Ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունի Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունի Վազգեն Մանուկյանը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Մամուլի ազգային ակումբի սրահում ասուլիսին այն միտքն է արտահայտել եւ զարգացրել, թե «Հայաստանում եւ Ղարաբաղում աշխատում են ազատվել ինքնուրույն մտածող մարդկանցից»: Հոկտեմբերի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության տաղավարում Արամ Աբրահամյանի հյուրն էի եւ հորդոր հղեցի Գառնիկ Իսագուլյանին, որ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ «պատերազմ» ունի՝ թող մղի Հայաստանում, բացառապես ներհայաստանյան իրողությունների շուրջ, Արցախը չներքաշի: Ասացի, որ 1990-95թ.թ. Իսագուլյանի հետ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել, այդ իրավունքով եմ դիմում իրեն: Այս դեպքում պիտի ասեմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանին նշանակելու մասին ԳԽ որոշմանը կողմ քվեարկողներից մեկն էի ու թեեւ երբեք նրա հետ անձնական շփում չեմ ունեցել, բայց ինձ թույլ եմ տալիս հարցնել՝ ի՞նչ կամ ու՞մ նկատի ունի, երբ ասում է, թե «Ղարաբաղում աշխատում են ազատվել ինքնուրույն մտածող մարդկանցից»:

Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախում հրաժարական է տվել պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մամուլի ասուլիսում պարզաբանելով դրդապատճառներն ու շարժառիթները: Պաշտոնից ազատվել են ԱԱԾ տնօրենը եւ Ոստիկանության պետը: Նման պահանջ դրվել էր մի քանի օր շարունակված ակցիայի մասնակիցների կողմից: Փոխվել է Պաշտպանության բանակի հրամանատարը, որ ներկայումս զբաղեցնում է Ոստիկանության պետի ոչ պակաս պատասխանատու պաշտոնը, իսկ ԱԱԾ նախկին տնօրենն Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Վիտալի Բալասանյանի փոխարեն: Սրանք են մեկուկես տարվա հիմնական փոփոխությունները, որոնցից միայն մեծ երեւակայության դեպքում է հնարավոր մտահանգել, թե «Ղարաբաղում աշխատում են ազատվել ինքնուրուն մտածող մարդկանցից»:

Թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ո՞րն է իրավիճակի իր գնահատականը՝ Վազգեն Մանուկյանը թող արտահայտվի՝ ինչպես կարծում եւ նպատակահարմար է գտնում: Բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Արցախը: