Մանե Գրիգորյան. Համառ օր

Մանե Գրիգորյան. Համառ օր

***
ահա սեւ սրտի թագավորը, 
նրան կարելի է պաղ, 
երկնագույն թիկունքով 
պառկեցնել 
սեւ սրտի թագուհու վրա

վալետներին ընտրել ըստ գույնի,
բարիդրացիական 
հարաբերություններ հաստատել
տուզերի հետ սեւ ու կարմիր

տրվել ինքնամոռաց
քո սրտի գույն 
զինվորներին ու թագավորներին,
կանանց հետ կչկչալ ու 
փոխանակել նրանց հետ
միանման ծաղիկներ

ձեռքից ձեռք անցնելով 
չնկատել՝
հյուծված ես,
կրել 
ծվեններիդ պռնկից
կախված 
սնկերը՝
ցողուններով տկար

այդ նրանք են՝ 
վերափոխումների սնկերն այդ,
որ, դեռ չբոլորած մեկ օրը,
շրջում են գլխիկներն իրենց՝
զոլավոր օձեր

հայտնվել մութ ու ցուրտ
անկյունում,
մարմնիդ չամոքվող սպիի վրա
զգալ տրոփը լույսի,
մտաբերել պահն 
այն նման խաբկանքի,
երբ, երկար ու մութ 
թունելի միջով անցնելիս,
աչքերիդ առջեւ 
հովհարային 
անջատումների էր ենթարկվում 
ծովը

համառ օր

օրը համառ է եւ տոթ

բոլորը սպասում են՝ 
ուր որ է
անոսկոր,
անմիս,
թաշկինակը, 
թափահարումներից 
ուժասպառ,
կթքի 
փոքրիկ, երկյուղած 
թռչունը

գահին նստած թագավորը` շրջապատված 
պալատականներով, թիկնազորով, ծառաներով,
մանկլավիկներով,
գահին նստած թագուհին` շրջապատված 
պալատականներով, թիկնազորով, ծառաներով,
մանկլավիկներով,
գահին նստած արքայորդիները` շրջապատված 
պալատականներով, թիկնազորով, ծառաներով,
մանկլավիկներով 

բոլորը անթաքույց հետաքրքրությամբ 
սպասում են 
ամենամյա,
հերթական, 
սիրված հրաշքի
թեւաբախյուններին 

մեզ աղավնի է պետք,
աղավնի,
համընդհանուր 
ծափահարությունների
ու ուրախության բարձրացող 
ալիքը 
պահանջում է պալատական 
ծաղրածուից
երկնել
աղավնի

պալատականը քշում է թագավորի քթին 
նստած ճանճին,
թիկնազորը քշում է թագավորի քթին
նստած ճանճին,
ծառան քշում է թագավորի քթին 
նստած ճանճին,
մանկլավիկը քշում է թագավորի քթին 
նստած ճանճին

պատերին ճոճվում են նկարները

- թագավորն ապրած կենա, -
միաձայն ասում են
նրանք, որոնք թագավորի 
պալատականները, թիկնազորը, ծառաներն ու 
մանկլավիկներն են

ականատեսները կարող են վկայել՝
ծաղրածուն, 
կանգնած շատրվանի
կենտրոնում,
զվարթ ջրի շիթերի 
ներքո,
թափահարում է
մետաքսե, 
երկնագույն, 
ոսկեկար
թաշկինակը

նյարդայնացած անհիշելի վատ օրվա 
հիշողության պես համառ
ճանճի ներկայությունից`
թագավոր դժգոհում է.
- քշեք ճանճին,-
խոսքը ուղղելով՝
պալատականներին, թիկնազորին, ծառաներին ու 
մանկլավիկներին

համընդհանուր ուրախության 
այդ տոթ օրվա միջօրեին
բոլորը միահամուռ 
թափահարում են այն,
ինչից աղավնի պիտի երկնի,
ու գաղթի ճանապարհը բռնի
մի սովորական, 
սենյակային,
տաքարյուն,
երիտասարդ ճանճ

պատերին ճոճվում են նկարները 

ականատեսները կարող են վկայել.
ծաղրածուն շարունակում էր
թափահարել
մետաքսե թաշկինակը՝
ջրի պես 
անարգել տարածվող 
մարմինը
վիշապօձի

նկարների կեսգիշերային 
խավարը 
լքում են խրտնած, վիրավոր 
ձիերը

թագավորը ոտքի է կանգնում,
ոտքի են կանգնում 
պալատականները, թիկնազորը, ծառաները,
մանկլավիկները

- մնացեք, ձերդ մեծություն,
չէ՞ որ թագավորը դուք եք, 
հրամայեք գնդակահարել ծաղրածուին,-
հատ առ հատ 
շշնջում են նրա ականջին 
պալատականները, թիկնազորը, ծառաները,
մանկլավիկները

համընդհանուր ուրախության 
այդ համառ ու տոթ միջօրեին,
վիշապօձի սպառնալի մերձեցմանն
ընդառաջ,
սեւ ու նյարդային փաթիլներ հիշեցնող
տասնյակ ճանճեր
պատեցին թագավորի ջղաձիգ 
մարմինը

 

վիշապ

«զգույշ կացեք սուտ մարգարեներից, 
որ ձեզ մոտ կգան ոչխարի հանդերձով, 
իսկ ներքուստ հափշտակող գայլեր են» 
(Մատթեոս 7.15-16)

- հին ու չար սովորության 
համաձայն
պատեհ անպատեհ
ամեն առիթի
զոհաբերվել եմ 
հանուն ոչնչի,-
բառաչեց գառնուկը
եւ մարմինը նրա
տողադարձվեց
անկմանն ընդառաջ

դեռ նոր էր թափվել արյունը՝
սկիզբ առած զոհից մի անմեղ,
երբ թափ առնող ցավի
գալարվող ալիքը 
ափ նետեց 
լեզվակը շիկացած մսի

- մարմնովս եմ զգացել՝
ինչպես է որդերի
շարժուն
բանակը
լափել 
պաշարները 
երկրի 
ընդերքի...

տղան կտրեց խոսքը 
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը նրբազգաց
օձի

եւ հոսում էր դեռ
գետը 
անմեղ շիկնանքի,
երբ խառնարանում
բարու ու չարի,
ժայթքեց մարմինը 
թեւազուրկ թռչնի

- ծագող արեւի 
եւ ճապաղ լուսնի
շողերի ներքո
տեսել եմ,
փոխելով ընթացքը 
սեփական հոսքի, 
որտեղ են թափվում
ջրերն անցյալի...

տղան կտրեց խոսքը 
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը հեռատես
արծվի

եւ հոսում էր դեռ գետը 
փորձության,
երբ մսաճեղքում 
լռեց շչակը երբեմնի
արթնության

խոռոչից լսվեց ձայնը 
մեղրածոր. 
- ես գիտեմ այն, 
ինչը քեզ
թագավոր 
կկարգի.
դու կունենաս 
զորք 
ու ամրոց 
ու ընտրածդ 
կինը 
կլինի 
թագուհի...

տղան կտրեց խոսքը 
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը զգուշավոր 
աղվեսի 

եւ եռում էր դեռ
բողոքը 
արյան
դաշտերում
խոտան
երկատվեց 
ձայնը 
երկյուղած
հեզության.

- ես նա պաս տակըս,-
կմկմաց նապաստակը,-
մոր թովըսս փափուուուկ...

տղան կտրեց խոսքը 
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը երկյուղած
ճագարի

եւ դեռ հնչում էր
խոցված
կարկաչը 
կորուսյալ գառան,
երբ, մացառներում
հրաշեկ արյան, 
թփրտաց
հավքը 
վաղեմի գժտության.

- վկա է վալետը կարմիր,
եւ սրտի վեցերս
ալ արյան գույն կարմիր,
որ մակերեսին բացերես
ջրերի, 
եռանդուն ջանքերով 
սեւ առնետների,
անհետացել է
պատկերը լուսնի...

տղան կտրեց խոսքը 
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը փոքրիկ 
թութակի

եւ դեռ չէր ընկել
պռնկից կախված
ցողը կարկամած,
երբ մսաճեղքից
խրտնած մի աբել՝
ցավից  
պապանձված
խռնչաց անարգել.

- հանքերից
թալանած
խեցիները
շալակն առած՝
փափկամորթերն այդ 
անողնաշարավոր,
հոգեպահուստում 
ոտքերը պահած,
մեկ ոտքով՝ այստեղ,
մյուս ոտքով՝ այնտեղ,
երրորդով՝
այստեղ ու այնտեղ...

անունս ձկնիկ է՝
մկնիկ ջրային,
թե ուզում ես 
ճամփան ծովային՝ 
ծովախութերի,
քեզ ցամաք հանի...

տղան կտրեց խոսքը  
մեկ հատ հատու 
հարվածով կեծակի.
օդ թռավ գլուխը ձկնիկ-մկնիկի

եւ դեռ փթթում էր գետի 
տագնապը,
երբ կեսգիշերին,
մսաթափոնների բեռի տակ 
կքած,
փնչաց
տարեց վիշապը՝
գառան 
վահան գլուխը 
կրծքին 
ամրացրած


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ