«Յոթը սարի ետեվում…». հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն

«Յոթը սարի ետեվում…». հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն

Հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 26-ը կանցկացվի «Յոթը սարի ետեւում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը, որն իրականացնում են Հովհաննես Թումանյանի թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը՝ համայնքների մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման եւ հանրայնացման նպատակով։ 

Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնին կարող են մասնակցել 13 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ․ «Փառատոնը տարիքային մասնակցության միայն ստորին շեմն է սահմանում: Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց համայնքը, այն բացահայտելու մեծ ցանկություն ունեն: Մասնակցել կարող են թե՛ անհատապես, թե՛ խմբով»:

Փառատոնի մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումն է, պահպանումը եւ հանրայնացումը: Մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ: 

Ի՞նչ ձեւաչափով է անցկացվելու փառատոնը։ «Նախ, մասնակիցը պարտադիր ծանոթանում է նախագծի կանոնակարգին, կատարում է մրցութային թեմայի ընտրություն, հայտի ներկայացում, փառատոնի կազմկոմիտեի գիտական ղեկավարությունը քննում է հայտադիմումը, հաստատում կամ մերժում է այն: Հաջորդ փուլում մասնակիցն անցնում է տեսական եւ գործնական ուսումնասիրություններին, որոնք վերահսկում է մրցույթ-փառատոնի՝ թեմային համապատասխանող մասնագետը: Առանց մասնագիտական վերահսկողության որեւիցե ուսումնասիրություն չի կատարվելու, քանի որ կանոնակարգով սահմանված է գիտականության որոշակի մակարդակ, որին հասնելու համար անհրաժեշտ է գիտական կոորդինացում:

Նախավերջին փուլում ներկայացնում են ստացված արդյունքը, իսկ վերջին փուլում մասնագիտական հանձնաժողովի կողմից քննվելու են բոլոր աշխատանքները, որոշվելու են հաղթողները՝ ըստ անվանակարգերի»,- ասում է նա ու հույս հայտնում, որ փառատոնի ամփոփումն ու մրցանակների հանձնումը տեղի կունենան թանգարանում, ոչ թե՝ առցանց:
Թե «հետախույզ-գիտնականներն» իրենց ուսումնասիրություններն ինչ ձեւով են ներկայացնելու, թանգարանի փոխտնօրենը նշեց, որ մասնակիցներն իրենց գիտական ղեկավարների հետ սկսելու են տեսական՝ թանգարանային ֆոնդերի, գրավոր աղբյուրների, վկայությունների ուսումնասիրություններից։ Փառատոնի կազմկոմիտեն հոգացել է նաեւ, որ բոլոր թանգարանները եւ գրադարանները հատուկ մասնակիցների համար բացեն իրենց դռները: Երկրորդ մասը գործնական ուսումնասիրությունների փուլն է. «Մասնակիցը կամ խումբը գնում է հուշարձանի տարածք, բանահավաքության վայր: Ուսումնասիրություններն ամփոփվելու են գրավոր տեքստով՝ որպես հավելված ունենալով լուսանկարներ, տեսանյութեր եւ այլն: Աշխատանքների ամփոփման ժամանակ մասնակիցը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքը, որի ձեւաչափը որոշում է գիտական ղեկավարը: Ի սկզբանե մենք ցանկություն ունեինք սահմանելու մեկ ընդհանուր ձեւաչափ, բայց մասնագետները հուշեցին, որ չկա մեկ միասնական ձեւաչափ այսքան բազմազան թեմաների համար: Ուստի որոշեցինք, որ ամեն աշխատանք կունենա իր գրավոր տեսքը՝ կախված թեմայից, եւ իր հավելվածը»:

Փառատոնի մասնակիցների աշխատանքները գնահատելու են պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման եւ պահպանման ոլորտի առաջատար գիտնականները։ «Նրանք տարբեր են լինելու ի պաշտոնե եւ մասնագիտական ուղղվածությամբ: Այս պահին ֆիքսված հանձնաժողով դեռեւս չկա, քանի որ այդ կազմի ընտրությունը կախված է աշխատանքների հավաքական ոլորտային բնույթից: Օրինակ՝ եթե մենք ունենանք ուտեստ ներկայացնող հայտ, ապա հանձնաժողովում կլինի հայկական ավանդական ուտեստն ուսումնասիրող ազգագրագետ,- ասում է Ա․ Հարությունյանն ու հավելում, որ մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն պատրաստակամ է նախագիծը դարձնելու ամենամյա։- Մեր հայրենիքի մշակութային գանձարանը սահմաններ չունի, ամեն տարի կարելի է բացահայտել այն եւ տեսնել, թե ինչպես է թվացյալ խուլ գյուղի հիշողության խորքից դուրս գալիս ժողովրդական մտածողության, կենցաղի, փորձի վկայություն, որը մասնակցին հուշելու է՝ ավելի շատ սիրել իր համայնքը, հայրենիքը»: