Գյումրու ընտրություններին ՔՊ-ի հույսը քրեական հեղինակություններն ու աղանդավորական շարժումներն են

Գյումրու ընտրություններին ՔՊ-ի հույսը քրեական հեղինակություններն ու աղանդավորական շարժումներն  են

Գյումրիում մարտի 30-ին սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրությունները ՔՊ-ականների համար այնքան լուրջ հարց է դարձել, որ անխնա լծվել են ամեն գնով ռեսուրսներ հավաքելուն։ Շիրակի մարզի ՔՊ-ականները տարատեսակ հանդիպումների միջոցով իրենց շուրջն են համախմբում նրանց, ովքեր քիչ թե շատ հեղինակություն են եւ ընտրություններին այս կամ այն կերպով կարող են որոշակի ձայն ապահովել։ Թերևս, պատահական չէ, որ օրեր առաջ ՔՊ-ի կողմից ընտրված Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը քաղաքում աղբի մշակման գործարան բացելու համար քննարկում էր անցկացնում «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերության ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև Միջազգային փառաբանության կենտրոնի հոգևոր հովիվ Արա Կոջոյանը։ Ի դեպ, Գյումրիում ՄՖԿ -ի հետևորդների թիվը քիչ չէ եւ այդ եկեղեցու ներկայացուցիչների համար Արա Կոջոյանի խոսքը արժեք է։

Գյումրեցիների համար մի զարմանալի բան էլ օրերս Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի կողքին Գյումրու շուկայի սեփականատեր, հայտնի քրեական հեղինակություն «Շարամ»-ի որդուն տեսնելն էր։ Շիրակի մարզպետը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ մասնակցում էր Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։ Ուշագրավ է, դատելով մարզպետարանի կայքէջում հայտնված լուսանկարից, մարզպետի կողքին կիպ նստած երիտասարդը՝ «Շարամ»-ի որդին, Առուշանյանի հետ ինչ-որ մտերմիկ բան է քննարկում։