Փաշինյանը որոշել է սորոսականների հետ հարաբերությունները չբարդացնել

Փաշինյանը որոշել է սորոսականների հետ հարաբերությունները չբարդացնել

Արցախի տարածքային կառավարման նախարարության ոլորտին վերաբերող հափշտակության գործը հնարավոր է ջրվի: Որոշ տեղեկություններով՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանից հրահանգ է ստացել հետ քաշվել եւ հանգիստ թողնել նախարար Հայկ Խանումյանին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ դատախազությունը հաղորդեց, որ տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի հյուրանոցները պետությունից մեծ գումար են հափշտակել` բնակարան չունեցող անձանց փոխհատուցումների անվան տակ։ Հետո լուրեր տարածվեցին, որ դա տեղի է ունեցել Տարածքայինի նախարար Հայկ Խանումյանի անմիջական իմացությամբ եւ նրա խորհրդական ոմն Անգելի կատարմամբ: Այժմ խորհրդականն աշխատանքից ազատվել է, որոշել են նրան քավության նոխազ դարձնել ու հարցը փակել: Արդեն մի քանի շաբաթ է իրավապահները լռում են այս աղմկոտ գործի մասին:

Երեկ մեր փորձերը` կապ հաստատել դատախազության եւ Տարածքայինի հետ ապարդյուն անցան, չպատասխանեց նաեւ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը, որը վերջին ժամանակներում Արեւմուտքի, սորոսականների հետ բարդ հարաբերություններ ունի, չի ուզում դրանք ավելի բարդացնել: