Դարձ ի շրջանս

Դարձ ի շրջանս

Մինչ մենք կանխատեսումներ էինք անում, թե Գագիկ Ծառուկյանը երբ «զադնի կդնի»՝ իր նկատմամբ հետապնդումների ո՞ր պահին, գուցե իր սիրելի որդու՝ Նվերի նկատմամբ հետապնդումների ուժգնացմա՞ն ժամանակ։ Կամ էլ «Շանգրի Լա»-ի փակվելու որոշումի՞ց հետո, իսկ գուցե իր կին թիմակիցների անձնական կյանքը ներխուժելու, նրանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելո՞ւ ժամանակ։ Չէ որ բոլորիս հիշողությունից չի ջնջվել 2015 թվականը, երբ ԲՀԿ առաջնորդը մի գիշերվա մեջ զիջեց եւ հեռացավ քաղաքականությունից՝ կուսակցության ղեկը հանձնելով Նաիրա Զոհրաբյանին։ Իսկ նրա կուսակցությունն անմիջապես «հավանություն» տվեց Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը ու հրաժարվեց ընդդիմադիրի դիրքերից։ Սակայն երեկ մեր սպասելիքները չարդարացան․ Գագիկ Ծառուկյանը մի երկարաշունչ հայտարարություն տարածեց «Հրապարակի» միջոցով՝ ավելի «բարդացնելով» իր վիճակը եւ, ըստ էության, հայտարարելով, որ չի նահանջելու, գնալու է մինչեւ վերջ, ինչպեսեւ խոստացել է։

Չգիտեմ, թե այս առճակատումն ինչ է բերելու մեր երկրին եւ մեր հասարակությանը, սակայն մի բան պարզ է, որ ընդդիմությունը, գոնե՝ խորհրդարանական ընդդիմությունը, կամաց հայտնվում է այն կարգավիճակում, որում հայտնվել էր տարիներ առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Խորհրդարանի աշխատանքները բոյկոտում էին, ոչ մի հարցում չէին կարողանում լսելի դարձնել իրենց խոսքը, քարկոծվում եւ հետապնդվում էին յուրաքանչյուր քննադատության համար։ Ձեւով երկրում կար ընդդիմություն, սակայն նրա լծակներն ու ազդեցությունը հանրային կյանքի եւ իշխանությունների գործողությունների վրա գրեթե զրոյի էին հասցված։ Ցանկացած օրենք իշխանությունը կարողանում էր անցկացնել խորհրդարանում, ցանկացած ընտրություն ավարտվում էր նրա հաղթանակով։