Ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 23-24-ը

Ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 23-24-ը

ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ներկայացրել է, թե հիշատակի ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 23-24-ը: Մասնավորապես, ապրիլի 23-ին, ժամը 23-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Վերդիի «Ռեքվիեմը»։ Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումը նաեւ ուղիղ կհեռարձակվի:

Բացի այդ, լույս 23-ի գիշերը, ժամը 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։ Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը: Իսկ ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: 

Նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ եւս, այդ թվում՝ ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով: