Ռուզան Հովասափյան. Խփված տողեր

Ռուզան Հովասափյան. Խփված տողեր

***
Պատերազմը պետք է սիրահարվի ինձ – 
Ես պետք եմ նրան։ 

Պատերազմը պետք է սիրահարվի ինձ,
Եվ ես նրան մոռանալ կտամ
Իր բոլոր պոռնիկներին 
Ու կհիշեցնեմ 
Փշեպսակով երեխաների մասին 
Եվ նրանց փոքրիկ խաչերի...

Պատերազմը պետք է սիրի ինձ...
Նա չի էլ իմանա`
Ինչպես է իմ ճերմակ մարմինը 
Դառնում իր խիղճը, 
Ինչպես է խաղաղվում,
Որ ցնցվի 
Որբացած երեխաների աչքերին նայելիս…

 

***
Երանի 
Իմանայի` 
Պատերազմն ավարտվել է – 
Չավարտեի
Այս բանաստեղծությունը 
Պատերազմի մասին... 

 

***
Ես գիտեմ`
Առաջինը
Քեզնից եմ իմանալու, 
Որ 
Պատերազմն ավարտվել է։ 

Տեսնես –
Քեզ մո՞տ կվազեմ,
Թե՞ 
Բանաստեղծություն կգրեմ...

 

***
Իմ հայրենիք, 
Քո ամեն զինվորի համար 
Մի բանաստեղծություն ունեմ, 
Որ թշնամու գնդակը 
Իր վրա է առնում...

 

***
Դուք իմ բառի միջով 
Պիտի տուն վերադառնայիք, 
Իսկ դուք իմ տան միջով
Բռնում եք երկնքի ճամփան...

Իմ խփված տղերք, 
Իմ խփված տողեր... 

Բառերս ինչպե՞ս են 
Ինձ հարություն տալու, 
Որ ձեր մասին 
Գրեմ...

 

***
Իմ հայրենիքը
Հրթիռներն են հարվածում, 
Իմ հայրենիքը 
Ինքնաթիռներն են ռմբակոծում 
Եվ... 
Աշխարհի լռությունը... 

Եվ ամենից շատ արյուն
Աշխարհի լռությունը
Ետ մղելիս ենք թափում...

 

***
Աշուն է... 
Կարմիր աշուն է...

Ես վիրակապ եմ դնում 
Հայրենիքիս վերքին 
Ու չեմ հասցնում փոխել – 

Կարմիր, 
Կարմիր աշուն է... 

 

***
Ես անզոր եմ գրել
Պատերազմի մասին –
Ինձ իմ երգը բերեք... 

Իմ երգն էլ խաչ ուներ, 
Իմ երգն էլ էր քայլում 
Գողգոթայով սրտիս, 
Բայց իմ սիրտը մեկ-մեկ 
Կանաչ դաշտ էր դառնում – 

Ինձ իմ երգը բերեք...

 

***
Այս ձմեռ 
Ձյունը 
Միայն մայրերի 
Մազերին կիջնի, 
Իսկ ճամփաներին 
Խուլ 
Ոտնաձայններ կիջնեն, 
Որ միայն մայրերը կլսեն․․․

Ու մի պահ
Մայրերին կթվա,
Թե որդիները 
Երիցուկներ են շարում 
Իրենց մազերին...

 

***
Նրանք չգիտեին, 
Որ այս աշնան կարմիրը, 
Իրենք են բերելու... 

Նրանք չգիտեին, 
Որ այս աշունից 
Ետ չեն դառնալու, 

Ոչ ոք չգիտեր,
Որ նրանք 
Ետ չեն դառնալու... 

Միայն հայրենիքը գիտեր...

 


***
Ու երբ քառասուն օր
Երկաթե անձրեւ տեղաց, 
Ու երբ ջրերի տեղ 
Տղերքի արյունը քաշվեց,
Ես շյուղի ետեւից
Ուզեցի աղավնի ուղարկել – 

Երկինք չկար...

 

***
Հաղթանակիդ համար 
Ի՜նչ բառեր էի պահել․․․

Ես հիմա ինչպե՞ս եմ 
Թագավորելու
Ավերակ դարձած 
Բառերիս վրա...

 

***
Հայրենիք, 
Քո անցյալի 
Եվ այսօրվա 
Էջերի արանքում 
Պիտի Արցախի դաշտերից
Մի ծաղիկ դնեինք, 
Բայց տղերքի
Ծաղիկ կյանքը դրվեց...

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ