Հանուն գահի

Հանուն գահի

Շատ պարզ սխեմա է գործում: Ինչ-որ պահից իշխանության գլխին կանգնած անձի գերխնդիրը դառնում է իր իշխանությունը պահելը, եւ ամեն ինչ ուղղվում է այդ նպատակին: Մեկի մոտ այդ պահը գալիս է իշխանության գալուց 1 տարի անց, մյուսի մոտ` 5 կամ 10 տարի: Դա կարող է արտահայտվել սեփական ընդդիմություն ձեւավորելով, իրական ընդդիմությանը գլխատելով: Նոր Սահմանադրություն գրելով եւ նախագահի պաշտոնը վարչապետի պաշտոնով փոխարինելով: Դա կարող է արտահայտվել աթոռին ուղղված բոլոր վտանգները չեզոքացնելով եւ իր դեմ պայքարողների հույսերը մարեցնելով, եռանդը պարպելով: Այս բոլոր դրսեւորումները 30 տարվա ընթացքում մենք տեսել-«վայելել» ենք: Նիկոլ Փաշինյանը, պարզվեց, այս առումով առանձնապես մեծ ֆանտազիա չունի` նա օգտվում է նախկինների հարուստ զինանոցից՝ իհարկե, սեփական անձին բնորոշ նոր էլեմենտներ ներդնելով:

Բնականաբար, գլխավոր գործիքը վախի մթնոլորտ ստեղծելն է. կոնկրետ վախ՝ բանտում հայտնվելուց, վախ` իր դեմ պայքարի դեպքում սպասվելիք արհավիրքներից, այդ թվում` թշնամիների հարձակում, երկրում ստեղծվելիք քաոս: Արդյունքում` կալանավորվում են Ֆեյսբուքում իր դեմ գրառումներ արած կամ հրապարակայնորեն իրեն քննադատած մարդիկ: Եվ որքան մեղադրանքն ավելի աբսուրդ է, կալանքի ազդեցությունն այնքան մեծ է: Մարդիկ մտածում են` եթե Մամիկոն Ասլանյանին, Արմեն Աշոտյանին, կամ Տաթեւ Արցախին բանտ են գցել նման անհեթեթ մեղադրանքներով, իրեն ինչո՞ւ պետք է խնայեն: Բայց առավել մեծ վտանգը նա զգում է իր թիմի այն անդամներից, ովքեր դժգոհ են եւ իրեն հեռացնելու, իր տեղը նստելու ամբիցիաներ ունեն: Նրանց պետք է զօրուգիշեր լսել-հետեւել, նրանց շուրջը դավաճաններ ներդնել, նրանց հետ ուղիղ աշխատել, նրանց հավատարիմներին չեզոքացնել, ինչը եւ արվում է: