Քառօրյայի ու հեղափոխության մասնակցին հեռացրել են աշխատանքից․․․

 Քառօրյայի ու հեղափոխության  մասնակցին  հեռացրել  են աշխատանքից․․․

Արսեն Նիկողոսյանի հետ հարցազրույցի տեսանյութն եմ լսում  ու զարմանում։ Քառօյայի մասնակից է։ Առաջին օրվանից ակտիվ մասնակցել է հեղափոխությանը, ճանաչում է անձամբ հեղափոխական վերնախավին, մոտ է եղել նրանց հետ։ Նիկոլ Փաշինյանին գիտի 2006 թվականից,  ինչքան հասկանում եմ, լավ էլ կազմակերպիչ է։ Բայց արի ու տես որ հեղափոխությունից հետո մատուցող է աշխատում։ Սա ի՞նչ է վկայում․ որ այդ տղան ամբիցիաներ չի ունեցել, պարզապես հավատացել և կամեցել է, որ երկրում ինչ որ բան փոխվի։ Թե չէ ինքն էլ կարող էր կոկորդներին չոքել ու ասել՝ մի մարզպետի պաշտոն էլ ինձ տվեք։ Մնացածներն իրենից լավ չէի՞ն։ Երիտասարդ ակտիվիստը հետո տեսել է, որ ոչ մի բան չի փոխվել, աղքատին բանի տեղ դնող չկա, ընդհակառակը՝ ծաղրում են, պաշտոնյաներն էլ թափով հարստանում, առանձնատներ են կառուցում,  հիասթափվել է ու սկսել իր դժգոհությունն արտահայտել գրառումներով, լայվերով։ Դժգոհել է երկրում տեղի ունեցող գործընթացներից և հայտարարել, որ իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել,  նորերը նախկիններից իրենց կեցվածքով չեն տարբերվում։ Երիտասարդը լայվ է մտել, որտեղ ասում է, որ  Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն արդեն չափն ու սահմանն անցել է․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»։ «Պարոն Բաբայան,-ասում է նա,- որ դուք ու ձեր նմաններն եկել եք իշխանության, դա մեր շնորհիվ է եղել, դուք հեղափոխություն չեք արել։ Ես դիմում եմ այս խեղկատակ կառավարությանը, որի մեղավորներից մեկն էլ ես եմ, որ ձեզ բերել եմ իշխանության․․․»

Ինչևէ, քաղաքական հայտարարությունների համար այսօր հայտնի դարձավ, որ Արսեն Նիկողոսյանին հեռացրել են աշխատանքից։ Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» այգի- ռեստորանում մատուցող էր աշխատում։ Ակտիվիստին առանց ծանուցագրի հրավիրել են նաև  ոստիկանություն։

Լավ, հիմա էլ հեղափոխականներին պաշտպանե՞նք հեղափոխությունից։ Լավ է, մի պաշտոն չուներ, թե չէ քրեական հոդվածով կանցներ․․․