Նախագահի աշունը

Նախագահի աշունը

Հոկտեմբերի 28-ին Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Խերխան գյուղ: Երկու օր առաջ նա Մարտակերտի շրջանի Վանք համայնքում էր, որտեղ ներկա էր մեղրի վերամշակման արտադրամասի բացմանը: Խերխանում նախագահը խորհրդակցություն է անցկացրել հարակից գյուղերի համայնքապետերի հետ, խոսել զարգացման ծրագրերից: Բակո Սահակյանը կես տարուց վայր կդնի նախագահի լիազորությունները, հանգստի կկոչվի: Բայց շարունակում է պաշտոնավարել՝ ինչպես նախագահության առաջին շրջանում: Գալիք նախագահական ընտրություններով պայմանավորված՝ Արցախում ծավալվում են ակնհայտ, նաեւ՝ ոչ այնքան թափանցիկ գործընթացներ:

Փորձագետներն ակնալում են բավական սուր մրցապայքար, արվում են ամենաբազմազան ենթադրություններ, առաջ քաշվում հավանական եւ անհավանական թվացող շատ վարկածներ: Նախագահ Սահակյանն առայժմ տեսակետ չի հայտնել, բայց նրա հաստատուն եւ անխռով կեցվածքն արդեն իսկ դիրքորոշում է առ այն, որ մինչեւ վերջին օրը վարելու է պետության ղեկը, երաշխավորելու է ներքին կայունությունը եւ ազատ, արդար, մրցակցային ընտրությունների կայացումը: Պետական մեքենայի սահուն եւ անխափան աշխատանքը վստահություն է ներշնչում: Եթե աչքի առաջ ունենանք հետխորհրդային որոշ երկրների տխուր փորձը, երբ հեռացող նախագահն ընտրություններից արդեն ամիսներ առաջ կորցնում էր կառավարման լծակները եւ վերածվում պարզ դիտորդի, եթե, մանավանդ, նկատենք, որ Արցախի նախագահական ընտրություններին բծախնդրությամբ են հետեւում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները, ամենայն հավանականությամբ՝ նաեւ Թուրքիան եւ Իրանը, իսկ Ադրբեջանը ոչ մի ջանք չի խնայում լարվածություն, դիմակայություն, ինչու չէ՝ քաղաքացիական ընդհարումներ սադրելու, ապա նախընտրական Ստեփանակերտի վստահ պահվածքն իրավամբ կարելի է համարել քաղաքական շատ լուրջ կապիտալ, որ Բակո Սահակյանը, կարելի է վստահ լինել, անխաթար եւ ամբողջությամբ փոխանցելու է իրավահաջորդին: Տեղում «նավակ ճոճելու» փորձեր արվել են, արվում են եւ, հավանաբար, ընտրարշավին ընդառաջ դարձյալ կարվեն: Չի պակասում նաեւ Հայաստան-Արցախ լարվածություն սադրելու միտումը: Այնքան, որ որոշակի շրջանակներ Հայաստանի վարչապետին պարզապես Արցախի նախագահական ընտրություններին միջամտելու եւ իր նախընտրելի թեկնածուին իշխանության բերելու բաց կոչեր են հղում: Գործին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ են լծվել: Արծարծվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը նախագահի հավանական թեկնածուներից մեկի հետ: Ենթատեքստը հասկանալի է՝ դավագրգռել մյուսներին, ներքին դիմակայություն սադրել:

Այս բոլոր թիրախավորումների առաջին հասցեատերն, անկասկած, գործող նախագահ Բակո Սահակյանն է: Բայց չնայած այս ամենին, նա շարունակում է մնալ ներքին կայունության եւ Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների երաշխավորը՝ միաժամանակ աներեր պնդելով, որ Արցախի հարցում անցյալին վերադարձ չի լինելու ոչ տարածքային առումով, ոչ՝ կարգավիճակի: Այդ իմաստով նախագահը մատնանշում է արտաքին քաղաքականության այն նշաձողը, որ իրենց նախընտրական ծրագրերում պետք է ունենան նախագահի թեկնածուները: Նախագահի պաշտոնում այս աշունը Բակո Սահակյանի համար հանրագումարային է: Նա ամփոփում է կառավարման 12-ամյա շրջանը, որ ուսանելի  դասեր ունի: Ով կգնահատի անցյալն ու այդ փորձի վրա կներկայացնի փոփոխվող աշխարհում մարտահրավերները դիմակայելու իրատեսական ծրագիր, նա էլ, ամենայն հավանականությամբ, կստանա ժողովրդի վստահության քվեն: