Փրայսի «մեսիջը» հասկանալի էր «շահագրգիռներին»

Փրայսի «մեսիջը» հասկանալի էր «շահագրգիռներին»

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին հայտարարել էր, թե հույս ունեն, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը կվերսկսվի, որով հնարավոր կդառնա հասնել տեւական խաղաղության։ Հայտարարությունից հատկապես ուշագրավ է մի հատված։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի՞ հստակ պատկերացում այս հարցում, Փրայսն ասել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող վիճակն է։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլեւ այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առեւտրային եւ մասնավոր երթեւեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի պակասի առաջացման՝ միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաեւ խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները»,- նշել է նա:

Նաեւ ասել է, որ գազի մատակարարման եւ այլ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: «Կոչ ենք անում՝ լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առեւտրային եւ մասնավոր երթեւեկության համար:

Կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, եւ հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցելուն»,- ընդգծել է Փրայսը: Ադրբեջանն արդեն արձագանքել է այս հայտարարությանը։ Ամերիկյան պաշտոնական ներկայացուցչի խոսքում հնչած միտքը, թե «ամերիկյան կողմը շատ լավ է տիրապետում իրավիճակին», չափազանց պերճախոս է։

Սրանով ամերիկյան կողմը հասկացնում է, որ նախ իր աղբյուրների միջոցով, ներառյալ նաեւ՝ հետախուզական, գիտի, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, Բաքվում, Մոսկվայում եւ Երեւանում, ու որեւէ «մուխլյոժ» հնարավոր չէ։ Եվ անդրադառնալով Բաքվից հնչած պատասխանին, կարելի է փաստել, որ ադրբեջանական կողմում լավ են հասկացել ակնարկը, դրա համար էլ փորձել են չքմեղանալ ու հակադարձել Փրայսին։ Ի վերջո հիշենք, որ Արեւմուտքը երբ խոսում է միջանցքի բացման մասին, կոչերը հասցեագրվում են ոչ միայն Բաքվին, այլ նաեւ Մոսկվային։ Ու եթե սա համադրենք Փրայսի մտքի հետ, կարելի կլինի ամբողջական պատկեր ստանալ։ Ի դեպ, ԱՄՆ-ն դեռեւս միայն իրեն հատուկ ոճով ակնարկում եւ «մեսիջներ» է ուղարկում։