Սա պարզապես մի «Այո» չէ

Սա պարզապես մի «Այո» չէ

Հանրաքվեի քարոզչությանն ի՞նչ մասնակցություն եք ունենալու, հարցրինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Դեռ չեմ պատկերացնում, դեռ զբաղվում եմ աշխատանքային գործերով, հավանաբար, կմասնակցեմ աշխատանքային ժամերից դուրս»,- ասաց նախարարը։

- Գնալո՞ւ եք մարզեր։

- Չեմ կարող հիմա ասել, որովհետեւ պատկերացնում եք՝ ինչ զբաղվածություն ունեմ հիմա։

- Ձեր նախարարության աշխատակիցներին հորդորելո՞ւ եք գնալ եւ կողմ քվեարկել Հրայր Թովմասյանից ազատվելու հարցին։

- Օրենքները պահպանելու ենք եւ որեւէ օրենք չենք խախտելու։

- Հետաքրքրվե՞լ եք՝ առողջապահության մասով ինչպիսի՞ն են տրամադրություները հանրաքվեի մասով։

- Ի պաշտոնե չեմ հետաքրքրվել, հավանաբար, կուսակցությունում նման խոսակցություներ եղել են ընդհանրապես տրամադրվածությունների մասով, եւ վստահ եմ, որ «Այո»-ն հաղթելու է։

- Դուք՝ որպես առողջապահության նախարար, ինչպե՞ս եք քաղաքացիներին համոզելու, որ պետք է «Այո» քվեարկել։

- Ինչպես որ մնացած բոլոր քաղաքական գործիչները։ Սա պարզապես մի «Այո» չէ, սա երկրի ժողովրդավարացման ճանապարհին անկյունաքարային գործընթաց է, առանց որի այդ ժողովրդավարացման գործընթացը վտանգված է։

- Հրայր Թովմասյանի գոյությունն ինչո՞վ է խոչընդոտում առողջապահության ոլորտի զարգացմանը։

- Ես Հրայր Թովմասյանի անձով ոչինչ չեմ պայմանավորում, սա ընդամենը Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան ունենալու ճանապարհին կարեւոր քայլ է, որը մենք էս պահին չունենք։