Մենք էս պարագայում սցենար ունենք․ Գյումրու ավագանու անդամ
Արդեն հայտնել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականը Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիազացրել է։ Հանրապետության երկրորդ քաղաքը այս պահի դրությամբ քաղաքագլուխ չունի։
Այս իրավիճակում Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը, համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել։ Նշենք, որ նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Նիստերի դահլիճը, սակայն, այդ օրը բաց կլինի, նիստը կկայանա, եթե ավագանու գործող 20 անդամներից 17-ի մասնակցությունն ապահովվի։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը հրավիրվող նիստին չի պատրաստվում մասնակցել։ Չեն պատրաստվում քվորում ապահովել՝ Երևանի սցենարը չկրկնվելու համար ։
Ավագանու ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը hraparak.am-ին տեղեկացրեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու ՔՊ-ի կողմից հրավիրված նիստին․ «ՔՊ-ն 33 մանդատից 11-ը ունի, ինչը թույլ է տալիս նիստ հրավիրել, բայց գումարման համար 17 ավագանու անդամի ներկայություն է անհրաժեշտ, Մենք ի սկզբանե հայտարարել ենք՝ ՀՀԿ-ն ՔՊ-ի որևէ նախաձեռնությանը մասնակցություն ունենալու ցանկություն չունի, ուստի ՀՀԿ-ն չի մասնակցելու այդ նիստին: Մենք ՔՊ-ի ջրաղացին ջուր լցնելու կարիք չունենք»,-ասաց նա։
«Գյումրու ավագանին 33 անդամներից է կազմված,որից 14-ը վայր դրեց մանդատը, իսկ քվորում կապահովվի, եթե 17-ը ներկայանա։ՔՊ-ն, որն այս պահին ունի 11 մանդատ, մեկ երրորդն է ավագանու կազմի, ունի իրավունք նիստ նախաձեռնելու, բայց նիստ հրավիրելը դա դեռ քվորում ապահովել չէ։ Եթե 17-ը ներկայանան, ապա ավագանու կազմից հնարավոր է համայնքի ղեկավարի թեկնածու առաջարկել որևէ մեկին, որի օգտին քվեարկություն կլինի, բայց մենք գրեթե վստահ ենք, որ 17-ի ներկայությունը չի ապահովվելու, քվորում չի լինի։Եթե չապահովվեցինք քվորում, ապա ըստ ՏԻՄ օրենքի՝ երբ ավագանին նստաշրջանի ընթացքում 3 անգամ նիստ չի գումարում,ավագանին լուծարվում է , եւ նշանակվում է արտահերթ ընտրություն՝ ոչ շուտ կամ ուշ 30-40 օրյա ժամկետում։ Մենք գերադասում ենք արտահերթ ընտրությունը ։Բայց մենք էս պարագայում սցենար ունենք՝ ավագանու նիստ չգումարել 3 ամիս շարունակ, ինչը իրավաբանորեն թույլատրելի է։ Այսինքն՝ եթե 3 ամիս շարունակ նիստ չենք գումարում, արդեն ավագանին ինքնաբերաբար լուծարվում է, եւ առանց ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման, գնում ենք արտահերթ ընտրությունների»,- hraparak.am-ի հետ զրույցում ընթացակարգը մանրամասնեց Միրզոյանը։
Կարծիքներ