Ռուսական թատրոնում կբեմադրվի Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»

Ռուսական թատրոնում կբեմադրվի Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, իսկ առաջնախաղը կկայանա այսօր եւ վաղը:

«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։ Թումանյանի հերոսը քաջ չէ՝ գլուխգովան է, բայց սրտոտ է: Խորթ չեն նրան ազարտն ու ինքնահեգնանքը: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա՝ հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում եւ անսահման հաջողություն․ այսպիսի մոտեցում է ցուցաբերել բեմադրիչը։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձեւավորումը՝ Անդրեյ Զապորոժսկու (Սանկտ Պետերբուրգ), խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: