ՀԳՄ նախագահությունն ակնկալում է վարչապետի հրաժարականը

ՀԳՄ նախագահությունն ակնկալում է վարչապետի հրաժարականը

«Ոչ թե ՀԳՄ-ն, այլ` ՀԳՄ նախագահությունը, ոչ թե` պահանջում, այլ ակնկալում է վարչապետի հրաժարականը»․ նախօրեին Հայաստանի գրողների միության կողմից տարածված հաղորդագրությունն այսպես է պարզաբանում միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելում, որ նախագահության կողմից արված հայտարարությունը մամուլում տարածվեց իբրեւ պահանջ` ողջ միության անունից, մինչդեռ այն ընդամենը ակնկալիք էր: Հայտարարությունը գրողական շրջանակներում միանշանակ չընդունվեց, ավելին` ոմանք վրդովվեցին՝ միության նախագահությունը չի կարող արտահայտել յուրաքանչյուր գրողի կարծիքն ու տեսակետը:

Իսկ ՀԳՄ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ցավով պետք է արձանագրենք, որ 2020 թվականը փակում ենք մեր ժողովրդի ու Հայրենիքի համար չափազանց տագնապալի իրավիճակում։ ....մենք, սակայն, գտնում ենք, որ դեռեւս ամեն բան կորած չէ, դեռ կան իրավական, դիվանագիտական լծակներ, միջազգային ձեւաչափեր ու հարթակներ, որոնցում կարելի է եւ պե՛տք է լրջագույն, փորձառու մասնագիտական ուժերի ու ռեսուրսների ներգրավմամբ պայքարել՝ հայանպաստ լուծումներ գտնելու եւ որոշումներ կայացնելու համար։ Բայց դա այլեւս չի կարող անել ներկա իշխանությունը։ Ահա թե ինչու համազգային շահերից, մեր ժողովրդի ապագայի տեսլականից բխող նպատակների իրագործման համար ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի եւ կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձեւավորումը»։

Է. Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նախ զարմանք հայտնեց, ապա նաեւ հավելեց.

«Նախագահության նիստ է եղել, դա էլ նիստի հայտարարությունն է, եւ հայտարարության տեքստի տակ էլ գրված է՝ ՀԳՄ նախագահություն: Ցանկացած գրող կարող է եւ ազատ է իր կարծիքն ու տեսակետը բարձրաձայնել, թեպետ նախագահությունը կարող է ընդհանուր գրողների անունից էլ որոշում կայացնել, սակայն դա միայն նախագահության հայտարարությունն էր: Այնպես որ, եթե ամեն գրող բան ունի ասելու, ինքն իր կարծիքը հայտնում է՝ անկախ նրանից, թե Գրողների միությունն ինչ կասի»:

ՀԳՄ նախագահը վստահ է` բոլոր նրանք, ովքեր խոսում են ու վրդովվում, հայտարարությունը չեն կարդացել եւ մամուլում տեղ գտած վերնագրերից են դատողություններ անում, «թե բա՝ մեզ չեն ասել..., բայց մենք 500 հոգու նախագահության նիստի հո՞ չէինք հրավիրի: Նախագահությունն ունի իր կազմը, եւ ըստ այդմ իրավունք ունեն հավաքվեն, իրենց կարծիքն ասեն, բա ինչո՞ւ են ընտրվել նախագահություն»։ Նա նկատում է, որ գրողներից շատերը զանգահարել են նաեւ միություն, որոնց բացատրել են կարգը ու թե ում անունից է արվել հայտարարությունը։ «Տեքստի հրապարակումից հետո շատերն էլ զանգահարում կամ գրում էին, որ իրենք էլ են միանում այդ հայտարարությանը, դա էլ կա»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Այդուհանդերձ, ՀԳՄ նախագահությունը պահանջո՞ւմ է, թե՞ միայն ակնկալում է կառավարության եւ վարչապետի հրաժարականը։ «Մենք ակնկալում ենք, տեքստում ամեն ինչ գրված է... մենք ակնկալում ենք, որ լինի փոփոխություն, այսինքն՝ կան ակնկալիքներ, բայց մենք չենք հրամայում, որ սենց լինի»։ Իսկ ինչո՞ւ են միայն ակնկալում եւ ո՛չ պահանջում։ «Նախագահության անդամները որոշել են այդ ձեւով, եւ, ուրեմն, հայտարարության տեքստի ոգով պետք է արտահայտվել, հիմա այդ մարդիկ այդպես են որոշել, նստենք իրենց որոշումները ձեւափոխե՞նք»: ՀԳՄ նախագահությունն ունի 25 անդամ, թե ովքեր են ընդգրկված, միության նախագահը նախընտրեց անուններ չտալ, որ հետո էլ այս թեման խոսք ու զրույց չդառնա, թե ինչու մեկի անունը տվել է, մյուսինը` ոչ:

Միլիտոնյանն ընդգծում է` գլխավորն այլ է. գալ համաձայնության մեր երկրում. «Մենք կոնկրետ անուն չենք տալիս, ասում ենք՝ պետք է գալ համաձայնության, լինի դա ներխորհրդարանական, թե արտախորհրդարանական ձեւաչափով, լինեն դա կուսակցություններ, թե ուղղակի պրոֆեսիոնալ մարդիկ: ԱԺ-ն այսօր, որպես գործող հաստատություն, պետք է անի նման գործառույթ: Կարծիքներ են շրջանառվում, որ թող սփյուռքից էլ հրավիրվեն մարդիկ․ ինչո՞ւ ոչ, դա էլ կարող է լինել, 2-3 արդյունավետ գործող մարդիկ հրավիրեն, համաձայնության գալը նշանակում է նաեւ այդպիսի բան: Հանրապետությունում պետք է հաստատել կայունության մթնոլորտ, ամիսներ շարունակ այս կարճատեւ տատանումների մեջ ապրելով՝ մի օր բոլորս ենք տուժելու: Մենք ակնկալում ենք նաեւ այդպիսի քննարկումներ, մենք գրող ենք եւ չենք կարող ասել` սա հենց այսպես պետք է անեք եւ վերջ․ այդ տոնայնությունը խելամիտ մարդու տոնայնություն չէ»:

Միլիտոնյանը դժվարանում է ասել, թե կառավարության կամ անձամբ վարչապետի հրաժարականն ինչ կտա եւ իրավիճակը որքանով կշտկի. «Կարծում եմ` պետք է լինեն որոշակի փոփոխություններ, որոնք իրենց աուրայով, գործով դրական լիցքեր են տարածում եւ կարող են խթանել որոշակի վիճակներ տարբեր ասպարեզում: Այս ընթացքում կառավարության որոշակի անդամներ էլ փոխվեցին, որովհետեւ գուցե համարել են, որ նրանք լավ չեն աշխատել, ուրեմն թող այդ փոփոխությունը շարունակվի, ի՞նչ կա որ»:

ՀԳ․ Ի դեպ, ՀԳՄ որոշ անդամներ էլ տարակուսած էին որոշ գրողների զարմանքից ու ընդվզումից, նրանցից մեկը զանգահարել էր խմբագրություն եւ ասում էր․ «Զարմանք ու վրդովմունք են հայտնում այնպիսի մարդիկ, որոնց մասին առաջին անգամ լսել եմ երեկ՝ ՀԳՄ հայտարարության կապակցությամբ։ Իբրեւ թե իրենց ինչ-որ մեկը ճանաչում է, եւ իրենք հայտնի հեղինակություններ են, իրենք էլ «վիրավորվել» են, թե ինչու է ՀԳՄ-ն իրենց անունից հայտարարություն արել։ Նախ պետք է «անուն» ունենաս, ապա նոր՝ վրդովվելու իրավունք»։