Միշել Ֆուկո. Սուբյեկտը եւ իշխանությունը

Միշել Ֆուկո. Սուբյեկտը եւ իշխանությունը

Ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան եւ մշակույթի տեսաբան, ֆրանսիական ստրուկտուրալիզմի ակնառու ներկայացուցիչ Միշել Ֆուկոն 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ մտածողներից է։ Ներկայացնում ենք հատվածներ նրա «Սուբյեկտը եւ իշխանությունը» աշխատությունից։ 

Գաղափարները, որոնց մասին ես կուզենայի խոսել, չեն փոխարինում ո՛չ տեսությանը, ո՛չ մեթոդաբանությանը։ Ես արագորեն հասկացա, որ եթե մարդկային սուբյեկտը մտնում է արտադրական հարաբերությունների եւ իմաստավորման հարաբերությունների մեջ, ապա նա հավասարապես մտնում է նաեւ իշխանության հետ հարաբերությունների մեջ, որոնք աչքի են ընկնում մեծ բարդությամբ։ Բայց այն հարցի վերաբերյալ, ինչն առնչվում է իշխանության հարաբերություններին, ուսումնասիրման առանձնահատուկ մեխանիզմներ մշակված չեն եղել. մենք իշխանությունը գիտակցելու համար դիմել ենք միջոցների, որոնք հիմնված էին մերթ իրավաբանական մոդելների վրա (ով է լեգիտիմացնում իշխանությունը), մերթ ինստիտուցիոնալ մոդելների վրա (ինչ է պետությունը)։ Հետեւաբար՝ առաջացել է իշխանության բնորոշման սահմաններն ընդլայնելու անհրաժեշտություն, եթե մենք ուզում ենք օգտվել այդ բնորոշումից հանուն սուբյեկտի օբյեկտիվացման ուսումնասիրության։ Ֆրանսիական ազդեցիկ թերթի թղթակիցը մի անգամ զարմանք արտահայտեց. «Ինչո՞ւ են այսքան մեծ թվով մարդիկ այսօր բարձրացնում իշխանության մասին հարցը։ Արդյոք այդչափ կարեւո՞ր է այդ թեման։ Եվ այդքան կարեւո՞ր է, որ մենք կարողանանք այդ մասին խոսել՝ հաշվի չառնելով մյուս խնդիրները»։ Այդ զարմանքն ապշեցրեց ինձ։ Ես դժվարանում եմ հավատալ, որ պահանջվեց սպասել ամբողջ 20-րդ դարի ընթացքում, որպեսզի այս հարցը վերջապես դրվի։ Չէ՞ որ, ինչ էլ լինի, իշխանությունը միայն տեսական հարց չէ, այլ նաեւ մեր փորձի մասը հանդիսացող ինչ-որ բան։ Հղում կանեմ իշխանության լոկ երկու «հիվանդագին ձեւերին». այդ երկու «հիվանդագին ձեւերն» են ֆաշիզմն ու ստալինիզմը։ Ե՛վ ֆաշիզմը, ե՛ւ ստալինիզմը կիրառել ու ընդլայնել են մեխանիզմներ, որոնք արդեն գոյություն ունեին այլ հասարակություններում։ 

Որպես մեկնարկակետ՝ ես առաջարկում եմ դիտարկել հակազդեցության որոշ տարատեսակներ, որոնք զարգացել են վերջին տարիներին. հակազդեցությունը կանանց հանդեպ տղամարդկանց իշխանությանը, երեխաների հանդեպ ծնողների իշխանությանը, հոգեկան հիվանդների հանդեպ հոգեբուժության իշխանությանը, մարդկանց ապրելակերպի հանդեպ վարչարարության իշխանությանը։ Բավարար չէ ասել, որ այդ հակազդեցությունը հանդիսանում է իշխանության հետ պայքար, անհրաժեշտ է փորձել ավելի հստակ բնորոշել, թե դրանք ինչ ընդհանրություն ունեն։ 1) Դա «տրանսվերսալային» պայքար է. այսինքն՝ ես նկատի ունեմ, որ այն չի սահմանափակվում որոշակի երկրներով։ Ի՛նչ խոսք, որոշ երկրներ նպաստում են դրա զարգացմանն ու դյուրացնում դրա տարածումը, բայց այդ պայքարը չի սահմանափակվում քաղաքական ու տնտեսական կառավարման ինչ-որ որոշակի ձեւով։ 2) Այդպիսի պայքարի նպատակները հենց իշխանության իրականացման հետեւանքներն են։ Օրինակ՝ բժշկի մասնագիտությանը հասցեագրված կշտամբանքները նախեւառաջ ուղղված են ոչ թե այն խնդրին, որ այն հանդիսանում է հարստացման նպատակ հետապնդող ձեռնարկություն, այլ այն խնդրին, որ բժիշկներն իրենց իշխանությունն անկառավարելիորեն կիրառում են անհատների մարմինների ու առողջության, նրանց կյանքի ու մահվան հանդեպ։ 3) Դա «անմիջական» պայքար է, ընդ որում՝ երկու պատճառով։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ մարդիկ քննադատում են իշխանության՝ իրենց առավել մոտ կանգնած ատյանները, այն ատյանները, որոնք իրականացնում են ներգործություն անհատների վրա։ Նրանք փնտրում են ոչ թե «թիվ 1 թշնամի», այլ անմիջական թշնամի։ Բացի այդ՝ նրանք չեն կարծում, որ իրենց խնդիրների լուծումը կարող է տեղադրված լինել ինչ-որ ապագայում (այսինքն՝ ազատագրման, հեղափոխության, դասակարգային պայքարի ավարտի խոստումներում)։ Դրա առանձնահատուկ բնույթը, ավելի շուտ, բնորոշվում է այսպես։ 4) Սա պայքար է, որը կասկածի տակ է դնում անհատի կարգավիճակը. մի կողմից՝ այն հաստատում է տարբերվելու իրավունքը եւ ընդգծում է այն ամենը, ինչն անհատներին կարող է դարձնել իսկապես անհատական։ Մյուս կողմից՝ այն հարձակվում է ամեն ինչի վրա, ինչը կարող է մեկուսացնել անհատին, կտրել մյուսներից, մասնատել հասարակական կյանքը, անհատին ստիպել՝ ինքն իր մեջ ներփակվել եւ նրան կապել իր իսկ նույնականությանը։ 5) Այսօրինակ պայքարն ամփոփված է իշխանության այնպիսի հետեւանքներին ընդդիմանալու մեջ, ինչպիսիք կապված են գիտելիքի, իրազեկության եւ որակավորման հետ։ 6) Ի վերջո, պայքարի ժամանակակից բոլոր տարատեսակները հանգում են միեւնույն հարցին՝ ո՞վ ենք մենք։ Դրանք հանդիսանում են հրաժարում այդ բոլոր վերացարկումներից, հրաժարում բռնությունից, որն իրականացվում է տնտեսական ու գաղափարախոսական պետության կողմից եւ որն անտեսում է, թե մենք անհատապես ինչ ենք ներկայացնում մեզնից, ինչպես նաեւ՝ հրաժարում մեր նույնականությունը պայմանավորող գիտական ու վարչական հետազոտություններից։ 

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ գոյություն ունի պայքարի երեք տեսակ․ այն, որը դիմակայում է իշխանության եղանակներին (էթնիկական, սոցիալական ու կրոնական), այն, որը բացահայտում է շահագործման եղանակները՝ անհատին իր արտադրածից անջատող, եւ այն, որը պայքարում է ամեն ինչի դեմ, ինչն անհատին կապում է ինքն իր հետ ու դրանով իսկ ապահովում նրա հպատակվելն ուրիշներին (պայքար հպատակեցման, սուբյեկտիվության կամ ստրկացման տարատեսակ ձեւերի դեմ)։ Պատմությունը լի է սոցիալական պայքարի այս երեք ձեւերի օրինակներով. դրանք պատահում են ե՛ւ առանձին, ե՛ւ տարբեր համադրություններով։ Սակայն ես կցանկանայի ընդգծել այն փաստը, որ պետական իշխանությունը (ահա թե որն է դրա ուժի պատճառներից եւս մեկը) հանդիսանում է միաժամանակ թե՛ գլոբալիզացնող, թե՛ տոտալիզացնող իշխանության ձեւ։ Իշխանության իրականացումը չի հանդիսանում պարզապես հարաբերություն անհատական կամ կոլեկտիվ «գործընկերների» միջեւ․ սա որոշ մարդկանց ազդեցության միջոցն է որոշ այլ մարդկանց վրա։ Դա էլ, իհարկե, նշանակում է, որ չկա այնպիսի իշխանություն, որը գոյություն կունենար գլոբալ առումով՝ որպես մի երեւույթ, որը համատարած է կամ գտնվում է ոչ պարզորոշ, կենտրոնացված կամ ցրված վիճակում. գոյություն ունի լոկ այնպիսի իշխանություն, որի միջոցով «ոմանք» ազդում են «մյուսների» վրա, իշխանությունը գոյություն ունի միայն գործողության մեջ, նույնիսկ եթե, բնականաբար, այն ներգծվում է շարունակական կառուցվածքների վրա հիմնված տարանջատ հնարավորությունների դաշտում։ Դա նշանակում է նաեւ, որ իշխանությունը չի պատկանում համաձայնության կարգին. իշխանությունն ինքնին չի հանդիսանում ո՛չ հրաժարում ազատությունից, ո՛չ իրավունքների փոխանցում, ո՛չ բոլորի ու յուրաքանչյուրի իշխանություն՝ ոմանց մոտ որպես պատգամավոր  ուղարկված (ինչը չի խոչընդոտում այն բանին, որ համաձայնությունը կարողանա դառնալ իշխանության հարաբերությունների գոյության ու պահպանման պայման), իշխանության հարաբերությունները կարող են լինել նախնական կամ շարունակական համաձայնության պայման, ի բնե դրանք չեն հանդիսանում կոնսենսուսի հրովարտակ։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ իշխանության հարաբերություններին բնորոշ էությունն ընդհանուր վեկտոր ունի բռնության հետ։ Փաստորեն, իշխանության հարաբերությունները բնորոշվում են ուրիշների վրա ազդող գործողության եղանակով՝ ոչ ուղղակիորեն ու անմիջականորեն, բայց նրանց գործողությունների միջոցով։ Ազդեցություն գործողության վրա, հրատապ կամ հավանական գործողությունների վրա՝ ապագա կամ ներկա։ Բռնության հարաբերությունն ազդում է մարմինների, իրերի վրա. դրանք հարկադրում են, հնազանդեցնում են, կոտրում են, ավերում են, դրանք փակում են բոլոր հնարավորությունները, հետեւաբար՝ դրանց համապատասխանում է միայն հակադիր բեւեռը, պասիվության բեւեռը, իսկ եթե բռնության հարաբերությունները հանդիպում են դիմադրության, ապա դրանք չեն ունենում ընտրության այլ տարբերակ, քան դիմադրությունը թուլացնելու փորձն է։ Մինչդեռ իշխանության հարաբերությունները կազմակերպվում են երկու պահանջի համաձայն, ինչն անհրաժեշտ է այն բանի համար, որ դրանք լինեն հենց իշխանության հարաբերություններ. «ուրիշին» (նրան, ով իր մաշկի վրա զգում է իշխանության ուժը) հարկ է ճանաչել ու մինչեւ վերջ պահպանել որպես գործողության սուբյեկտ, իշխանության հարաբերությունների առաջ պիտի բացվի հնարավոր պատասխանների, արձագանքների, հետեւանքների, հայտնագործությունների մի ամբողջ դաշտ։ Իշխանության հարաբերությունների իրականացումը, ակներեւաբար, նույնքան համատեղելի է բռնության հետ, որքան եւ համաձայնության ձեռքբերման հետ. թերեւս, իշխանության ոչ մի իրականացում չի կարող գոյություն ունենալ կա՛մ առանց առաջինի, կա՛մ առանց երկրորդի, իսկ հաճախ էլ՝ առանց միաժամանակ երկուսի։ Բայց եթե ե՛ւ բռնությունը, ե՛ւ համաձայնությունը հանդիսանում են իշխանության զենքեր կամ հետեւանքներ, ապա դրանք չեն ձեւավորում իշխանության ո՛չ սկզբունքները, ո՛չ էությունը։ Իհարկե, իշխանության իրականացումը կարելի է, ըստ ցանկության, ընդունել կամ չընդունել. իշխանությունը կարող է դիզել դիակներ կամ թաքնվել հնարավոր բոլոր սպառնալիքների ետեւում։ Բայց իշխանությունն ինքնին չի հանդիսանում ո՛չ բռնություն, որը կարող է երբեմն թաքնվել, ո՛չ համաձայնություն, որը գաղտնաբար վերականգնվում է։ Իշխանությունը հանդիսանում է բազմաթիվ ազդեցություններ՝ հավանական գործողություններին ուղղված։ 

Երբ մենք իշխանության իրականացումը բնորոշում ենք որպես այլոց վրա ազդելու միջոց, երբ մենք այդ ամենը բնութագրում ենք որպես մարդկանց մի մասի կողմից մյուսների «կառավարում»՝ բառիս ամենալայն իմաստով, մենք այստեղ ներառում ենք մի կարեւոր տարր՝ ազատության տարրը։ Իշխանությունն իրականացվում է լոկ «ազատ» սուբյեկտների հանդեպ եւ լոկ այնքանով, որքանով նրանք «ազատ» են. այստեղ մենք նկատի ունենք անհատական կամ կոլեկտիվ սուբյեկտներին, որոնց առաջ բացվում է հնարավորությունների որոշակի դաշտ, ուր կարող են տեղ գտնել ղեկավարման, արձագանքների ու վարքի տարատեսակ ձեւերը։ Իշխանության հարաբերությունները բացակայում են հավելյալ դետերմինացիայում. ստրկությունն իշխանության հարաբերություններին առնչվում է ոչ թե այն ժամանակ, երբ մարդը կապանքների մեջ է (այս դեպքում խոսքը վերաբերում է հարկադրանքի ֆիզիկական ձեւերին), այլ հատկապես այն ժամանակ, երբ նա կարողանում է տեղաշարժվել եւ, ծայրահեղ դեպքում, փրկվել փախուստի միջոցով։ Հետեւաբար՝ իշխանության ու ազատության միջեւ գոյություն չունեն դիմակայման հարաբերություններ կամ միմյանց փոխադարձաբար բացառող հարաբերություններ (ամենուր, որտեղ իրականացվում է իշխանություն, ազատությունն անհետանում է)։ Ո՛չ, նրանց փոխազդեցությունը շատ ավելի բարդ է, այդ փոխազդեցության մեջ ազատությունը ժամանակ առ ժամանակ ներկայանում է որպես իշխանության իրականացման պայման (միաժամանակ թե՛ որպես դրա նախնական պայման, քանի որ իշխանության իրականացման համար անհրաժեշտ է ազատություն, թե՛ որպես դրա շարունակական հենարան. չէ՞ որ եթե ազատությունն ամբողջությամբ խուսափեր իր հանդեպ իրականացվող իշխանությունից, ապա կանհետանար նաեւ իշխանությունը, եւ այն ստիպված կլիներ իր համար փոխարինող գտնել բռնի հարկադրանքի մեջ)։ Այդպիսով՝ իշխանությունն ու ազատության անհնազանդությունն անբաժանելի են։ Ըստ էության՝ բախման ցանկացած ռազմավարություն երազում է դառնալ իշխանության հարաբերություններ, իսկ իշխանության ցանկացած հարաբերություն, ե՛ւ եթե դրանք հետեւում են զարգացման սեփական գծին, ե՛ւ եթե դրանք հանդիպում են ճակատային դիմակայության, հակված են այն բանին, որ դառնան հաղթանակի ռազմավարություն։ Փաստորեն, իշխանության հարաբերություններին ու պայքարի ռազմավարություններին բնորոշ են փոխադարձ կանչը, դժվարությամբ բնութագրվող շղթայակցումները եւ շարունակական վերապտտումը։ 

Իշխանության հարաբերությունները ցանկացած պահի կարող են դառնալ (իսկ երբեմն նաեւ դառնում են) հակառակորդների միջեւ բախում։ Նույնկերպ էլ՝ հասարակության ներսում թշնամանքի հարաբերությունները ցանկացած պահի առիթ են տալիս իշխանության մեխանիզմների կիրառման համար։ Տիրապետությունն իշխանության գլոբալ կառուցվածքն է, դրա իմաստներն ու հետեւանքները կարելի է գտնել հասարակության նույնիսկ ամենանոսր գործվածքի մեջ. բայց, միաժամանակ, տիրապետությունը ռազմավարական իրավիճակ է, որն ավելի կամ պակաս չափով ձեռք է բերվել հակառակորդների միջեւ պատմական երկարատեւ բախման ընթացքում։ Որոշակի խմբի կամ որեւէ դասի տիրապետությունը, ինչպես նաեւ դիմադրություններն ու ապստամբությունը, որոնց այն բախվում է, հասարակությունների պատմության մեջ կենտրոնական իրողության են վերածվում այն ժամանակ, երբ այդպիսի տիրապետությունը եւ այդպիսի դիմադրությունը գլոբալ ու զանգվածային ձեւով, սոցիալական մարմնի մասշտաբով՝ ամբողջությամբ վերցված, առաջացնում են իշխանության հարաբերությունների շղթայակցում ռազմավարական հարաբերությունների հետ եւ դրանք փոխադարձաբար մղում են շարժման։ 

Ռուսերենից թարգմանությունը` Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ