Գեստապոյական կառո՞ւյց, թե՞ կրթական հաստատություն

Գեստապոյական կառո՞ւյց, թե՞ կրթական հաստատություն

Այս տարվա մարտ ամսին կայացած Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները երկար ժամանակ շարունակում էին վիճելի մնալ` կապված մի քանի քվեաթերթիկի վավերականության հետ։ Շուրջ մեկ ամիս ընտրական գործընթացը ԿԳՄՍՆ-ի ուշադրության կենտրոնում էր, որն ի վերջո որոշեց դրական եզրակացություն տալ ռեկտորի ընտրության արդյունքներին եւ ներկայացնել կառավարության հաստատմանը: Չնայած այս հանգամանքին, պրոֆեսորադասախոսական կազմի մի մասն ընդդիմացավ արդյունքներին, ավելին՝ ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկելու հետ կապված 2 դատական հայց կա, որոնք քննության ընթացքում են։   

Ռեկտորի ընտրություններից հետո Պոլիտեխնիկական համալսարանում ներքին խմորումները դեռ շարունակվում են։ Ռադիոսարքավորումների ամբիոնի դասախոս, 44 տարի բուհում դասավանդած Աշոտ Հովսեփյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Հովսեփյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ազատման պատճառներին՝ նշելով, թե հեռանալու առանցքային պատճառն այն է, որ պոլիտեխնիկական կրթությունը տեխնոլոգիական առաջատար բուհում մեծ արագացումով անկում է ապրում, ուստի չի ուզում մասնակցել հարազատ բուհի կործանմանը:

«Պոլիտեխնիկում դասավանդում են բազմաթիվ նվիրված, բանիմաց ու հմուտ դասախոսներ: Սակայն համակարգը, որ ձեւավորվել է նախկին ռեկտորի օրոք եւ շարունակում է ամրապնդվել նրա «աճեցրած» ուսխորհրդական «ռեկտորի» թեթեւ ձեռքով, ավելի հիշեցնում է գեստապոյական կառույց, քան կրթական հաստատություն: Անձնական շփումներից գիտեմ, որ նշածս բանիմաց դասախոսներից շատերն են դժգոհում ներկա բարքերից, բայց նաեւ խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը. կարող են հետեւել պատժամիջոցներ: Ուսխորհրդական բարքերին մոտիկից ծանոթացել եմ դեռեւս դեկանի տեղակալ եղած տարիներին: Խնդրում եմ չնենգափոխել ասածս` ուսխորհուրդներում կարող են ընդգրկված լինել հիանալի ուսանողներ, սակայն այնտեղ տիրող բարքերը եւ արժեքները, մեղմ ասած, չեն նպաստում կրթության զարգացմանը: Եվ զարմանալի չէ, որ ուսխորհրդի նախկին «կարկառուն» գործիչը, որ կրթական գործընթացի հետ գրեթե չի առնչվել, այսօր աղմկահարույց ընտրությունների արդյունքում դառնում-նշանակվում է ռեկտոր, մի ուրիշը` պրոռեկտոր: Իսկ այսօրվա ուսխորհրդի նախագահը, ոգեւորվելով իր նախորդների «հաջողություններից», շարունակում է առաջ տանել նրանց ահաբեկչական գործելաոճը: Գոնե իմ նկատմամբ: ․․․Բարոյահոգեբանական մթնոլորտի մասին ավելի լավ է լռեմ: Քիչ առաջ գրեցի, որ գեստապոյական բարքերը երանելի են Պոլիտեխնիկի վախվորած մթնոլորտի համեմատ: Ինձ համար մեծ ցավ է հարազատ բուհի անկումը տեսնելը: Կարող եք ինձ մեղադրել` մնայիր, պայքարեիր: Չէ, որքան որ առողջությունս ների` կպայքարեմ դրսից»,- գրել է Հովսեփյանը:

Արդեն մեզ հետ զրույցում Աշոտ Հովսեփյանը նշեց, որ նորանշանակ ռեկտորի հետ անմիջական առճակատում չի ունեցել, պարզապես, որպես երկարամյա աշխատող, տեսնում է, որ բուհում ընդհանուր մթնոլորտը, նաեւ կրթության որակը գնալով ավելի մեծ անկում են արձանագրում, ավելին՝ «կարելի է ասել, որ Պոլիտեխնիկը դադարել է արդեն բուհ լինելուց»։  

Ի՞նչ գեստապոյական բարքերի մասին է խոսքը։ «Նույնիսկ կամերաներով հսկում են, ովքեր իրենց դեմ են, անվտանգության աշխատակիցների միջոցով չեն թողնում մտնեն ինստիտուտ, հրահանգավորում են ժամ չտալ եւ այս կարգի բաներ,- ասում է գիտնականն ու ընդգծում՝ իր գործընկերներից տեղեկացել է, որ իրեն հսկելու, հետեւելու հրահանգներ են իջեցվել, բայցեւայնպես, սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։- Ինձ ոչ ոք չի ճնշել, չի նեղել, ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի եւ կրթության որակի անկման պատճառով եմ ազատման դիմում գրել ու դուրս եկել»։ Թե ինչքանով արդյունավետ կլինի դրսից պայքարելը, ինչպես նշել է իր գրառման մեջ, Հովսեփյանն ասում է՝ ժամանակը ցույց կտա։    

Ստեղծված իրավիճակում Ա․ Հովսեփյանը մի ելք է տեսնում․ «Խախտումներով անցկացված ընտրությունները չեղարկել, նոր օրենքով հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորել, որ նորմալ ընտրություն լինի, եւ այդ պայմաններում ով անցնի, թեկուզ հենց Գոռը, առաջին շնորհավորողը ես կլինեմ։ Բայց նախ նոր օրենքով նոր ընտրություններ թող լինեն»։

Մամուլից տեղեկացանք, որ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Հարությունյանը եւս հեռացել է բուհից, բայց ոչ իր կամքով։ Իր բաց նամակում նա մասնավորապես գրել է․ «Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։50-ին փորձում եմ մտնել Պոլիտեխնիկի 2-րդ մասնաշենք, եւ անվտանգության ծառայողն ինձ արգելում է մուտք գործել շենք, ինչ-որ բանավոր հանձնարարականի հիման վրա։ Մասնաշենք, որտեղ գտնվում է ինստիտուտը, որի հիմնադիր տնօրենն եմ եղել։ Բայց արի ու տես՝ ինձ չճանաչող անվտանգության պահապանները հանձնարարական են ստացել՝ հետեւել սպիտակ վերնաշապիկով անծանոթի յուրաքանչյուր քայլին։ Նկարագրվածը միայն իմ խնդիրը չէ, պարզապես իմ օրինակով ցանկանում եմ ի ցույց դնել Պոլիտեխնիկում տիրող նորօրյա բարքերը։ Ուզում եմ, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանում կրթության եւ գիտության հարցերով շահագրգիռ գերատեսչություններն օր առաջ գոնե հետաքրքրվեն հանրապետության տեխնոլոգիական կրթօջախի առկա իրավիճակով եւ ոչ թե խաբվեն ի սկզբանե միայն ցուցադրության համար այցելվող փակ լաբորատորիաներով, սուտ խոստումներով եւ յութուբյան ու ֆեյսբուքյան ռոլիկներով։ Իրականում շատերն արդեն պարզապես զզված են տիրող իրավիճակից եւ մթնոլորտից, սակայն խուսափում են աշխատանքից ազատվելու վտանգից։ Ես ոչ մեկի աչքը չեմ հանել, ոչ մեկի էշին չո՛ւ չեմ ասել, բայց ինձ հրավիրում են կադրերի բաժին եւ փորձում տեղեկացնել, որ ես օգոստոսի 31-ից պետք է ազատվեմ աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի ինչ-ինչ կետերի համաձայն։ Սա համալսարանից ազատման օրինական ձեւակերպումն է, սակայն իրականում ազատման հիմք է ծառայել հստակ ցուցումը՝ ժամ չտալ եւ վերջ։ Գուցե իսկապես ինչ-որ մեկի աչքը հանե՞լ եմ, ապա ո՞ւր է այդ աչքը, կամ ո՞ւր է էշը։ Իրականում սա արձագանքն է ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության եւ այդ կապակցությամբ ելույթի կամ հարցերի պատասխանների»։

Նորանշանակ ռեկտոր Գոռ Վարդանյանի տեսակետը լսելու համար զանգահարեցինք ռեկտորի ընդունարան, որտեղից մեր հարցմանը խոստացան պատասխանել գրավոր, որը ստանալուն պես կներկայացնենք նաեւ մեր ընթերցողին։