Երեք միլիոն վարչապետների դատավարությունը

Երեք միլիոն վարչապետների դատավարությունը

Կարող էր լինել այնպես, որ ես ապրեի մի երկրում, որը ղեկավարում էին պարտվածները:
Կարող էր լինել այնպես, որ ես ապրեի մի երկրում, որտեղ պարտվածները դատում էին հաղթողներին:

Եվ դատողը մեկն էր, որը փակել էր բոլոր դատարանների դռները եւ իրեն հռչակել տեր ու դատավոր, թեեւ ինքն էլ էր, ընդամենը, երեք միլիոն վարչապետներից մեկը, բայց ինչպես հռոմեացիներն էին ասում. 

Primus inter pares - առաջինը հավասարների մեջ: 

Ձեւակերպում, որ շատ ավելի ուշ իր «Անասնաֆերմա» վեպում գրեթե կրկնեց Ջորջ Օրուելը. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի են հավասար»:
Այո, կարող էր պատահել այդպես, որ ես էլ ապրեի այդ երկրում, որտեղ անխտիր բոլոր բնակիչները վարչապետ էին, եւ լսեի, թե ինչպես է հավասարների մեջ առաջինը շարունակ գոռգոռում եւ երկաթե մուրճը թափահարում մյուս վարչապետների գլխին:

- Ես ձեզ դեռ ե՞րբ եմ ասել, որ ինչ էլ լինի, ձեզ պարտված չհամարեք, այնինչ ձեր միջի էլիտա կոչվածներն այդպես էլ չհասկացան, որ մենք ոչ թե պարտվել ենք, այլ՝ հաղթել: Չհասկացան, որ ես իմ կամքն էի թելադրում հակառակորդին, եւ նրանք իմ գաղտնի նետած խայծը կուլ տվեցին ու խայտառակ պարտություն կրեցին, - հավասարների մեջ առաջինը շարունակում էր թափահարել մուրճն ու գոռալ.

- Շատ են ասում, որ ինձ երկու անգամ առաջարկվել է դադարեցնել պատերազմը, բայց ես մերժել եմ: Ճիշտ եմ արել, մենք ինքնիշխան պետություն ենք, նախկիների ասած՝ բարեկամ կոչված պետությունները չէ, որ որոշելու են մեր անելիքը, ես եմ որոշում, որովհետեւ ես իմ ծրագիրն ունեի, ես հակառակորդին թողեցի նախկինների գրաված տարածքները. մեզ պե՞տք էին դրանք, մեզ պե՞տք էր Շուշիի պես դժգույն ու դժբախտ քաղաքը: Իհարկե` ոչ, ես թողեցի այդ բոլորը, որ հակառակորդն իր նավթային փողերը ներդնի-կառուցի ու սնանկանա: Դուք չհասկացաք, որ նպատակս թշնամուն սնանկացնելն էր:

Դուք չհասկացաք ու դավաճանեցիք ինձ, ես վերափոխեցի ձեր խեղճուկրակ գոյությունը, ձեզ՝ բոլորիդ, հպարտ քաղաքացի ու վարչապետ հռչակեցի, իսկ դուք` երախտամոռներդ, դավաճանեցիք ինձ: Ես երկրորդ անգամ ընտրվեցի ավելի կարծր, դիմացկուն մանդատի համար, իսկ դուք ինձ իննսուն տոկոս ձայն չտվեցիք, ինձ ստախոս անվանեցիք: Այո, դավաճանեցիք, իմ ոչ մի առաջարկն ու հրամանը չկատարեցիք:

Մի օր ձեզնից մեկը հեռուստատեսությամբ ասաց,- ցանկացած երկրի Սահմանադրական դատարանն այդ երկրի իրավունքի սահմանապահն է: Դրա համար էլ ես փոխեցի Սահմանադրական դատարանը, որովհետեւ Սահմանադրական դատարանն էլ,  դատավորներն էլ ես եմ եւ ես եմ որոշում, թե ում առաջ կբացեմ իմ ստեղծած նոր Հայաստանի սահմանները:
- Այդ ե՞րբ էր, որ ձեզ ասացի,- վերացրե՛ք կարմիր գծերը, ճանապարհներից հանե՛ք, ոչնչացրե՛ք նկարահանող սարքերը, իսկ դուք չարեցիք, ինչո՞ւ չարեցիք:

 Հավասարների մեջ առաջինը մուրճը թափով խփեց ամբիոնին եւ շարունակեց գոռգոռալ,- այ, դրա համար էլ ասում եմ, որ ձեր աղքատությունը ձեր դատարկ գլխի մեջ է: Որ ինձ լսեիք, կարմիր գծերը ջնջեիք ու նկարահանող սարքերը հանեիք, տուգանքներ չէիք մուծի ու կհարստանայիք: Զարմանալի անհասկացող ժողովուրդ դուրս եկաք, իսկ ես մեծահոգաբար ձեզ վարչապետ հռչակեցի, ձեզ հպարտ քաղաքացի անվանեցի: Ասացի` գնացեք տասը միլիոն ծառ տնկեք, արեցի՞ք իմ հրամանը, քանի՞ ծառ եք տնկել: Հետո էլ ազգից, հայրենիքից եք խոսում, դուք անբան եք:
Ամբողջ երկիրը հեռավար լսում էր նրան ու լուռ էր, ոչ ոք ձայն չէր հանում, բացի մի քանի հոգուց, որ փորձում էին հարցեր տալ, մյուսները, սակայն, լռեցնում էին նրանց, ասելով` թողեք թող խոսի: Եվ նա շարունակում էր խոսել.

- Ինձ պարտված, կապիտուլյանտ, հողատու եք անվանում, փոխանակ ես ձեզ անվանեմ դավաճան: Ես ասացի՝ գնացե՛ք ու հաղթե՛ք թշնամուն, ինչո՞ւ չհաղթեցիք: Ինչո՞ւ ուրացաք հայրենիքը: Ո՞ւր էր սփյուռքը, որ մեծ-մեծ խոսում է, բայց այնքան քիչ փող հավաքեց, որ նույնիսկ պարգեւավճարներին չհերիքեց: Ասացի` հարեւաններից պարտքով սաղավարտ ու բաճկոն վերցրեք, եթե տանը չունեք, ինչո՞ւ չվերցրիք:

Ղարաբաղի էն Արայիկ կոչվածն էլ մի պտուղ չի, մի դավաճան էլ նա է, ասացի` Ստեփանակերտի երկինքը փակի` չփակեց:

Հավասարների մեջ առաջինը նորից բարձրացրեց մուրճը եւ գոռաց.
- Դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեզ: Ես փակում եմ բոլոր դատարանները, քանի որ դատավորները նույնպես դավաճան են, դավաճան է նաեւ Ազգային ժողովը, իմ մտերիմ կոչվածները, բոլորն իմ տեղի վրա աչք ունեն, օլիգարխները, որոնց ես խոշոր գործարար անվանումով պատվեցի, եւ ընդհանրապես՝ ի՞նչ կարիք կա Ազգային ժողովի ընտրություններ կազմակերպելու, ավելորդ փող է ծախսվում, պատգամավորներին ես կնշանակեմ: Ես եմ գերագույն հրամանատարն ու դատավորը եւ ես եմ դատելու:

Եվ ես հիմա ազնվորեն ասում եմ,- ես ոչ մի բանում մեղավոր չեմ, բայց հավասարների մեջ առաջին պատասխանատուն եմ, սակայն ես պատասխանատու եմ ոչ թե ձեր առջեւ, դուք արժանի չեք, ես պատասխանատու եմ եկողների առջեւ, նաեւ նրանց առջեւ, ովքեր կապրեն-կդիմանան մինչեւ 2050 թվականը եւ կտեսնեն, որ ապագա կա ապագա…

Հեռավար լսող երեք միլիոն վարչապետների մեջ աղմուկ առաջացավ, խոսում էին գրեթե բոլորը, ոչ մեկը մյուսին չէր լսում: Եվ հավասարների մեջ առաջինը օգտվեց աղմուկից ու ասաց.
- Ահա, տեսնո՞ւմ եք, չեք կարողանում ազգովի միասնական մեկ նախադասություն ձեւակերպել եւ հետեւողական լինել, թե ինչ եք ուզում, որովհետեւ դուք չգիտեք, ես գիտեմ, թե ինչ եք ուզում:
Աստվածաշունչն ասում է. մի դատիր, որ չդատվես: Իսկ ես ասում եմ` դատի՛ր, որ չդատվես, այսինքն` բոլորդ պիտի դատվեք, դատելու եմ նաեւ ոստիկանությանը, դատապարտելու եմ նրանց` դատվածներիդ հսկելու:

Եկեղեցուն էլ, մամուլին էլ թող չթվա, որ ես իրենց ձեռքը կարող եմ գերի դառնալ, իրենք էլ են մեղավոր, իրենք էլ են դատվելու:

Ձեր մեղքով հազար բան կիսատ մնաց. դրոշը, զինանշանը, օրհներգը պիտի փոխվեր, պետք էր փոխել նաեւ Մայր Հայաստանի արձանը, որովհետեւ այդ արձանը նախկինների մայրն է, Հին Հայաստանի մայրն է: Նոր Հայաստանին Մայր Հայաստանի նոր արձան է պետք… Հին մայրը մեզ պե՞տք է:

Հանկարծ հեռավար լսող երեք միլիոն վարչապետների սահմռկեցուցիչ միաձայն աղմուկը լսվեց.
- Ո՛չ, Մայր Հայաստանը սրբազան է, ձեռքերդ հեռու Մայր Հայաստանից: Ո՛չ, մենք հրաժարվում ենք քո տված վարչապետի կոչումից, հրաժարվում ենք հպարտ քաղաքացիությունից, մենք հայ ժողովուրդն ենք, մեր ազգը մարդկության կենդանի հիշողությունն է: Մի՛ աղտոտիր մեր պատմությունն ու մեր զավակների կյանքը: Բա՛վ է, հեռացի՛ր, հեռացի՛ր, հեռացի՛ր…
Երեք միլիոն վարչապետների ցասման ձայնն այնքան բարձր էր, որ ես վեր թռա քնից: Արթնացա եւ ուրախացա: Տեր Աստված, ի՞նչ լավ է, որ այդ ամենը երազ էր, եւ ես այդ երկրում չեմ ապրում: Բայց երբ աչքս ընկավ հեռուստացույցի էկրանին, սարսափով տեսա, որ դա նաեւ իմ կյանքն է եղել, եւ որ հավասարների մեջ այդ առաջինը՝ հրաժարական չտված միակ վարչապետը, շարունակում էր գոռգոռալ ու ճոճել մուրճը, բայց այլեւս՝ դատարկ տարածության մեջ…

Մերուժան Տեր-Գուլանյան