Այս մարդուն դասագրքերում պետք է ներկայացնել որպես ցցուն օրինակ

Այս մարդուն դասագրքերում պետք է ներկայացնել որպես ցցուն օրինակ

Իրավապաշտպան լինել, հատկապես մեր օրերում, մեծ ու պատասխանատու առաքելություն է, որը պահանջում է բացառիկ մարդկային հատկանիշներ: Վատ, անհավասարակշիռ, չար, անհանդուրժող, ագրեսիվ, սուբյեկտիվ, բանսարկու, հանուն փողի ամեն ինչի պատրաստ մարդը գուցե կարող է լավ փաստաբան լինել, լավ բժիշկ կամ լավ խոհարար, բայց այդ հատկանիշներով անհնար է լինել իրավապաշտպան: Այս ամենին էլ գումարած չհանդուրժել դիմացինի խոսքը, որտեղ չկա հայհոյանքի ու վիրավորանքի տարր: Դա պարզապես մեկ բանի մասին է վկայում՝ քեզ խաբել են, թե դու իրավապաշտպան ես: Դու առնվազն կարող ես Նիկոլի նման մեկի շահերը սպասարկել, ոչ ավելին:

Խոսքը երեկ տեղի ունեցած բանավեճի մասին է, երբ իրեն լուրջ իրավապաշտպան հորջորջող Դանիել Իոաննիսյանը քաղաքական գնահատականներ է հնչեցնում ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանի հասցեին, ի պատասխան իր հնչեցրած գնահատականների ստանում է համարժեք պատասխան և բաժակի ջուրը շփում է Խաժակյանի ուղղությամբ: Հետո էլ հպարտորեն գրում է այդ մասին: Դավիթ Խաժակյանը, չլինելով իրավապաշտպան, անգամ այդ ամենից հետո շարունակեց իրեն հավասարակշիռ պահել, որևէ ավելորդություն իրեն թույլ չտալով եթերում, ինչը խոսում է մարդու դաստիարակության, դիմացինին հանդուրժելու մասին: Հետաքրքիր է, եթե իրեն իրավապաշտպան հորջորջող Դանիել Իոաննիսյանի դիմաց ջրով լիքը բաժակի փոխարեն այլ բան լիներ, նա էլի՞ նույն կերպ կվարվեր: Մարդու ուղղությամբ ջուր շփելը մինի բռնություն է: Եթե իրենց քաղաքական հակառակորդներից մեկն աներ, ՀԿ-ների հայտնի խումբը դատապարտող հայտարարություններ կտարածեր:

Իրավապաշտպանը չի կարող իրեն նման բան թույլ տալ, աշխարհի որևէ առաջադեմ երկրում չես տեսնի նման իրավապաշտպանի, ով հերիք չէ զօրուգիշեր քաղաքական հայտարարություններ է անում, իշխանական թեզերն առաջ մղելով է զբաղված, դեռ մի բան էլ ջուր է շփում այն քաղաքական գործչի դեմքին, ով ասում է ինչ-որ մի բան, որն իր սրտով չէ: Դանիել Իոաննիսյանն ու իր նման մեկ-երկու «իրավապաշտպաններ», ցավոք, կարողացան այս յոթ տարիներին վարկաբեկել իրավապաշտպանի կոչումը, այն դարձնել իշխանական քարոզչության մի մաս և իշխանության սև գործերին ակտիվ մասնակից դառնալ: Իսկ նրանց իշխանությունների հետ նույնացնելուն նպաստեցին նաև նրանց ֆինանսական դոնորները, որոնց ֆինանսական միջոցներն ուղեկցվում են կոնկրետ հրահանգներով: Իոաննիսյանի այս նյարդային կեցվածքին հավանաբար նպաստել է նաև ֆինանսական վատացող վիճակը: Արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող բոլոր կառույցները հիմա ֆինանսական դժվարություններ ունեն: Բայց այս ամենից զատ պետք է մի բան ֆիքսել, այս մարդուն դասագրքերում պետք է ներկայացնել որպես անհաջող, սխալ իրավապաշտպանի ցցուն օրինակ: Իրավապաշտպան, ով մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն զբաղվում է քաղաքական շահեր առաջ մղելով, ստանձնում է քաղաքական գործչի քողարկված պահվածք և քաղաքական խնդիրներ է լուծում: