Պատերազմը շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են. ծնողները ակցիա են անում

Պատերազմը շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են. ծնողները ակցիա են անում

Ժամկետային զինծառայողների ծնողներն այս պահին  հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց, պնդում են՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում։ Ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ գործող կառավարության անդամներն ամեն դեպքում իրենց մեջ տղամարդկություն կունենան մեզ պատասխան տալու։ Անկախ նրանից, թե այդ հանդիպումը կգոհացնի ծնողներին , թե չի գոհացնի, թող հանդիպեն, տղամարդկության հարց է։ Մեր պահանջը միանշանակ է։ Այսուհետ ՊՆ ոչ մի ներկայացուցիչ մեզ ոչ կխոչընդոտի , ոչ էլ կշարունակի խաբել։ Մեզ գնդակի նման այստեղից այնտեղ են ուղարկում, մենք երկու ամսից ավել՝ պայքարում ենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից ծնողներից մեկը։

«Ասեմ, որ ոչ մահացած զինծառայողի ծնողի, ոչ անհետ կորածի ծնողի ու ոչ էլ գերության մեջ գտնվող ծնողի համար պատերազմը չի ավարտվել։ Մենք երեկ հերթական անգամ տեղեկացանք հրադադարի խախտման մասին, դե բավական է, բավական։ Այո, պատերազմը շարունակվում է, որովհետև մեր երեխաները դեռևս թիրախավորված են։ Երեկ ժամկետային է մահացել, տեղյակ եք, մահացել է հիվանդության պատճառով, հիվանդություն , որն ուղղակի լկտի անհետևողականության արդյունք է։ ՊՆ ներկայացուցիչները եթե ունեն տրամաբանություն, թող տրամաբանեն, որ եթե այդ երեխան մահացել է կորոնավիրուսից, ապա նրան շրջապատող մյուս զինվորները վտանգի տակ են»,- ասաց ծնողը։