Կոչումների չեղարկումը կարելի էր փուլային անել

Կոչումների չեղարկումը կարելի էր փուլային անել

Իշխանությունները, մի կողմից, պատրաստվում են չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները՝ հիմնավորելով, թե դրանք «սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են», մյուս կողմից՝ նոր նախագիծ են շրջանառության մեջ դնում՝ «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին, որը նախօրեին հանրային քննարկման է դրվել e-draft-ում: 

Ինչ վերաբերում է կոչումները չեղարկելուն, ապա, ըստ նախարարության, նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով։ «Որեւէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ»: Բացի այդ, ինչպես նշել էր ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, սկսվել է անառողջ մրցակցություն ծավալվել, հատկապես անկախության տոներին ընդառաջ, երբ սկսում են կոչումներ հանձնել այս կամ այն արվեստագետին։ Իսկ իր գրասեղանի վրա 100-ից ավելի դիմումներ կան՝ այդ կոչումները ստանալու համար։

Մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ժամանակ քանի դիմում է եղել իր սեղանին՝ կոչումներ ստանալու համար։ «Ես չեմ եղել ոլորտային փոխնախարարը, այդ հարցով արվեստի գծով փոխնախարարն է զբաղվել, բայց ուզում եմ ասել, որ շատ արժանի մարդիկ են ստացել այդ կոչումները, կարող է եղել են հատուկենտ դեպքեր, հարյուրի միջից՝ մեկը, որ ինչ-ինչ պատճառներով շրջանցել է մշակույթի նախարարությունն ու ավելի բարձր ինստանցիաներում ստացել է կոչումներ, բայց, մեծ հաշվով, բոլոր կոչումները եղել են վաստակած»:

Նախկին փոխնախարարն ասում է` քանի որ այսօր մարդիկ շատ էմոցիոնալ են ընդունում այդ հարցը, ապա կարելի էր դա փուլային կազմակերպել. «Իրականում քննարկումներ միշտ էլ եղել են, որ միգուցե հանվեն կոչումները, եւ ինչու ոչ, նման արձագանքների պատճառով նաեւ չի արվել, դրա համար կարելի էր փուլային անել»: 

Թեպետ նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ քաղաքակիրթ եւ առաջատար մշակույթ ունեցող երկրներում արվեստագետի արժեւորման նման ձեւաչափեր չեն գործում, բայց, ինչպես Ա. Սամուելյանն է նկատում, բոլոր երկրներն էլ ունեն մեդալների համակարգ. «Իսկ կոչումները, այո, Խորհրդային Միության ժառանգություն են, բայց գուցե պետք էր սպասել եւ հետո վերանայել, այսինքն` փուլային անել այդ հարցը եւ նորերը չշնորհել: Ամեն դեպքում, ես դեմ եմ կտրուկ գործողություններին եւ որոշումներին»: 

Ըստ նրա՝ միշտ էլ կարելի է կասկածի տակ դնել հանձնաժողովները, որոնք շնորհում են ժողովրդականի կոչումներ կամ պետական մրցանակներ, բայց կան չափորոշիչներ, ըստ որոնց էլ շարժվում են այդ հանձնաժողովներում ներգրավված մարդիկ. «Իհարկե, լինում են բացառություններ, ամեն հասարակարգում էլ լինում է` Ֆրանսիայում էլ...»:

Որքանո՞վ է հրատապ այս նախագիծը, որն այժմ դրվել է հանրային քննարկման։ «Կարծում եմ` այս պահին մենք ունենք ավելի կարեւոր ազգային հարցեր, բայց հրատապ է` մշակույթի նախարարությանը վերադարձնել իր լիազորությունները, հրատապ է կարգավորումներն այնպես անել, որ մշակույթը կարողանա ավելի շատ ազդել այսօրվա հանրային կյանքի վրա եւ դառնա իսկապես կայուն զարգացման գործոն: Ու ինչքան մշակույթի նախարարությունը լինի ամուր եւ պինդ, այնքան ավելի շատ կհասցնի բոլոր հարցերը քննարկել եւ, ինչու ոչ` կոչումների հարցը, բայց ո՛չ հիմա»: 

Ինչ վերաբերում է նոր` «Հանրապետություն» մրցանակին, ապա Սամուելյանը դեռ ծանոթ չէ նոր մրցանակի նախագծին, բայցեւայնպես նկատում է, որ «Պողոսյան հիմնադրամն» արդեն ունի այդ գործառույթը, որն իրականացնում է մեկ այլ մրցանակի շրջանակներում (նկատի ունի ՀՀ նախագահի մրցանակը, որը, ի դեպ, 2020-ից անվանափոխվել է «Պողոսյան մրցանակի»):