Ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը (տեսանյութ)

Ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը (տեսանյութ)

Նախ և առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար: 

Այսօր Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Սերբիա՝ հիշեցնելով, որ մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում, վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։ 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք շարունակությունն էին մեր Մյունխենյան հանդիպման։ Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր։ Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը։ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, մեր այսօրվա քննարկումների արդյունքում հնարավոր համագործակցությունը սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, արհեստական բանականության և հաղորդակցության, լեռնամետալուրգիայի և շատ այլ ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունի և պետք է աշխատենք նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հայ-սերբական համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները, դրա համար էլ  Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք այցի ընթացքում կհանդիպեն սերբ գործընկերների հետ և հնարավորություն կունենան առավել հանգամանալի ծանոթանալու երկու երկրների տնտեսական և ներդրումային հնարավորություններին: 

«Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության շրջանում։ Նաև նշեմ, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար»,-նկատեց Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ի թիվս այլ հարցերի՝ Սերբիայի նախագահի հետ քննարկել են նաև Հայաստանի և Սերբիայի Հանրապետությունների սովորական անձնագրեր կրող քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը վերաբերող հարցը, որի վերաբերյալ համաձայնագիրը ներկայումս քննարկման փուլում է։ Նաև տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանություն կբացվի։ 

Արմեն Սարգսյանը հիշեց նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին եղբայրական սերբ ժողովրդի ցուցաբերած անգնահատելի օգնության մասին՝ նշելով, որ վաղն այցելելու է Ավալա, որտեղ Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստան մարդասիրական օգնություն բերելիս վթարի ենթարկված սերբական օդանավի օդաչուներին նվիրված խաչքար է կանգնեցված։ 

«Մեր ժողովրդի և անձամբ իմ անունից հարգանքի տուրք եմ մատուցելու նրանց սուրբ հիշատակին։ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք Հայաստանում Ձեզ ընդունելու»,-իր խոսքը եզրափակեց Արմեն Սարգսյանը։