Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD եւ 5 DVD–ներից կազմված հավաքածու:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ի հետ այդ նախագծում ներգրավված են Ռուսաստանից ժամանած 14 փորձառու մասնագետներ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեսաձայնագրման անձնակազմից են: Նախագծի հնչյունային ռեժիսորն Իլյա Պետրովն է («Գրեմմիի» հավակնորդ, 2014թ.), բեմադրող ռեժիսորը՝ Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005թ., 2008թ.), բեմադրող օպերատորն ու տեխնիկական տնօրենը՝ Արսենի Նիկոլաեւը:

Տեսաձայնագրության առաջին փուլում՝ 2021 թվականի հունվարի 16-23-ը, ձայնագրվել են կոմպոզիտորի թիվ 1, 2 եւ 5 սիմֆոնիաները: Առաջին փուլը կայացել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում: Աշխատանքների երկրորդ փուլում՝ մարտի 27-ից մինչեւ ապրիլի 1-ը, մասնագետների խումբը ֆիլհարմոնիկի հետ տեսաձայնագրել է Բեթհովենի թիվ 4, 6, 7 սիմֆոնիաները: Կատարված տեսաձայնագրություններն այժմ հետարտադրական փուլում են (Post Production): Մարիինյան թատրոնի մասնագետների պնդմամբ՝ աշխատանքները կարող են դասվել աշխարհի լավագույն ձայնագրությունների շարքը: Նախագծի պրոդյուսերն է ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը: