ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակն անմիջապես անդրադարձել է Գյումրու մասնաճյուղի վրա. ի՞նչ նամակ է հայտնվել համացանցում

ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակն անմիջապես անդրադարձել է Գյումրու մասնաճյուղի վրա. ի՞նչ նամակ է հայտնվել համացանցում

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի երեկվա հրաժարականից հետո, այսօր մամուլում հայտնվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողներ բաց նամակը, որը վերաբերում է  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պրն վարչապետ, Կրթության և գիտության ոլորտի հարգելի՛ պատասխանատուներ. Մեծ ոգևորությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է հայրենի կառավարությունը ձեռնամուխ եղել քաղաքական դաշտի՝ «սանիտարական» մաքրման աշխատանքներին։ Դա նաև հավատ է ներշնչում երկրի ապագայի հանդեպ։ Սակայն թույլ տվեք նկատել, որ նմանատիպ աշխատանքների ծարավ է նաև կրթության և հատկապես գիտության ոլորտը: Վերջին տարիներին այնպիսի տարրեր են թափանցել գիտության ասպարեզ, որ իրականում դպրոցը պիտի ավարտած չլինեին, ուր մնաց պաշտոն զբաղեցնեն կամ գիտական կոչումներ ձեռք գցեն։ Եթե իրապես ցանկություն ունենաք գիտության և կրթության ոլորտը պատահականություններից և թյուրիմացություններից մաքրելու, ապա հավատացա՛ծ եղեք, որ անշուշտ կգտնվեն գիտության բազում ազնիվ մշակներ, որ ըստ կարելվույն կաջակցեն և կնպաստեն այս գործին։ Եվ որպես վերևում հնչած խոստման իրականացում, թույլ տվեք հայտնել, որ գիտական շրջանակների և հատկապես ձեր վստահությունը չարաշահելով՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատարությունը ստանձնել է մեկը, որ շարքային անգրագետ է և գրագող»։ Նամակի հեղինակները որպես ապացույց մի քանի հիմնավորում են անում:

hraparak.am-ը  կապ հաստատեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, կաթողիկոսի դեմ ծավալված շարժումը ժամանակին համակարգող Կարեն Պետրոսյանի հետ: Վերջինից հետաքրքրվեցինք, թե որևէ առնչություն կա ՞ ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակի եւ այդ նամակի միջև: «Դա նոր բան չէ,  մի 5-6 ամիս առաջ ստեղծված ֆեյքերի գործունեության արդյունքն է: Դա դեռ այն ժամանակ, երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն էր ձևավորվել, իմ դեմ ուղղված ինչ-որ մեկը պատվեր էր կատարում: Մենք գրություն ուղարկեցինք՝ պարզելու, թե ովքեր են հեղինակները, քանի որ այն գրված է  մի խումբ ուսանողների անունից, ինչը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա: Թե ինչո՞ւ է նամակը կրկին հայտնվել համացանցում, ըստ Կարեն Պետրոսյանի, անմիջական կապ ունի ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակի հետ. ինչը ոմանց կրկին ակտիվանալու հնարավորություն է տվել, սակայն հանգիստ է, քանի որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ավելին՝ բուհը նոր ուսումնական տարին մեկնարկում է նոր ծրագրերով:

Նշենք, որ Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան տիրույթում այսօր շնորհակալություն էր հայտնել Ռուբեն Հայրապետյանին՝ իր ջանքերի համար,իսկ նրան փոխարինող տիկին Գալոյանի մասին գրել. «Գիտենալով տիկին Գալոյանին, վստահ եմ, որ բուհում ձևավորված բարեփոխումները շարունակվելու են…»:

Մեր հարցին, թե այս գրառումով որևէ մեկին նախապատվություն տալի՞ս է, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Երկուսի հետ էլ  աշխատել եմ, երկուսն էլ մասնագիտական առումով բարձր հատկանիշներ ունեն, գնահատում եմ երկուսին էլ,իսկ պարոն Հայրապետյանի դիմումի հետ  կապված կասեմ,որ եթե նա եւ նախարարը միասին են որոշումը կայացրել եւ գտել են,որ այդպես ավելի նպատակահարմար է, ապա մեզ մնում է հետևել իրենց»:

Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները դադարեցված են, նախարարը դա կապեց Հայրապետյանի դոկտորականում հայտնաբերված արտագրությունների հետ։