Ալիեւի որոշ հայտարարություններ պարզապես կարող են ժպիտ առաջացնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Աղդամում երեկ անցկացված առաջին քաղաքաշինական ֆորումի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնցում, ինչպեսեւ կարելի էր սպասել, շոշափել է «հայկական թեմատիկան»։ Նա մասնավորապես ասել է․
• Ադրբեջանը մեկընդմիշտ վերադարձել է իր տարածքները, որոնք ավելի վաղ եղել են օկուպացված։
• Միջազգային հանրությունն աչք է փակել Ադրբեջանի բնակչության մարդասիրական աղետալի վիճակի վրա։
• Մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին այն բանում, որ բազմաթիվ անգամներ այցելելով հակամարտության գոտի՝ տեսել են, թե ինչպես են հայերն անօրինական կերպով գտնվում ադրբեջանական հողերում, սակայն իրենց գործունեության 27 տարիների ընթացքում ոչ մի քայլ չեն ձեռնարկել եւ ոչ մի «թթու խոսք» չեն ասել Հայաստանի հասցեին։
• Ադրբեջանը չի աջակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման փորձերին։
• Մինսկի խումբը, ըստ Ալիեւի, ոչինչ չի արել, որպեսզի իրականացնի իր մանդատային լիազորությունները։
• Մինսկի խումբը փորձել է օրինականացնել «հայկական ագրեսիան», հավասարության նշան դնել ագրեսորի եւ զոհի միջեւ:
• Չնայած հայերն ադրբեջանցիներին շատ վնաս են հասցրել, այդուհանդերձ, Բաքուն խաղաղություն է առաջարկել Հայաստանին։
• Ադրբեջանը միջազգային իրավունքի հինգ բազային սկզբունքներ է առաջ քաշել, որոնք պետք է լինեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմքում։
• Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներն են, եւ Ադրբեջանը նրանց կյանքի կազմակերպման հարցում ոչ մեկի հետ չի խորհրդակցելու։
• Ղարաբաղը ոչ մի երկիր, ներառյալ Հայաստանը, չի ճանաչել։
• Հայաստանը թերագնահատել է ադրբեջանցիների կամքը եւ թանկ վճարել դրա համար:
• Խաղաղության գործընթացում կան հուսադրող դրական ազդակներ, հույս կա, որ խաղաղության պայմանագիրը շուտ կտորագրվի:
• Խաղաղության գործընթացը չպետք է երկարի, եւ եթե հայկական կողմը խորամանկի, մեծ սխալ գործած կլինի։
Սրանք հայտարարություններ են, որոնք առավել կամ պակաս չափով ադրբեջանական մեդիայից թարգմանվելով եւ վերահրապարակվելով՝ տեղ են գտնելու նաեւ հայկական մեդիադաշտում` որոշակի տրամադրություններ ստեղծելով։ Սակայն կարեւոր է այստեղ հասկանալ մի քանի պարզ իրողություններ։ Նախ, այս հայտարարություններն ուղղված են «ներքին լսարանի սպառմանը», այսինքն՝ Ալիեւը, այսպես ասած, հաղթանակի էյֆորիայի պահպանման համար հերթական անգամ հերթական չափաբաժնով ներարկում է կատարում ադրբեջանական հասարակության մեջ։ Նրա համար կարեւոր է, որ շարքային ադրբեջանցին պարուրված լինի այդ էյֆորիայով եւ չկենտրոնանա Ադրբեջանում արդեն տեւական ժամանակ առկա սոցիալ-տնտեսական, ֆինանսական խնդիրների ու այլ հարցերի վրա, որոնք երբեմն-երբեմն այնքան սուր կերպով են դրսեւորվում, որ հանգեցնում են առանձին՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ պատերազմի վետերանների բողոքների, անգամ ինքնահրկիզման փորձերի, այլ գործողությունների։
Ալիեւը փորձում է ամեն կերպ արդարացնել ադրբեջանական բանակի կորուստները, որոնք ունեցավ նաեւ վերջին ռազմական բախման ժամանակ։ Իրականում, նա լավ է հասկանում (որպես դիվանագիտական կրթություն եւ տեւական ժամանակ պետության ղեկավար լինելով), որ այն թեզերը որոնք ինքն առաջ է քաշել շարքային ադրբեջանցուն «կերակրելու» համար, դրսում ընդամենը կարող են ժպիտ առաջացնել կամ էլ տրամադրել Բաքվի հետ հերթական «կորզելիքի» շուրջ «առեւտուր» սկսելուն։ Այնպես որ, Ալիեւից ավելի թունդ բաներ լսելիս էլ պետք է հանգիստ ընդունել, որովհետեւ մարդը դեպրեսիայի մեջ է, հայտնվել է միանգամից մի քանի կրակի արանքում ու չի կարողանում ելք գտնել։ Ի վերջո, ինքն էլ է հասկանում, որ ոչ հեռու ապագայում «յուղոտ պատառ» է դառնալու, եւ արդեն այսօր մեծավ մասամբ շատ հարցեր ինքը չի որոշում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, ինչն արդեն պետք է դիտարկել Հարավային Կովկասի նոր տարածաշրջանային քաղաքական ճարտարապետության հետ համադրության մեջ:
Կարծիքներ