Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ անկախության ճանաչման անհրաժեշտության բանաձեւ

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ անկախության ճանաչման անհրաժեշտության բանաձեւ

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ։ Մասնակցում էին քվեարկությանը 306 սենատոր։ Կողմ է քվեարկել 305 սենատոր, դեմ՝ 1 սենատոր։

Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Բանաձեւով երկրի կառավարությանն առաջարկում են

Լայնածավալ հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ,

Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացմանը՝ Մինսկի խմբի հովանու ներքո սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով,  

Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների հետաքննություն իրականացնել,

Անել հնարավոր ամեն ինչ՝ երկարաժամկետ կարգավորման բանակցություններ ապահովելու նպատակով, որը թույլ կտա նաև վերադառնալ 1994 թվականի սահմաններին,

Ապահովել հայ բնակչության անվտանգությունը, տեղահանվածների վերադարձը եւ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությունը։

Սենատորները Կառավարությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղության հասնելու համար:

Նշենք, որ կառավարության կողմից այն պարտադիր կատարման ենթակա չէ: Դեկտեմբերին բանաձևը քվեարկության կդրվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն էլ պարզաբանել է, որ ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ Ֆրանսիային, ոչ Ղարաբաղի բնակչությանը։