Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի լեզվով․ վարչապետ

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի լեզվով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը դարձյալ սկսեց ադրբեջանական զինուժի կողմից հուլիսի 12-ին հայկական սահամանպահ գյուղերի վրա կատարած հարձակման մասին հիշեցնելով։ 

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ զինված ուժերը կարողացել ենք հաջողությամբ հետ մղել թշնամու հարձակումները՝ նրան պատճառելով էական վնասներ։Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն էր»,-նկատեց Փաշինյանը։

Բայց, ըստ վարչապետի, շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցրած բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադբրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար։

Այս ամենին ֆոնին Նիկո Փաշինյանը հարկ համարեց կատարել մի քանի կարևոր արձանագրումներ։

«Նախ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի, և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետում, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադբեջանի մեղադրանքները իր դեմ ագրեսիայի վերաբերյալ պարզապես անհեթեթ են։ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։