Զգուշացրել ենք՝ կասկածելի անձ տեսնելու դեպքում անմիջապես տեղեկացնել մեզ

Զգուշացրել ենք՝ կասկածելի անձ տեսնելու դեպքում անմիջապես տեղեկացնել մեզ

Կիրակի օրը հայ հասարակությունը ցնցվեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից: Արդեն քանի օր է փրկարարները, կամավորները, շարքային քաղաքացիներ փլատակներից չեն կարողանում դուրս բերել դժբախտ պատահարի զոհ դարձած քաղաքացիների մարմինները: Արդեն որեւէ հույս չկա, որ ողջ մարդ կհայտնաբերվի փլատակներից։ Ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, մինչ օրս այս միտքը հանգիստ չի տալիս շատերին: Մարդիկ տագնապած են, չգիտեն, թե հաջորդ վայրկյանին ինչ կլինի մյուս մարդաշատ վայրերում կամ առևտրի կենտրոններում:

Իսկ Հայաստանում առևտրի կենտրոնների պակաս չի զգացվում: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տարատեսակ նման կենտրոնների, որտեղ ինչպես ժողովրդական առածն է ասում` «շունը տիրոջը չի ճանաչում»: 

Մենք օրեր շարունակ փորձեցինք «Տաշիր» և «Ռոսիա» առևտրի կենտրոններից տեղեկանալ, թե ինչպես են պահպանվում անվտանգության կանոնները այնտեղ, կա՞ն արդյոք համապատասխան հակահրդեհային միջոցներ, թե՞ ոչ, սակայն վերոնշյալ առևտրի կենտրոններից մեր զանգերին չպատասխանեցին: 

Մեզ հաջողվեց զրուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ առևտրի սրահում անվտանգության բոլոր նորմերը գործում են և «Առինջ մոլը» երաշխավորում է իր հաճախորդների անվտանգությունը: 

«Մեզ մոտ հակահրդեհային նորմալ իրավիճակ է, ավելի քան 3 հակահրդեհային կետ ունենք, ունենք բարձրորակ կրակմարիչներ, անգամ բուժկետ ունենք, որտեղ բժիշկ է աշխատում: Երեկոյան ժամը 18:00-ից հետո, երբ առևտրի կենտրոնը փակվում է, էլեկտրաէներգիան ավտոմատ կերպով անջատվում է, հնարավոր վտանգներից խուսափելու համար: Շատերը կարող են մոռանալ, օրինակ, չանջատել լույսը և շոգի պայմաններում հրդեհ բռնկվի, նման հնարավոր անախորժություններից խուսափելու համար մեզ մոտ ավտոմատ հոսանքազրկվում են բոլոր տաղավարները», - նշում է մեր զրուցակիցը: 

Այն հարցին, թե «Առինջ մոլում» կա՞ն արդյոք հրավառության նյութեր վաճառող խանութներ, պահեստներ, մեր զրուցակիցը նշեց, որ իրենց մոտ նման խանութներ և պահեստներ ընդհանրապես չկան: «Հավատացնում եմ, որ մեզ շատ են առաջարկել նման խանութներ բացելու համար, սակայն կտրուկ դեմ ենք եղել և թույլ չենք տվել նման տաղավարներ կամ պահեստներ մեզ մոտ բացվեն: «Առինջ մոլը» կառուցվել է սիրով, այստեղ ամեն բան հարմարեցվում է աշխատակիցների հետ, աշխատակիցները ևս դրան դեմ են եղել: Մենք միշտ հետևել ենք անվտանգության չափորոշիչներին»,- պատմում է նա: 

Ներսիսյանի խոսքով` վերջին շրջանում շատ է խոսվում հնարավոր ահաբեկչության մասին, տարատեսակ ահազանգեր են հնչում տարբեր հասարակական վայրերում ռումբերի տեղադրման մասին և հենց այդ պատճառով էլ «Առինջ մոլն» ուժեղացրել է նաև իր անվտանգությունը. «Մեզ մոտ անվտանգությունը բարձրորակ վիճակում է գտնվում, ողջ օրը տարածքում շրջում ենք: Արդեն երկու ամիս է, ինչ լսել ենք ռումբերի տեղադրման կեղծ ահազանգերի մասին, մենք առավել ուշադիր ենք սկսել աշխատել, տաղավարներում էլ բոլորին զգուշացրել ենք, որ կասկածելի անձանց տեսնելու դեպքում անմիջապես տեղեկացնել անվտանգության աշխատակիցներին» , - իր խոսքը եզրափակեց փոխտնօրենը: