի զորամասի մերձակայքում, օրինակ, սկզբնապես հնարավոր էր կազմակերպել խրամատների ու բլինդաժների կառուցման եւ կահավորման աշխատանքը, ինչո՞ւ չի արվել։

Ո՞ւր էր մեր զինծառայողների թիկունքային ապահովումը, ինչո՞ւ էր Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կամավորականներին սեփական միջոցներով սաղավարտ եւ զրահաբաճկոն հայթայթելու կոչ անում, ինչո՞ւ էին անգամ կիսաճտքավոր կոշիկները՝ անպետք։ Ինչո՞ւ քողարկված չէին մեր հրետանային միջոցները, թնդանոդները, մի՞թե մեր տղաներին կենդանի թիրախ դարձնելու նենգ դիտավորությամբ։

Ինչո՞ւ մեր բանակային ռեզերվի մեծագույն մասն այդպես էլ չօգտագործվեց, ինչո՞ւ ցուցանակներով կահավորված չէին հիմնական ճանապարհները, եւ զորքն անգամ տեղանքում ճիշտ կողմնորոշվել չէր կարողանում։ Ինչո՞ւ ռազմական ոստիկանության հենակետեր չկային, որոնք կարգելեին նահանջը, եթե որոշ կամավորական ջոկատներ նման փորձեր անեին։ Եթե պատշաճ զինվորական կարգապահություն գործեր, դասալքությունը կհասցվեր նվազագույնի։ Մինչդեռ այժմ, երբ ակնհայտ է, որ անծանոթ տեղանքում, առանց զենքի եւ հանդերձավորման, այդ տղաներին իբրեւ թնդանոթի միս ուղարկել էին թշնամական ռմբակոծության տակ, ո՞վ կարող է նրանց մեղադրել նահանջի համար։ Ո՞վ է մեղավոր, որ ջոկատներում կամավորականները ո՛չ իրար, ո՛չ էլ հրամանատարին չէին ճանաչում։ Ինչո՞ւ ռեզերվային կորպուս չհավաքագրվեց, երբ ազատամարտիկներն ահազանգ էին հնչեցնում։

Տպավորությունն այն է, որ 44-օրյա պատերազմում գործում էր Ստալինգրադի ճակատամարտի չգրված կանոնը՝ «մեկ ինքնաձիգ երեք հոգու համար»։ Անգամ կարճատեւ մարդասիրական հրադադարների պահին ամեն ինչ այնքան անկազմակերպ էր, որ զորքը վիրավորներին հավաքում էր, իսկ զոհերի աճյունները մնում էին անթաղ։ 

Սակայն նույնիսկ այս դավադիր գործարքում հայ զինվորն անօրինակ սխրանք է գործել, ժամանակը դրա գնահատականը տալու է։ Փոխարենը պատերազմին հիմնովին անպատրաստ լինելու հիմնական մեղավորները մեղքն իրար վրա են բարդում։ Ու ստացվում է՝ պատերազմի մասին ճշմարտության մեծագույն մասը դեռեւս չգիտենք, քանի որ ո՛չ փաշինյանական վարչախմբին, ո՛չ ձախողած զինվորականներին, ո՛չ էլ թշնամուն ձեռնտու չէ իրականությունն ասել։

Դավիթ Սարգսյան