Վարչապետն էլ ազատ խոսքի իրավունք ունի

Վարչապետն էլ ազատ խոսքի իրավունք ունի

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ իշխանությունների կողմից խաչակրաց արշավանք է նախապատրաստվում լրատվամիջոցների դեմ․ ձեր թիմի նախկին լրագրողները, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, «Ազատություն» ՌԿ-ի նախկին թղթակից Սիսակ Գաբրիելյանին։ «Նման խնդիր, էլ չեմ ասում` «խաչակրաց արշավանք», ես չեմ տեսնում»: Թավադյան, Մայրապետյան` ԶԼՄ-ների ղեկավարներ կան բանտում։ «Ներեցեք` Թավադյանի հետ կապված տեսանյութ կա, որտեղ նա հարվածում է Գասպարիի դեմքին, հիմա եթե քննչականը զբաղվում է այդ գործով, դա խաչակրաց արշավա՞նք է»։

Կառավարության նիստում նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ասում է` որոշ հեռուստաընկերություններ պետք է «կոռուպցիոն թիվիներ» կոչվեն․ դա ընդունելի՞ հռետորաբանություն է։ «Տեսեք, Դուք խոսում եք ազատ խոսքի մասին, բա վարչապետն էլ է, չէ՞, ազատ խոսքի իրավունքից օգտվում»: Վարչապետն ինստիտուտ է, ոչ թե լրագրող։ «Հասկացա, բայց ունի, չէ՞, ազատ խոսքի իրավունք»:

Դա չի՞ նշանակում անուղղակի հրահանգ իրավական բլոկին։ «Պարտադիր չէ, որ լրատվամիջոցը կոռուպցիայի մեջ լինի, իր ասածը հետեւյալն է. որ հեռուստաընկերության սեփականատերերն այսօր մեղադրվում են, ու էդտեղ նորություն չկար»: Թիրախավորում չէ՞։ «Նայեք` մոտ 18 ՀԸ կա, որեւէ մեկի, այդ թվում եւ այդ երկու ՀԸ-ների եթերը սահմանափակվե՞լ է»: Կանեն` օրենք են մշակում։ «Երբ կանեն, երբ անտեղի կճնշեն, եկեք ինձ մոտ»: