Հաստատվել է բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

Հաստատվել է բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

Կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել է անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

«Կառավարությունը նպատակադրվել է ինտեգրել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները՝ ունենալով մեկ միասնական համակարգ, որտեղ բուհերն ունեն ուժեղ եւ կայացած գիտահետազոտական բաղադրիչ՝ իրենց կազմում ներառելով եւ սերտ աշխատելով գիտահետազոտական կառույցների հետ: Այս ամենը պետք է նպաստի կրթության ռազմավարությամբ սահմանված միջազգային վարկանիշավորման համակարգերի լավագույն 500-ի մեջ առնվազն 4 բուհ ունենալու թիրախի իրացմանը, մրցունակ եւ որակյալ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգ ունենալուն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նոր մարմինը կձեւավորվի գիտության եւ բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիման վրա: Այն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ եւ իրականացնելու է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու գիտության եւ բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, «Կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» ընդունումից հետո ներկայում լրամշակվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է այդ բնագավառներում ապահովել պետական միասնական քաղաքականություն, եւ անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ, որը կսպասարկի օրենքի իրացումը: Նոր կոմիտեն հանդիսանալու է օրենքի իրացումն ապահովող եւ գործարկող մարմին: