Նախարարի հորեղբայրը փակել է իր պատճառած վնասը

Նախարարի հորեղբայրը փակել է իր պատճառած վնասը

«Հրապարակը» հոկտեմբերի 26-ին գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտել էինք նախարար Նարեկ Մկրտչյանից, նա ասել էր, որ ռեստորանը պատկանում է իր հորեղբորը, մյուս բաներից ինքը տեղյակ չէ:

Քիչ առաջ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց այս մասին, իհարկե, չնշելով, որ այս ռեստորանը որեւէ առնչություն ունի նախարար Մկրտչյանի հետ.

«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023թ.-ին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։ Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։ Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թ–ին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թ–ին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն»:

ՀԳ Ուշագրավ է, որ մեր հրապարակումից մոտ 10 օր անց ՊԵԿ-ը այս մասին հայտարարությունը տարածեց։ Հաստատ այս թեմային չէր անդրադառնա, եթե «Հրապարակ»-ը չհանրայնացներ նախարարի ընտանիքին պատկանող հաստատության հակաօրինական ու ստվերային աշխատանքի մասին։ Բայց դատելով չարաշահումների եւ պատճառված վնասի չափից՝ իրավապահները բավարար հիմք են ունեցել տնտեսվարողի, այս դեպքում Նարեկ Մկրտչյանի հորեղբոր նկատմամբ առնվազն քրեական վարույթ նախաձեռնելու, սակայն չեն արել: