Նրանք երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը պատկերացնում են Ռուսաստանից անջատ` Թուրքիայից կախված

Նրանք երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը պատկերացնում են Ռուսաստանից անջատ` Թուրքիայից կախված

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:

- Պարոն Ջամալյան, խառը ժամանակներ ենք ապրում: Հիմա էլ թշնամուն են հանձնում Բերձորը, Աղավնոն: Այսպես մինչև ո՞ւր:

- Ստացվում է, որ եթե թշնամին բայրաքթարով հարվածի, օրինակ, Երասխավանին և հարակից հենակետերին ու մեզանից պահանջի Տիգրանաշենը, մենք դա էլ ենք նվիրելու իրենց: Սա ի՞նչ տրամաբանություն է` կապիտուլյացիոն տրամաբանություն: Եթե ամեն ինչ առավել դետալիզացված ներկայացնենք, նախ պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի այն պահանջը, որ Բերձորն ու հարակից գյուղերը պետք է հանձնվեն իրեն, լեգիտիմ չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի համաձայնագրում նշված չէ Բերձորի և հարակից գյուղերի հանձնման մասին: Համաձայնագրում ընդամենը նախատեսվում է երեք տարվա ընթացքում հաստատել Շուշին շրջանցող ճանապարհահատվածի պլանը` երկու կողմերի համաձայնությամբ: Իրավական առումով չկա որևէ պարտադրանք, չկա որևէ փաստաթուղթ, որ մենք Ադրբեջանին պետք է հանձնենք այս գյուղերը և նրանց ընդառաջ գնանք: Օրվա իշխանություններն ընդունելով, որ այս պահանջները ոչ լեգիտիմ են, ընդառաջ են գնում թշնամուն: Տրամաբանությունը հստակ է: Օրվա կապիտուլյացիոն ռեժիմն ունի վաղվա Հայաստանի իր տեսլականը: Ըստ այդ տեսլականի` պետք է ամեն գնով զիջումների գնալ, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Օրվա իշխանությունների համար թիվ մեկ սպառնալիքը, կարծես, Ռուսաստանն է, ամեն անգամ երբ խոսում են անկախության և ինքնիշխանության մասին, նրանք այդ անկախությունն ու ինքնիշխանությունը պատկերացնում են Ռուսաստանից անջատ, Թուրքիայից կախված…. սա է օրվա իշխանության վաղվա տեսլականը: Ամեն գնով թշնամու հետ բարեկամանալ, սակայն պետք է ֆիքսենք, որ նման ձևով թշնամու հետ հարաբերություններ չեն կարգավորում: Այս կոնցեպտի հեղինակը բրիտանաթուրքական ուժերն են, որոնք տարիներ շարունակ, գրանտային ծրագրերով սրանց ներարկել են այս վտանգավոր գաղափարները:

- Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ հայտարարել է, թե ադրբեջանցիները կարող են ցանկացած պահի հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

- Ես առհասարակ չեմ պատկերացնում տեսանելի հեռանկարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորում: Պատճառը ոչ թե այն է, որ խաղաղության օրակարգն ինձ համար խորթ է` բնավ, այլ այն, որ միակողմանի զիջումներով անհնար է կարգավորել հարաբերությունները: Եթե դիմացինը քեզ ոչնչացնելու նպատակ ունի, դու ինչո՞ւ ես խաղաղասեր ներկայանում: Սա տանում է պետականության անկման: Այո, Թուրքիան և Ադբրբեջանը մեր հարևան պետություններն են, որոնց հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալը տրամաբանական է, սակայն մենք պետք է ուժի դիրքերից լինենք, կանոններ թելադրենք, գոնե լինենք այնքան ուժեղ, որ կարողանանք կոմպրոմիսային ինչ-որ սխեմաներ մշակելու ռեսուրսներ ունենալ, կարողանանք այնպես անել, որ մեզ հետ հաշվի նստեն: Երբ թշնամին քո ներսում հաղորդակցության ուղիները փակել է` Գորիսից Կապան, շուտով պատրաստվում է Տիգրանաշենի հարցն առաջ բերել, այս ամենի ֆոնին անտեղի, անհիմն կերպով ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Ամեն ինչ շատ հստակ է: Գործող իշխանություններն իմիտացնում են, թե դիվանագիտական հարթակներում իրենք դիմադրում են, բայց իրականում սատարում են ադրբեջանական ուժերին, կատարում նրանց պահանջներն ու մեղքը բարդում Ռուսաստանի վրա: Այն դեպքում, երբ ռուսական կողմն իր միջոցներով գումարներ է ծախսում Արցախում հայ բնկաչությունը պահելու համար: Արցախ գնացող գումարները միայն Հայաստանից չեն, Ռուսաստանը ևս մեծ ներդրում ունի այս գործում: Տրամաբանությունը շատ պարզ է` Ռուսաստանը ցանկանում է Արցախում տեսնել հայերին, միայն այդ կերպ է հնարավոր իրավաքաղաքական առումով Ռուսաստանին տեսնել ռեգիոնում: Մենք ունենք մի դաշնակից, որին ձեռնտու չէ Արցախի հայաթափումը: Խնդիրն այն է, որ մեր իշխանություններն ընդառաջ գնալով Թուրքիային, փաստի առաջ են կանգնեցնում նաև դաշնակից Ռուսաստանին: Երբ պաշտոնական Երևանը համաձայնում է Թուրքիայի պայմաններին, Ռուսաստանը չի կարող լինել ավել հայ, քան Հայաստանը: Ռուսաստանն ամբողջությամբ չի կարող իր վրա վերցնել հայոց շահը, եթե Ռուսաստանին փաստի առաջ են կանգնեցնում, այո ռուսական կողմը կարող է ընկրկել: Եթե պաշտոնական Երևանը չհամաձայներ հանձնել Բերձորը, առաջնորդվեր նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ապա Ռուսաստանը տեր կկանգներ մեր դիրքորոշմանը:

- Արցախն ասում է, որ ամեն գնով ցանկանում է պաշտպանել իր հողը, սակայն չկա հնարավորություն: Այս առումով ի՞նչ լուծումներ կառաջարկեք Դուք:

- Իմ պատկերացմամբ անգամ չկա զենքի կիրառման կարիք: Անհրաժեշտության դեպքում ՊԲ-ն և ռուս խաղաղապահները կարող են ասել իրենց խոսքը և վճռականորեն տեր կանգնել մարդկանց ապրելու իրավունքին, եթե պաշտոնական Երևանը չանի իր «սև գործը»: Որպես զենք պետք է վերցնել տեղի բնակչության կտրուկ ՈՉ-ը և հիմնվել այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չկա հանձնվող գյուղերի մասին խոսք: Դրանից հետո պետք է ինտենսիվորեն բանակցել` հիմնվելով իրավաքաղաքական անխոցելի փաստարկների վրա: Հիմք ընդունելով այն, որ Ադրբեջնաը խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնագրում առկա կետերը, մենք կարող ենք մեր ձայնը դարձնել վճռական: