Նախկինները տուգանում էին թանկացման դեպքում, սրանք` նաև գների անկման դեպքում. Հրաչ Բագրատյան

Նախկինները տուգանում էին թանկացման դեպքում, սրանք` նաև գների անկման դեպքում. Հրաչ Բագրատյան

 Լուսանկարում Հրաչ Բագրատյանն է և «Արզնի» թռչնաֆաբրիկայի փոխտնօրեն Գևորգ Ջանվելյանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը նախօրեին հաղորդել է, որ ուսումնասիրել է ձվի շրջանառությունը և վարույթ է հարուցել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ ձու», «Լուսակերտի էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ` գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: Սա ձու արտադրողների վերաբերյալ հունիսին հարուցված արդեն երկրորդ վարույթն է:

Հիշեցնենք՝ իրավիճակը հավի ձվի շուկայում ոչ մի կերպ չի կայունանում, գնանկումը վերջին ամսվա ընթացքում կազմել է 20 տոկոս: Տնտեսվարողները խոսում են խոշորների կողմից իրականացվող դեմպինգի մասին, երբ մանր արտադրողները ստիպված են ինքնարժեքից ցածր գին սահմանել, իսկ խոշորները գրավում են շուկան` հետագայում գները բարձրացնելով: Որպես արտոնյալ` նշվում է Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի անունը:

Տնտեսագետներից ոմանք էլ, ինչպես Սուրեն Պարսյանը, հերքում են դեմպինգի հնարավորությունը և ձվի շուկայի գնանկումը համարում են կառավարության սխալ քաղաքականության, ձվի շուկայի պլանավորման բացակայության, չհաշվարկված ու չմտածված ձևով արտոնություններ տրամադրելու հետևանք:

Տնտեսագետ, այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող գործարար Հրաչ Բագրատյանը, որը ՀՀ նախկին վարչապետի եղբայրն է, այլ կարծիքի է: Ըստ նրա, դեմպինգ ոչ ոք չի անում, որովհետև դա անհնար է, որովհետև ձվի շուկան ՀՀ ում շատ մրցակցային է, իսկ ձվի պահանջարկն էլ շատ էլաստիկ է, ինչը նշանակում է, որ պահանջարկի չնչին անգամ աճի դեպքում գրանցվում է գնի կտրուկ աճ: Գների անկման դեպքում նկատվում է սպառման զգալի աճ, և, ըստ Բագրատյանի, շուկան ինչ-որ գնի վրա հավասարակշռվում է: Այս պահին դա միջինը 30 դրամն է` շուրջ 60 դրամ ինքնարժեքի դեպքում:

«Եթե դեմպինգ ես անում և գները գցում ես, պիտի նախօրոք հսկայական կուտակումներ անես: Օրինակ, որևէ խոշոր արտադրող, որն արտադրում է օրը 300 հազար ձու և ուզում է վեց ամսով դեմպինգ անել, պիտի կուտակի ողջ շուկայի ծավալի շուրջ 40%-ի չափով: Վիճկոմիտեի տվյալներով, ՀՀ-ում տարեկան մոտ 600 մլն ձու է արտադրվում: 6 ամսվա արտադրությունը, ուրեմն, կլինի 200-240 մլն: Ուրեմն, տևական և խորը դեմպինգ անելու համար (եթե չկան պրոտեկցիոնիստական այլ գործիքներ, իսկ դրանք չկան) անհրաժեշտ է, որ օրական 300 հազար հատ ձու արտադրողը (մոտ այդքան է արտադրում ամենախոշոր օպերատորը) «հետ գցի» օրը 1մլն 300 հազար հատ ձու, այսինքն` իր արտադրածից 4,5 անգամ շատ, ինչն անհնար է հասարակ թվաբանական կազուսի պատճառով, կամ էլ՝ նա այդքանով պիտի ավելացնի իր արտադրությունը, ինչն արդեն դեմպինգ չէ  և նույնպես անհնար է», - ասում է մասնագետը: 

Ըստ նրա, այդ միլիոնից ավելի ձուն օրական սկսել են արտադրել բոլոր արտադրողները միասին, և համընդհանուր գերարտադրություն է սկսվել, ու որպես հետևանք` գներն իջել են:

«Հայաստանն այն եզակի երկրներից է աշխարհում, ուր չկան և չեն գործում սանիտարական և անասնաբուժական նորմատիվներն ու օրենսդրությունը: Նույնիսկ այդ ծառայությունները չկան: Չկա մոնիտորինգ, արտադրական ծավալների կանխատեսում, կանխարգելում, աշխատանք արտադրողների հետ: Պետությունն արտադրության ճշգրիտ ծավալներն անգամ չգիտի... Սրա պատճառով, երբ ձվի շուկան վերելքի վրա է, և ձվի գները՝ բարձր, արագորեն նոր արտադրողներ են մտնում այս ոլորտ, որոնք էլ հիմնականում «ապահովում» են գերարտադրությունը», - ասում է Հրաչ Բագրատյանը:

Խեղճուկրակ «փոքրեր» և «վայրենի» մեծեր դիլեման տեղ չունի, իսկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ, «հին ու բարի» ավանդույթի համաձայն, պատրաստի շաբլոնով տուգանում է խոշոր ընկերություններին: «Միակ նորամուծությունն այն է, որ նախկինները տուգանում էին ձվի զգալի թանկացման դեպքում, իսկ սրանք` նաև գների անկման դեպքում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ չարաշահելով իրենց իրավասությունները և չունենալով «հանցավոր համաձայնության» դույզն իսկ ապացույց»: